NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդու իրավունքներին նվիրված երկօրյա սեմինար
Բաց հասարակության ինստիտուտի նախաձեռնությամբ մարտի 19-ին Երեւանում մեկնարկեց
«Մարդու իրավունքները Հայաստանում» երկօրյա սեմինարը, որին մասնակցում էին ինչպես
տեղական իրավապաշտպան, ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանը, այդպես էլ` միջազգային տարբեր կազմակերպությունների
ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի երկու օրերի ընթացքում հնչեց մոտ երկու տասնյակ ելույթ, սկսած
խոշտանգման դեպքերի քննության ու վերահսկման մեխանիզմներին ու փակ
հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանությունից մինչեւ դատաիրավական
բարեփոխումներ, ԶԼՄ-ների վիճակ, ԵԽԽՎ 1609, 1620, 1643 բանաձեւերի կատարում, կրոնի
եւ խղճի ազատություն: Բոլոր ելույթների առանցքում էլ մարդու իրավունքների
պաշտպանության հարցն էր:
Կոնֆերանսն անշուշտ օգտակար էր, սակայն եղան անցանկալի պահեր: Պետական այս կամ այն
կառույցի ներկայացուցիչը իր տեսակետը ներկայացնելուց հետո հեռանում էր` չլսելով
ՀԿ-ների կամ միջազգային կառույցների տեսակետերը: Իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի
ազգային հանձնաժողովն ընդհանրապես չէր արձագանքել կոնֆերսանի կազմակերպիչների
հրավերին: ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի խորհրդական Աննա
Կարլսռայթերը պետական կառույցների այս վերաբերմունքը նկատի ունենալով հայտարարեց` «Մենք
մերոնցով ենք մնացել, իշխանությունները չկան: Ցավում եմ, որ իշխանությունները չեն
լսում, թե ինչ խնդիրներ են ներկայացվում»: Այս բանախոսը թերեւս հենց
իշխանությունների համար հայտարարեց, որ եվրոպական կառույցների առջեւ Հայաստանի
ստանձնած պարտավորությունները ստիպողաբար չեն ընդունվում: Ցանկացած երկիր ինքն է
կամավոր ընդունում այդ պարտավորությունները, սակայն կամավոր ընդունված
պարտավորությունները քաղաքական առումով պարտադիր են կատարման համար: Իսկ Հայաստանը
չի կատարել իր շատ պարտավորություններ, որոնցից մեկն էլ հեռարձակվող
լրատվամիջոցների համար հավասար պայմաններ ապահովելն է: Ըստ Աննա Կարլսռայթերի, այս
հարցում դրական տեղաշարժ չկա, իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում
2006 թվականին արված փոփոխությունները հակասում էին մեր ստանձնած
պարտավորությունների տրամաբանությանը: ԵԱՀԿ ներկայացուցիչը արձանագրելով, որ
Հայաստանում ավելի ու ավելի հաճախ են լրագրողների նկատմամբ բռնություններ լինում,
նկատեց. «Բազմակարծությունը լրագրողի աշխատանքի անվտանգության երաշխիքն է,
բազմակարծությունը կառավարության թափանցիկ աշխատանքի երաշխիքն է: Իսկ Հայաստանում
ամենամտահոգիչ հարցը հեռարձակվող լրատվամիջոցներում բազմակարծության պակասն է»:
Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ մտահոգություններ հրապարակեցին
կոնֆերանսի բոլոր բանախոսները:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
հայտարարեց, որ բռնություններից ապահովագրված չէ ՀՀ ոչ մի քաղաքացի, որ
բռնությունների եւ խոշտանգումների դեպքերի մեծ մասը ոստիկանությունում է
արձանագրվում, իսկ դատախազությունը կամ հատուկ քննչական ծառայությունը պարզում են,
որ լուրջ խախտումներ չեն եղել եւ որեւէ ոստիկան մեղավոր չէ: «Մեր բոլոր ահազանգերը
քննչական մարմինների կողմից համապատասխան ուշադրության չեն արժանանում: Առկա փոքր
ձեռքբերումները կասկածի տակ են եւ արդեն հետընթաց ենք ապրում», հայտարարեց Արթուր
Սաքունցը:
Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչը խոսեց հիմնականում մարտյան
իրադարձությունների մասին եւ դեպքերի ականատեսների հետ զրույցներից մանրամասներ
ներկայացրեց ու մի քանի անգամ ընդգծեց, որ ոստիկանններն անհամարժեք ուժ են կիրառել,
որ ուժ են կիրառել անգամ իրենց չդիմադրող մարդկանց, գետնին ընկած մարդկանց նկատմամբ,
որ հարազատները չեն իմացել որտեղ է իրենց ընտանիքի անդամը, որ անգամ փաստաբաններն
իրենց պաշտպանյալին հանդիպելու հարցում դժվարություններ են ունեցել, որ նույնիսկ
կալանավորների նկատմամբ են բռնություններ լինում: Կազմակերպությունը խոսել է 38
կալանավորի հետ, նրանցից 26-ը ասել են, որ բռնության են ենթարկվել: Բանախոսը ասաց,
որ մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարարները չեն սկսել բախումը,
ոստիկանության առաջին գործողություններին նրանք չեն պատասխանել: Նկատելով, որ
մարտյան դեպքերի բացահայտումը Հայաստանի հեղինակության հարցն է, բանախոսը
միաժամանակ հայտարարեց, որ քիչ հավանական է, որ դատարանը որեւէ ոստիկանի մեղավոր
ճանաչի, բայց «եթե ոստիկանությունը պատասխանատվության չենթարկվի, չենք կարող
բացառել նման դեպքերը»:
Երկու օր տեւած կոնֆերանսի առաջին նիստին մասնակցած իրավապահները հայտարարում էին,
թե կարիք չկա դեկլարատիվ հայտարարություններ անել: Իսկ, երբ Արթուր Սաքունցը
կոնկրետ գործերով մարդու իրավունքների խախտումներ մատնանշեց, ՀՀ վճռաբեկ դատարանի
նախագահ Արման Մկրտումյանը առաջարկեց կոնկրետ գործերով հարցեր չտալ եւ բավարարվեց
շատ կարճ խոսքով: Ըստ նրա, Հայաստանում դատաիրավական բարեփոխումների նպատակն է պարզ,
թափանցիկ, մատչելի արդարադատություն ապահովելը եւ դրան խոչընդոտող խնդիրների
վերացումը:
Օրենքների մասին խոսեց նաեւ փաստաբան Հրայր Ղուկասյանը: Ըստ նրա, դատաիրավական
բարեփոխումների անվան տակ օրենքները դարձան շատ ավելի ռեպրեսիվ եւ անձի
իրավունքների տոտալ սահմանափակումներ եղան: ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի փորձագետ
Դավիթ Հակոբյանն էլ ասաց, որ ՀՀ օրենսդրությամբ խոշտանգման սահմանումը էապես
տարբերվում է ՄԱԿ–ի սահմանումից, խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններին
ընթացք չեն տրվում, եւ իրավապահներն այս հարցում առաջնորդվում են զրպարտության
կանխավարկածով: Դավիթ Հակոբյանն ասաց նաեւ, որ դատարանը պետք է մեծ ուշադրություն
դարձնի այն հարցին, թե իրավապահներն ինչ ընթացք են տվել խոշտանգման մասին
հայտարարությանը:
Հանրահավաքների ազատության մասին խոսեց նաեւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ
Ֆինոլա Ֆլանագանը։ Նրա կարծիքով, հանրահավաքներն ուժով դադարեցնելը ամենածայրահեղ
միջոցն է, եւ հարցը դրան պետք է հասնի շատ հազվադեպ։ Սույն բանախոսը հայտարարեց, որ
մեկ այլ միջոցառման անցկացումը կամ ոստիկանության պարզ հայտարարությունը, թե
բռնություններ են լինելու, չեն կարող հանրահավաքը արգելելու հիմք լինել։
Հանրահավաքները արգելելու հիմք չեն նաեւ մտավախությունները, թե փողոցային
երթեւեկությունը կխաթարվի։ Նման հարցերը պետք է կարգավորեն պատկան կառույցները։ «Փողոցը
հանրային տարածք է եւ նաեւ ցույցերի եւ երթերի համար է։ Մարդիկ պետք է
հնարավորություն ունենան փողոցում միմյանց տեղեկություններ հաղորդել։ Պետությունը
պետք է երաշխավորի հանրահավաքների անցկացման իրավունքը։ Հայաստանում օրենքի եւ
օրենքի կիրառման միջեւ տարբերություններ կան», – հայտարարեց դոկտոր Ֆինոլա
Ֆլանագանը։
Իսկ որպես ամփոփում՝ փաստաբան Հրայր Ղուկասյանը հայտարարեց, որ եթե երկրում
դատաիրավական բարեփոխումները դարձել են պերմանենտ երեւույթ՝ առաջընթացի մասին
խոսելն անիմաստ է։
