Անձնագրային դեֆիցիտ. կեղծ անձնագի՞ր են տպում, թե՞ պահանջարկն է մեծացել

ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը պարզաբանում
է, թե ինչո՞ւ է առաջացել անձնագրերի սղություն և խնդիրը երբ կլուծվի:

Մարտին Հայրապետյանն ուզում է
մեկնել Սոչի՝ կնոջ մոտ, ով օրերս պետք է ծննդաբերի, սակայն անձնագրի պատճառով չի կարող
մեկնել: 

Նա դիմել էր Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության իր տարածքի՝ Գավառի
բաժին, որպեսզի նոր անձնագիր ստանա: Տասը օրից ավել է անցել, անձնագիրը չեն տալիս,
մինչդեռ օրենքով պարտավոր էին տրամադրել առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

«Մեկ ասացին մի քանի օրից կտան,
հետո սկսեցին այսօր վաղը ասել»,- պատմում է Մարտին Հայրապետյանը: Գավառի անձնագրային
ծառայության պետը
www.hra.am -ին ասաց, որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի որ հանրապետությունում անձնագրեր
չկան, խնդիրը համատարած է:

Նույն կերպ անձնագիր հրաժարվում
են տրամադրել
Նոր Հաճն քաղաքի բնակիչ Կարեն Ուսուբյանին: Այս խնդրին արդեն անդրադարձել ենք ու այդ տարածքի անձնագրային բաժանմունքի պետը խոստացել էր, որ
անձնագիրը կլինի 5 օրից, սակայն խախտել է իր խոստումը, ինչպես նաև օրենքի պահանջը:

«Ես ի՞նչ կարող եմ անել, մենք անձնագրերն ուղարկել
ենք, կարծում եմ՝ մի քանի օրից հարցը կլուծվի»,-
www.hra.am –ին նորից պարզաբանում է Նոր Հաճնի անձնագրային ծառայության պետ Սարգիս Հակոբյանը:

Անձնագրերի դեֆիցիտը փաստի առջև է կանգնեցրել
այն մարդկանց, ովքեր խնդիր ունեն անձնագրի վավերականության հետ և այն պետք է շտապ փոխեն:
Ոստիկանության անձնագրային բաժիններից ասում են՝ «բլանկ չունենք», մի քիչ սպասեք, սակայն
պարզ չէ, թե որքան պետք է սպասեն:

Անձնագրերի սղության պատճառը՝ ըստ ոստիկանության

ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության
պետ Հովհաննես Քոչարյանը ապրիլի 17-ին լրագրողներին պարզաբանեց, որ հանրապետությունում
իսկապես «անձնագրերի սղություն կա»:

«Դա պայմանավորված է նրանով, որ ոչ թե կեղծ
անձանգրեր են տպում, այլ ուղղակի մեծացել է անձնագրերի պահանջարկը»,- ասաց նա: Իսկ
պահանջարկի աճը, ըստ Քոչարյանի, պայմանավորված է երկու գործոններով:

Մեկն այն է, որ լրացել է 1995-1996թթ. տրամադրված
անձնագրերի վավերականության ժամկետը և հազարավոր քաղաքացիներ ստիպված են փոխել անձնագրերը,
քանի որ այլևս չեն կարող ժամկետները երկարաձգել:

Մյուս պատճառը, ըստ Քոչարյանի, կանխատեսելի
չէր: Դա Շենգենյան համաձայնագրի անդամ պետությունների տարածք մուտք գործելու համար
օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի սահմանափակումներ են:
Ոստիկանության գնդապետի խոսքերով՝ հանրապետությունից դուրս եկող քաղաքացիների մեծ մասը
ստիպված է անձնագիրը փոխել, քանի որ վավերականության ժամկետը 8 տարուց պակաս է:

Հովհաննես Քոչարյանը լրագրողներին հայտնեց,
որ իրենք արդեն դիմել են ՀՀ-ին անձնագրեր մատակարարող ֆրանսիական կազմակերպությանը,
և երեկ երեկոյան անձնագրերի հերթական խմբաքանակը Ֆրանսիայից առաքվել է Հայաստան:

«Արդեն 2-3 օրից անձնագրերի տրամադրման գործընթացը
կընթանա իր բնականոն հունով»,- վստահեցրեց անձնագրերի և վիզաների վարչության պետը:

Նշենք, որ մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի
ընտրություններին ՀՀ քաղաքացիները կարող են մասնակցել նաև վավերականության ժամկետը
լրացած անձնագրերով: Իսկ եթե անձնագիրը ոստիկանության անձնագրային բաժնում է, ապա կարող
են պահանջել անձը հաստատող փաստաթղթին փոխարինող տեղեկանք (9-րդ ձև): Առանց անձը հաստատող
փաստաթղթի քաղաքացին չի կարող օգտվել ընտրելու իր իրավունքից և քվեարկել:

Կարինե Իոնեսյան

Մերի Ալեքսանյան