Խաղ, որ տապալված է ի սկզբանե

Անցած շաբաթվա ամենացնցող նորությունը, կամ արձանագրումը հնչեց հանրապետական պատգամավոր, մարտի մեկի դեպքերը ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի շուրթերից։ Ըստ մամուլի, նա դժգոհելով ՀՀ ոստիկանությունից, որը հանձնաժողովի հետ լավ չի համագործակցում, ասել է բառացիորեն հետեւյալը. «Այդ 2 րոպեանոց խղճուկ տեսագրությունից բացի, ոչինչ չունեն։ Նման պատասխաններով, կարծում եմ հանձնաժողովը երբեք չի կարող իր առջեւ դրված խնդիրները կատարել։ Սա մեզ չի բավարարում։ Սա իմ տեսակետն է»։ Հենց այստեղից էլ սկսվում է ամենահետաքրքիրը։ Պետական մի կառույցի ներկայացուցիչը մեղադրում է պետական այլ կառույցի։ Մի բան որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի «ձեւած» Հայաստանում առանձնապես ընդունված չէ։ Թեեւ դա շատ բնական կլիներ։ Ճիշտ կլիներ, որ պետությունն իր այս կամ այն կառույցի անունից ասեր, թե այս կամ այն թերացման համար ով է մեղավոր։ Բայց չի ասում։ Իսկ երբ պետական պաշտոնյան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նման բան արեց՝ դարձավ ամենաանհաջող կադր։
Ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի «ձեւած» Հայաստանում իրեն ինչպես ձուկը ջրում զգացող, իր բարեկեցությամբ եւ դիրքով հանրապետականին պարտական, Սամվել Նիկոյանը դուրս է եկել համակարգի դեմ։ Իրականում սա ընդամենը խաղ է։ Ընդ որում խաղը կարող է երկու նպատակ ունենալ։

Առաջին։ Սամվել Նիկոյանը երեխա չէ, նա շատ բան է տեսնում եւ հասկանում։ Մասնավորաբար նա տեսել է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի «ձեւած» Հայաստանում ընդունված է «յուրայինին» քցելը։ Այս պահին Սամվել Նիկոյանը վստահելի յուրային է, բայց նախկին «յուրայինների» դառը փորձը նկատի ունենալով, ապահովագրում է իրեն։ Վաղը, մյուս օրը, եթե նա էլ ի ցավ իրեն դառնա նախկին, իրեն էլ քցեն, արդարանալու տեղ կունենա. «ես փորձում էի բացահայտել ճշմարտությունը՝ ոստիկանությունը խոչընդոտեց»։

Երկրորդ։ Սամվել Նիկոյանը հայտարարությունը նպաստում է մարտի մեկի դեպքերի իրական պատճառները կոծկելուն։ Իրականում նա շատ լավ էլ գիտի, որ ոստիկանությունը ոչ մի նոր բան չի ասելու։ Ոստիկանությունում էլ գիտեն, որ Սամվել Նիկոյանը իրենց մի թեթեւ «քնգելու է»։ Երկուսն էլ գիտեն, որ խաղ են խաղում։ Վերջում ոստիկանությունը կասի մենք մեր ունեցած ողջ տեղեկությունները տվել ենք հանձնաժողովին, հանձնաժողովը կասի, չեն տվել, լրագրողները այս ամենը կարձանագրեն, հերթական անգամ կփաստենք, որ Հայաստանի կառավարման համակարգում աջ ձեռքը չգիտի թե ինչ է անում ձախը, գլուխը անտեղյակ է ձեռքերի գործունեությունից ընդհանրապես։ Մի քիչ աղմուկ կբարձրանա եւ վերջ։ Լավ է մտածված։ Հայաստանի կառավարման համակարգում շատ լավ գիտեն, որ կոլեկտիվ պատասխանատվությունը բերում է անպատասխանատվության։ Նաեւ այս պատճառով է, որ մի ոլորտում կառավարման մի քանի մարմին են ստեղծում։

Բայց մի բան կա, որ այս սցենարի մեջ չի տեղավորվում։ Սա գիտեն նաեւ Հայաստանի կառավարման համակարգում։ Ուղղակի չնկատելու են տալիս, ձեւ են անում, հույս ունեն, թե կանցնի։ Նրանք էլ, բոլորն էլ գիտեն, որ հասարակությունը առաջվանը չէ՝ պահանջատեր է, իր իրավունքների համար կռիվ տվող է, իրեն ստորացնելու փորձերին լուռումունջ նայող չէ։
Եթե Սամվել Նիկոյանը ազնիվ մղումներ ունենար, ապա Ազգային ժողովին ոչինչ չէր խանգարում ընթացք տալ դրանց։ Թեկուզ ՀՀ նախագահին եւ վարչապետին Աժ հրավիրելու եւ բացատրություն պահանջելու ձեւով։ Կամ ներկայացուցչական մարմին Աժ–ի լայն լիազորություններից մեկը կիրառելով։ Նախադեպ կա չէ՞։ Հոկտեմբերի 27-ից հետո Աժ–ն հետեւողական լսում էր գործը քննող խմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանին։ Մի պահից՝ դադարեց։ Դա այն պահն էր, եր Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սկսեցին սեփական ճաշակով «ձեւել» Հայաստանը։

Այնպես որ, Հայաստանի կառավարման համակարգը որ սցենարով էլ խաղա, միեւնույնն է, չի հաջողելու։ Կամ կասեն թե ինչ է եղել մարտի մեկին, կամ ոչ հեռու ապագայում մի օր պատասխանատվության կկանչվեն մարտի մեկի վերաբերյալ կենսական նշանակություն ունեցող տեղեկությունները պարտակելու համար։ Երրորդ ճանապարհ չկա։