NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դիտորդական խումբն ընդդեմ Արդարադատության նախարարության

ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության՝ տեղեկատվություն ստանալու իր իրավունքը խախտելու համար:
Ապրիլի 16-ին կայացած առաջին դատական նիստի ժամանակ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը հայցվոր կողմին պարտավորեցրեց ապացուցել, որ պահանջվող տեղեկությունը տրամադրելը ՀՀ արդարադատության նախարարության իրավասության սահմաններում է:
ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ների դիտորդական խմբի նախագահ Իսկանդարյանը 2010-2011թթ. պարբերաբար դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն, որ նրանք պարզաբանեն, թե ինչու են մարդուն պահում ՁՊՎ-ներում՝ առանց օրենքով սահմանված որոշման: Այսինքն, դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց նշանակելուց հետո ձերբակալվածի կարգավիճակը փոխվում է: Նա դառնում է կալանավոր և պետք է անմիջապես տեղափոխվի կալանավայր, սակայն նրան նորից հետ են տանում ոստիկանության ՁՊՎ:
«Նույն մարդուն նոր կարգավիճակով ՁՊՎ ընդունելու համար արդեն նոր հիմք է պետք, որը ոչ մեկը չի տալիս՝ ո՛չ դատավորն է որոշման մեջ գրում, ո՛չ քննիչը, ո՛չ էլ դատախազը, ու անձին տեղափոխում են ՁՊՎ և անօրինական պահում են այնտեղ»,- համոզված է Իսկանդարյանը:
Այս հարցով Իսկանդարյանը 2010-2011թթ գրություններով փորձել է պարզաբանումներ ստանալ ՀՀ արդարադատության նախարարությունից ու միշտ պատասխան չի ստացել: Նախարարությունից նրան ուղղորդել են ՀՀ ոստիկանություն՝ ասելով, որ իրենք իրավասու չեն պատասխանել:
«Ինչո՞ւ դիմեմ ոստիկանություն, երբ ոստիկանությունն է այդ սխալն իրականացնում: Իսկ նախարարությունը մեզ պարտավոր է պարզաբանում տալ»,- համոզված է Իսկանդարյանը:
Նշենք, որ դատավոր Ռուզաննա Հակոբյանն արդեն մեկ անգամ մերժել է հայցը: Վճիռը բողոքարկվել է և ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը գործը նորից հետ է ուղարկել Վարչական դատարան:
Իսկանդարյանը համոզված է, որ դատավոր Հակոբյանը, ի սկզբանե, չի ցանկացել այս գործը քննել և բացասական է տրամադրված:
«Անգամ եթե ինձ մերժի՝ ասելով, որ իմ անմիջական իրավունքը չէ խախտված, ես կգտնեմ մարդկանց, ովքեր անօրինական պահվում են ՁՊՎ-ներում ու նորից կդիմեմ դատարան, քանի որ սա շատ տարածված երևույթ է, և մեկը պետք է պարզաբանում տա, վերջիվերջո»,- www.hra.am –ին ասում է Իսկանդարյանը:
Նա համոզված է, որ խախտվել է իր տեղեկություն ստանալու իրավունքը, քանի որ Արդարադատության նախարարությունն օրենքով սահմանված ժամկետներում իրենց լիարժեք պատասխան չի տվել:
Հաջորդ դատական նիստը կկայանա, երբ դատարանն Իսկանդարյանը կապացուցի, որ ՀՀ արդարադատության նախարարությունն իրավասու է և պարտավոր է պատասխանել իրեն:
Դատավոր Ռ. Հակոբյանը խախտեց Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիան
ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը լրագրողներին թույլ չտվեց ձայնագրել և տեսանկարահանել դռնբաց դատական նիստը՝ խախտելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը: Այն սահմանում է, որ «յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
Կոնվենցիան սահմանում է նաև. «Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների և հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մասի ընթացքում` ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը»:
Դատավորը, արգելելով ձայնագրությունն ու տեսագրությունը, ոչ մի կերպ չհիմնավորեց արգելքի անհրաժեշտությունը՝ ինչպես սահմանված է Կոնվենցիայով: Նա պարզապես ասաց, որ ՀՀ վարչական դատավարության մասին օրենսգիրքը չի սահմանում, որ լրագրողը կարող է ձայանգրություն կատարել դատավարության ժամանակ, ուստի՝ արգելված է:
Դատավոր Ռուզաննա Հակոբյանը մոռացավ մի բան. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան գերակա է ՀՀ ցանկացած օրենսգրքի նկատմամբ: Գերակա է նաև ՀՀ մայր օրենքը՝ Սահմանադրությունը, որի 18-րդ և 42-րդ հոդվածները սահմանում են, որ «յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք», ինչպես նաև՝ «ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները»:
ՀՀ վարչական դատարանի դատավորներն առաջին անգամ չէ, որ սահմանափակում են լրագրողների, ինչպես նաև դիտորդների իրավունքները դատարանում: Դա է արձանագրել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իր 2011թ. ՀՀ վարչական արդարադատության հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցում:
