NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայացք Ստամբուլ այցից հետո
Բրիտանական դեսպանատան աջակցությամբ «Հակամարտությունների հաղթահարում. հայ–թուրքական
հարաբերություններ» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
հասարակական կազմակերպության մասնակցությամբ, սեպտեմբերի 25-հոկտեմբեր 1
ժամանակահատվածում Երեւանում էին Թուրքիայի երեք տարբեր համալսարանների յոթ ուսանող
երկու դասախոս։ Իսկ հոկտեմբերի 20-26–ը Ստամբուլում էին միջազգային
հարաբերություններ մասնագիտացումը ստացող հինգ հայ ուսանողներ։ Եվ Երեւանում եւ
Ստամբուլում հայ եւ թուրք ուսանողները հանդիպել են կուսակցությունների ղեկավարների,
տարբեր բուհերում սովորող ուսանողների, ուսանողական կազմակերպությունների։
Ստամբուլ այցելած Դիանա Խաչատուրյանը, Դանիել Խաչատրյանը, Մոնիկա Հովհաննիսյանը,
Լեւոն Բաբամյանը, Անի Ղարիբյանը ներկայացնելով այցի արդյունքները պատմեցին, որ
Թուրքիայում հայերի նկատմամբ միանշանակ վերաբերմունք չկա։ Ծրագրի շրջանակներում
մերոնց հետ շփված ուսանողները եւ դասախոսները պատրաստ են համագործակցության,
հասկանում են դրա կարեւորությունը։ Իսկ ահա Ադանան համարվում է թուրք
ազգայնականների կենտրոն եւ ծագումով Ադանայից թուրքերը ընդհանրապես դեմ են հայերի
հետ որեւէ շփման։ Ադանայում կա ընդունված արտահայտություն. չարաճճի աղջկան ասում են
«հայի աղջիկ»։ Հայերի նկատմամբ նույն ոչ միանշանակ վերաբերմունքն է թուրքական
բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ֆատիհ համալսարանը տարբերվում է
մյուսներից՝ էական եւ տեսանելի է հոգեւոր դասի ազդեցությունը, համալսարանում կան
մզկիթ, աղոթատեղիներ, համալսարանը համարվում է պահպանողական, սերտ կապեր ունի
կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ։ Այստեղ գործող
ուսանողական քաղաքական ակումբերը պատրաստ են հանդիպել–համագործակցել։ Նույն
պատրաստակամությունը կար նաեւ Բիլգի համալսարանի ակումբերի ուսանողների շրջանում։
Ֆատիհում թուրքերը հանդիպել են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների
հետ եւ նրանից հավաստիացում ստացել, որ դեմոկրատ Բարաք Օբաման երբեք չի ճանաչի
հայերի ցեղասպանությունը՝ չի զոհաբերի թուրք–ամերիկյան դարավոր հարաբերությունները։
Բիլգի համալսարանում մտավախություն ունեն, որ Բարաք Օբաման կկատարի իր խոստումը եւ
կճանաչի հայերի ցեղասպանությունը։ Բիլգի համալսարանում ուսանողների կազմակերպած
կլոր սեղանի ժամանակ խոսվել է հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման մասին եւ
թուրք ուսանողների կարծիքները բաժանվել են. մի մասը պնդում է, որ 20-րդ դարասկզբին
ոչ մի բան էլ չի եղել, մյուսները կարծում են, որ եղել է ողբերգություն, որը
ցեղասպանություն որակել չի կարելի։ Թուրքիայում պատկերավոր ասած, վախենում են
հայկական սփյուռքից՝ հատկապես Եվրոպայի տարբեր երկրներում՝ Ֆրանսիա, Բելգիա, ապրող,
որովհետեւ կարծում են, որ հենց այս հատվածն է խափանում Թուրքիայի մուտքը
Եվրամիություն։
Ի դեպ, մեր ուսանողների հանդիպումներին ներկա է եղել «Սաբահ» թերթի թղթակիցը,
զրուցել Հայաստանից եկած հյուրերի հետ, իսկ իր հոդվածում հայ ուսանողներին վերագրել
մտքեր, արտահայտություններ, որ ուսանողները չեն արել։
Քաղաքական կուսակցությունների երիտթեւերի հետ հանդիպումների ժամանակ թուրքերը
հայերին առաջարկել են դադարեցնել ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված
նախաձեռնությունները եւ սկսել սպիտակ էջից։ Իսկ մի զրուցակից նկատել է, որ
հայ–թուրքական համագործակցության լավագույն օրինակ է Հայաստան–Թուրքիա խաղից առաջ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանի վրայից Մասիս սարի պատկերը հանելը։
Փաստորեն թուրքական կողմը հաստատում է տեղեկությունները, թե Հայաստան–Թուրքիա խաղից
առաջ Թուրքիայի առաջարկ–պահանջով է հանվել Մասիս սարի նկարը։ Թուրքերը ցավով են
ընդունել, որ ՀՖՖ զինանշանի վրա կրկին Մասիս է պատկերվում։
