NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ինը տարին բավարար չէ՞ բացահայտման համար
Քնարիկ Իսոյան
Սեւազգեստ Անահիտ Մկրտչյանը, խաղաղ պայմաններում Վայքի զորամասերից մեկում մահացած որդու լուսանկարը ձեռքին, ամեն հինգշաբթի Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա է անում: Նրա պահանջը մեկն է' բացահայտել որդու սպանությունը եւ պատժել մարդասպանին:
Անահիտ Մկրտչյանի որդին' 22-ամյա Արայիկ Ավետիսյանը, բանակ է զորակոչվել Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո: Ծառայության ընթացքում ընդամենը մեկ անգամ արձակուրդ եկած որդու համար այդ հանգիստը ճակատագրական է դարձել: Ծնողները նրան վերջին անգամ են ողջ տեսել:
2001 թ. հոկտեմբերի վերջին արձակուրդից զորամաս վերադարձած Արայիկ Ավետիսյանը մի քանի օր հետո սպանվել է: Մոր համոզմամբ' զորամասի հրամանատար Մհեր Ստեփանյանի ատրճանակի կրակոցից:
2001 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկության գիտահետազոտական կենտրոնը, դատաբժշկական փորձաքննության ենթարկելով Արայիկ Ավետիսյանի դին, հանգել էր այն եզրակացության, որ «Ավետիսյանի մահը վրա է հասել գանգուղեղի կարեւոր կենսական ֆունկցիաների սուր խանգարումից, գանգուղեղային հրազենային, գնդակային միջանցիկ վնասվածք ստանալու հետեւանքով»: Նույն փորձաքննությամբ նաեւ փաստվել է, որ նրա վրա եղել է արյունահավաք' ճակատի աջ թմբկության շրջանում, սալջարդ վերք' ձախ կողմոսկրային շրջանի հետին հատվածում. «Արյունահավաքը եւ սալջարդ վարքը պատճառված են կենդանության օրոք' բութ, կոշտ սահմանափակ մակերես ունեցող գործիքի կամ առարկայի անմիջական ներգործության հետեւանքով, իսկ հրազենային վնասվածքը պատճառվել է գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցից»:
Մայրը վստահ է, որ որդուն կյանքից զրկողը գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանն է: Ըստ զոհվածի մոր' հրամանատարը արձակուրդ ուղարկելու համար իր որդուց 100 դոլար գումար է պահանջել, ինչպես ընդունված է իրենց գումարտակում: Արայիկը վճարել է ընդամենը 15 000 դրամը' տնեցիների ձեռքը փող չլինելու պատճառով: Մհեր Ստեփանյանը, Անահիտ Մկրտչյանի պնդմամբ, ըմբռնումով չի մոտեցել զինվորի ծնողների սոցիալական վիճակին' իր աշխատասենյակում ծնկի է իջեցրել ժամկետային զինծառայողին եւ ատրճանակով կրակել գլխին:
2003 թ. գործը մտել է Վայոց Ձոր մարզի առաջին ատյանի դատարան, եւ նախաքննության ներկայացրած վարկածում Մհեր Ստեփանյանի մեղավորության վերաբերյալ որեւէ խոսք չի եղել: Քննվող գործում նշվել է. «3-րդ գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Սամվել Հովսեփյանը, որպես գումարտակի սպաների հաշվեցուցակային զենքերի ստացման, հաշվառման, պահպանման եւ հանձնման պատասխանատու, 2001 թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 19-ի սահմաններում, զորամասի զինանոցից ստացել է գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանի ՊՄ տեսակի ատրճանակը, դրել է զորանոցի 4-րդ հարկում գտնվող աշխատասենյակի պահարանում: Այնուհետեւ այն Ստեփանյանին հանձնելու փոխարեն, ժամը 20:30-ի սահմաններում աշխատասենյակում փամփուշտներով լիցքավորված ատրճանակը տվել է ժամկետային զինծառայող Սարգիս Մխեյանին եւ կարգադրել' հրամանատարը գալու դեպքում ատրճանակը հանձնել նրան: Վերջինս անփութորեն պահել է ատրճանակը, տարել է հարեւանությամբ գտնվող գումարտակի շտաբի պետի աշխատասենյակ, դրել սեղանին ու դուրս եկել: Սենյակում են եղել վաշտի ավագներ Կարեն Գրիգորյանը, Արայիկ Ավետիսյանը, սերժանտ Արտյոմ Խաչատրյանը եւ Կարեն Սարգսյանը: Առաջինը վերցրել է Ավետիսյանը, այնուհետեւ Կարեն Սարգսյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, սեղանից վերցրել է ատրճանակը, լիցքավորել այն եւ կրակել Արայիկին»:
2003 թ. դեկտեմբերին Վայոց Ձոր մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ' Արայիկ Ավետիսյանին անզգույշ սպանելու համար 6 տարվա ազատազրկման է դատապարտվել նույն զորամասի ժամկետային զինծառայող Կարեն Սարգսյանը:
Ինչպես գործի նախաքննությունը, այնպես էլ դատավարությունը զոհվածի ծնողների համար համոզիչ չէին: Դատարանի որոշումը նրանք բողոքարկեցին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան, որը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը, եւ գործը վերադարձրեց լրացուցիչ նախաքննության: Այսինքն' Կարեն Սարգսյանն անմեղ ճանաչվեց:
Արայիկ Ավետիսյանի մահվանից անցել է 9 տարի, եւ այժմ որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում նրա մահվան համար: Լրացուցիչ քննությունից հետո գործն այդպես էլ դատարան չհասավ' կասեցվեց:
«Վճռաբեկ դիմելու հնարավորություն չտվեցին»,- դժգոհեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Մկրտչյանը: Նա հիմնավորում է, որ դատավարություններն անցել են բազմաթիվ թերություններով: Որպես իրեղեն ապացույց հաշվի չեն առնվել անգամ մահացած զինվորի ծնողներին եւ ընկերներին ծառայության շրջանում ուղարկված նամակները: Մայրը պատմում է, որ երբ որդին եկել է արձակուրդ, դժգոհել է հրամանատարից եւ նրան «վիժվածք» անվանել: Ծնողներին գրած նամակներում Արայիկ Ավետիսյանը բառացի ասում է. «Ստեղ ես էլ չեմ դիմանում' մեղմ ասած»: Նամակներից մեկում էլ ասում է. «Բանակի խոսքով ասած' դա ծառայությունը իմ վրա թթվացնում է, եւ ես չեմ պատկերացնում այդ երկար ու ձիգ ուղիղ 1 տարին ոնց է անցնելու»:
Անահիտ Մկրտչյանը վրդովված է, որ դատարանը բավարար հիմք չընդունեց նաեւ որդու հետ սպանության պահին նույն սենյակում գտնված զինծառայող, ականատես վկայի' նախաքննության մարմնին տված ցուցմունքը, թե սպանողը հրամանատարն է եղել. «Վկան դատարանում վախեցավ պնդել իր ցուցմունքը: Դրանից հետո նա կորավ, հանրապետությունից հեռացավ, եւ նրան չգտնելու պատճառով ամեն ինչ օդում մնաց: Բողոքել եմ ամեն տեղ: Բոլորը գիտեն, որ իրավացի եմ, բայց ոչինչ չի արվում, ամեն մեկը մյուսի վրա է գցում: Ինձ ամենաշատը մտահոգում է այն, որ գործը հենց սկզբից բազմաթիվ հակասություններով ընթացավ: Հարցաքննության, փորձաքննության հակասությունները վերացնելու փոխարեն ավելի խորացրին»:
Անահիտ Մկրտչյանը պատրաստվում է պայքարել «մինչեւ մարդասպան հրամանատարին» անազատության մեջ տեսնելը. «Սպանություն կատարող անձը բացահայտ է, քրեական գործը չեն կարողացել այնպես սարքել, որ դա չերեւա: Ունենան տղամարդկություն, տղայիս արյան հաշվին հրամանատարին լավություն չանեն»:
Արայիկ Ավետիսյանի գործով փաստաբան Սիրանույշ Սահակյանը պատրաստվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել' բողոքելով, որ մահվան դեպքի վերաբերյալ արդյունավետ քննություն չի իրականացվել:
«Կյանքի իրավունքի մի քանի ասպեկտներն են ոտնահարվել: Բանակում ծառայողը գտնվում է պետության հսկողության տակ: Առողջ վիճում Արայիկ Ավետիսյանը զորակոչվել է բանակ, եւ դիակն է հետ բերվում, երբ ամբողջովին գտնվում է պետական հսկողության տակ, եւ նրա համար պետությունն է առաջնային պատասխանատուն: Երկրորդ ասպեկտը, որ կփորձենք առկա ապացույցներով ապացուցել, որ սպանությունը իրականացրել է պետության պաշտոնատար անձը»,- ասաց Սիրանույշ Սահակյանը: Ըստ փաստաբանի' հիմնական թերությունները քննության հետ են կապված, որի առաջնային պատասխանատվություն կրողը դատախազությունն է' վկաների թերի հարցաքննություն, իրավական գնահատական չտալ եւ այլն:
«Ինը տարվա ընթացքում ինը քառակուսի մետր տարածքում չորս ականատես վկայի ներկայությամբ տեղի է ունեցել կյանքի զրկում եւ մինչեւ հիմա չի բացահայտվել: Այնպիսի հանգամանքներ ունեցող գործ է, որ հնարավոր չէր չբացահայտել, առավել եւս չբացահայտել հանցանքը կատարած անձին»,- ասաց իրավաբանը:
