Արմենին ճնշել են ոստիկանությունում ցուցմունք ստանալու համար

«Ինձ ոստիկանությունում հոգեբանորեն ճնշում էին, ասում էին ընտանիքիդ հետ վատ կլինի։ Թամամյան Հովիկը ասում էր քեզ կգցեմ պատուհանից, եթե ցուցմունք չտաս։ Իմ ցուցմունքները չեմ կարդացել, տվել են ստորագրել եմ…»,– իր ցուցմունքներում նշել է Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանին մեղադրել են մի քանի վայրերում պլանավորած հանցագործություններ իրականցնելու և առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով ավազակություն կատարելու մեջ:

2011թ. սեպտեմբերի 20–ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 17–ամյա Արմեն Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 9 տարվա ազատազրկման (ՀՀ քր. օր. 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր, 236 հոդվածի 3-րդ մաս):

Արմենը չի ընդունում իր մեղքը՝ ասելով որ միայն գողություն է արել նշված վայրերից մեկում ու միայնակ: Նա նշել է, որ ոստիկանությունում իրեն խոշտանգումների են ենթարկել ու ինքնախոստովանական ցուցմունք են կորզել նրանից:

«Պաշտպան ու օրինական ներկայացուցիչ չի եղել, երբ ինձանից ցուցմունք էին վերցնում: Ես դիմում չեմ գրել, որ իբր օրինական ներկայացուցիչը չմասնակցի, պաշտպանս մի անգամ է եկել ու շուտ գնացել, իր հետ առանձին չեմ տեսակցել: Փորձարարության ժամանակ իրանք էին ցույց տալիս տեղերը ու ասում էին ցույց տուր, ես էլ ցույց էի տալիս, այդ ժամանակ էլ, ոչ մայրս է եղել և ոչ էլ պաշտպանս…»,- ասել է Մարտիրոսյանն իր ցուցմունքներում:

Նա նույնիսկ ինքնասպանության փորձ է արել՝ ցույց տալու համար, որ ինքն անմեղ է:

Արմենի մայրը՝ Օֆելյա Մարտիրոսյանը, մեզ փոխանցեց, որ Արմենին չեն ենթարկել որևէ դատաբժշկական փորձաքննության այն դեպքում, երբ ինքը որդուն տեսել է ծեծված վիճակում և որ Արմենի երիկամներն արյունահոսել են երկու ամիս շարունակ: Մայրը համոզված է, որ դա առաջին հերթին փաստաբան Գագիկ Ազարյանի մեղքն էր:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը գտել է, որ վերջինս կատարել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում և ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, քանի որ գործի քննության ընթացքում, անտեսելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն անչափահաս է, չի հարգել իր վստահորդի իրավունքները, օրինական շահերը, պատշաճ ձևով պաշտպանություն չի իրականացրել: Բացի այդ ամբողջ նախաքննության ընթացքում երբևէ առանձնատեսակցություն չի ունեցել իր անչափահաս պաշտպանյալի հետ, նրան որևէ խորհրդատվություն չի տրամադրվել, չի մշակել նրա հետ համատեղ պաշտպանական մարտավարություն, մինչև ցուցմունք տալն առանձնազրույց չի ունեցել իր պաշտպանյալի հետ:

Մեղադրանքի հիմքում ինքնախոստովանական ցուցմունքն է

Տուժողների և վկաների ցուցմունքների համաձայն՝ նրանցից ոչ մեկը հստակ չի ճանաչել ամբաստանյալներին, քանի որ նրանք եղել են դիմակներով, և վերջիններիս նկարագրությունները չեն համընկնում ամբաստանյալների արտաքինին և այլ հատկանիշներին:

Դեպքի վայրերում կատարված տեսաձայնագրառման սկավառակները նախաքննական մարմինն ուշադրության չի արժանացրել: Իսկ հետագայում վարույթն իրականացնող մարմնին հանձնված տեսաձայնագրությունների սկավառակը դիտելուց հետո անհետացել է:

Ինչպես www.hra.am–ին հողորդեց Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Ռուզաննա Սիրեկանյանը՝ Արմենի օրինական ներկայացուցչին՝ մորը, չեն թողել, որ մասնակցի քննչական փորձարարությանը ու հետագա բոլոր քննչական գործողություններին: Դատարանը նաև ամբաստանյալին չի տվել վերջին խոսքի իրավունք:

Սիրեկանյանը, համոզված լինելով, որ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, դիմել է Վճռաբեկ դատարան: Օրինակ բերելով Հայաստանի կողմից վավերացված միջազգային օրենքներն ու փաստաթղթերը՝ փաստաբանը նշել է, որ Մարտիրոսյանը անչափահաս է, նրա նկատմամբ պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնվի նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկան զարգացման աստիճանը, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը և այլ գործոններ:

«Ես խնդրել էի, որ Վճռաբեկ դատարանը նշանակեր առավել մեղմ պատիժ՝ համապատասխանեցնելով այն իր կողմից կատարված արարքին, սակայն Վճռաբեկ դատարանը գործն անգամ վարույթ չընդունեց»,- ասում է փաստաբանը:

Արմեն Մարտիրոսյանն արդեն կրել իր պատժից 2 տարի 2 ամիս ժամկետը: Մայրը ոչ հաճախ, բայց երբեմն այցելում է որդուն: Ասում է շատ նյարդային է դարձել, իսկ առողջության մասին այլ տվյալներ չունի, բայց համոզված է, որ ծեծի հետևանքն ապագայում իրեն զգացնել է տալու:

Արմեն Մարտիրոսյանի ծնողներն ուզում են դիմել Եվրոպական դատարան, սակայն գումար չունեն փաստաբանական ծախսերը հոգալու համար: