Բրյուսովցիներն ընդդեմ նախարարի որոշման. մեկ ուսանող բերման ենթարկվեց

Քիչ առաջ ոստիկանության «Կենտրոն» բաժնից ազատ արձակվեց Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական
համալսարանի ուսանող, «Հրապարակ» թերթի աշխատակից Նարեկ Սամսոնյանը: Նրան առանց հիմնավորման բերման էին ենթարկել այսօր ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և բրյուսովցիների հանդիպման ընթացքում:

Ոստիկանությունն առայժմ չի մեկնաբանում իր
գործողությունները:

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական
լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի
լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ կրթության և գիտության նախարարի որոշումն
առաջացրել է ուսանողների, դասախոսական կազմի, ինչպես նաև որոշ իրավապաշտպանների
դժգոհությունը:

Նրանք պնդում են, որ ռեկտորին՝ Սուրեն
Զոլյանին, պաշտոնանկ կարելի է անել միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման
համաձայն, որը այս պարագայում առկա չէ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խորհուրդ է
տալիս լրագրողներին «օրենքների մեկնաբանման խնդիրը չդարձնել լրահոսի խնդիր»: «Դա
իրավական խնդիր է, որը պետք է լուծվի դատարանում»,- www.hra.am
–ին ասել էր նա: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ կարծիք է հայտնել, որ ամեն ինչ
արվել է օրենքի շրջանակներում:

Ինչպե՞ս և ե՞րբ
սկսվեց ռեկտոր-նախարար անհամաձայնությունը

Ապրիլի 10-ն էր, երբ ՀՀ կրթության և
գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր
 06.04.2012թ N 160-Ա հրամանով Երևանի Վ.Բրյուսովի
անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառեց
կարգապահական տույժ՝
 հայտարարվելով  «խիստ
նկատողություն»: Պատճառն այն էր, որ Զոլյանը երեք օրով բացակայել էր ՀՀ-ից փորձագետների
միջազգային նիստի մասնակցելու նպատակով և իր լիազորությունները փոխանցել ռեկտորի տեղակալին:

Ռեկտորը հրապարակային դարձրեց նախարարի հետ իր նամակագրական
կապը, որից պարզ դարձավ, որ հակասությունները սկսել են դեռ մարտ ասմից:

Աշոտյանն, առանց պարզաբանումների, ոչ նպատակահարմար էր
համարել Զոլյանի
մասնակցությունը մարտի 19-23-ը Ստրասբուրգ քաղաքում  կայացած Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների
Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի 41-րդ հերթական նիստին
: Իսկ ռեկտորը ոչ նպատակահարմար էր համարել հետևել Աշոտյանի որոշմանը: Այդ
օրվանից էլ սկսվել են հակասությունները:

ԿԳ նախարարը մի
քանի օր հետո
նախ կարգապահական
տույժի ենթարկեց ռեկտորին, հետո  մեղադրեց
նրան ՀՀ կառավարության որոշումները և
 նորմատիվ
գերատեսչական իրավական ակտերը խախտելու մեջ, իսկ  ապրիլի 17-ի հրամանով հեռացրեց ռեկտորին իր
պաշտոնից:

Ամեն ինչ տեղի
ունեցավ արագ, բայց կանխատեսելի սցենարով


Աշոտյանի առաջին իսկ նկատողությունից հետո սոցիալական
կայքերն ու մամուլը սկսեցին բարձրաձայնել, որ Զոլյանին ուզում են զրկել իր
պաշտոնից:

Հայաստանի
Հելսինկյան կոմիտեի նախագահ,  ի
րավապաշտպան Ավետիք
Իշխանյանը
www.hra.am –ին հաղորդեց, որ Բրյուսովի համալսարանը միշտ հեռու է եղել քաղաքականությունից, բուհում չի եղել
կոռուպցիա: 
«Բուհում
կազմակերպվող ուսումնական գործընթացն իրականանում է ժամանակակից մեթոդներով, իսկ
Աշոտյանի որոշումը, թե որքանով է իրավական, կասկածի տեղիք է տալիս, քանի որ այդպես
էլ պարզ չէ, թե ինքը իրավունք ունի՞ ռեկտորին պաշտոնակ անել, թե՞ խորհուրդն ու ՀՀ
կառավարությունը պիտի անեն դա»,- ասում է իրավապաշտպանը:

Ամենաշատ շրջանառվող վարկածն այն էր, որ Զոլյանը թույլ չի
տալիս, որպեսզի բուհը քաղաքականացվի և դառնա ՀՀԿ կուսակցության նախընտրական քարոզի
հարթակ, և որ սա պարզապես քաղաքական պատվեր է իշխանական օղակների կողմից: Այս
վարկածը հետագայում ժխտեցին ինչպես Զոլյանը, այնպես էլ Աշոտյանը, սակայն
ուսանողները չհավատացին այդ փաստարկներին:

Ցուցարարները
նախարարի որոշման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում

«Ինչու՞ մեր ուսխորհրդի նախագահը մեզ հետ չէ այս բողոքի
ակցիայի ժամանակ, որովհետև ինքը ՀՀԿ կուսակցությունից է... Մենք կարծում ենք, որ
նախարարն իրավունք չուներ մեր ռեկտորին պաշտոնանկ անել: Սա անարդարություն է...»,-
այսպես էին մեկնաբանում ուսանողներն իրենց կողմից կազմակերպված բողոքի երթը դեպի
ԿԳ նախարարություն: Բողոքի ակցիայի ընթացքում նրանք վանկարկում էին՝ «ազատ,
անկախ, Բրյուսով», «արդարություն»:

Ուսանողներին դիմավորեց ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի
և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Նա առաջարկեց մի քանի
ուսանողների բարձրանալ նախարարի մոտ և ներկայացնել իրենց պահանջները: Ուսանողները
չհամաձայնվեցին ՝ բղավելով՝ «Աշոտյան, իջի՛ր...», «Դո՛ւրս արի Ֆեյսբուքից ու արի խոսենք»:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդունեց լրագրողներին

«Ֆեյսբուքն աշխատանք չէ, որ աշխատանքային ժամին այնտեղ
լինես: Ինձ համար այն աշխատանքի հաշվին չէ, ես իմ հիմնական գործառույթին զուգահեռ
հնարավորություն ունեմ նաև մտածել ու հրապարակել միտքս»,- նա այսպես պատասխանեց ուսանողների
մեղադրանքին:

Աշոտյանը ոչ թե իր որոշման, այլ՝ ուսանողների բողոքի
ակցիայի մեջ է քաղաքական ենթատեքստ տեսնում: Նախարարի աղբյուրների համաձայն՝
կազմակերպիչների մեջ կան շահագրգիռ քաղաքական ուժեր, ում անուններն Աշոտյանը
այդպես էլ չտվեց:

«Դուք էլ կարող եք հետաքրքրվել ու իմանալ, թե բուհի որոշ
վարչական աշխատողների կողմից ինչ աշխատանքներ են իրականացվել այս երկու օրերի
ընթացքում ու ինչպես են օգտագործվել վարչական ռեսուրսները»,- հայտնեց
նախարարը:

Աշոտյանը պնդում է, որ առաջնորդվել է
օրենքով իրեն տրված լիազորություններով, իսկ մնացած հարցերի պատասխանը պետք է փնտրել
դատարանում:

Աշոտյան-Զոլյան
վեճը կշարունակվի դատարանում

Սուրեն Զոլյանն արդեն մեկ գործով դիմել է ՀՀ վարչական դատարան ու ասում է,
որ ևս երկու հայցով էլ դիմելու է՝ բողոքարկելու նախարարի որոշումներն ու
հրամանները:

ՀՀ ԿԳ նախարարության ներկայացրած իրավական փաստարկների հետ բուհի նախկին ռեկտորը
համաձայն չէ: Նա պնդում է, որ ՀՀ սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված չէ, որ նախարարը
կարող է ռեկտորին կարգապահական տույժի ենթարկել ռեկտորի գործուղման և գործուղման ընթացքում
ռեկտորի պարտականությունները պրոռեկտորի վրա դնելու համար:

Ընդհակառակը՝ օրենքը սահմանում է, որ
ռեկտորը կարող է իր բացակայության ժամանակ պարտականությունների կատարումը դնել
պրոռեկտորներից մեկի վրա: («Կրթության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մաս, ՀՀ
կառավարության 31.10.2002թ. թիվ 1929-Ն որոշման 38-րդ կետի «Ժ» ենթակետ):

«Ինչ վերաբերում է իմ արտասահման
գործուղումներին, ապա պետք է նշեմ, որ ռեկտորն իրավունք ունի ներկայացնել համալսարանն
օտարերկրյա պետություններում («Կրթության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ
մաս, ԵՊԼՀ կանոնադրության 38-րդ կետի «Բ» ենթակետ)»,- գրել է
ռեկտորը ԿԳ նախարարին ուղղված նամակում:

Վերահսկողական
հանձնաժողովի բացահայտումը և ռեկտորի պարզաբանումները

Նախարարությունը ռեկտորին մեղադրում է
գոյություն
չունեցող մասնագիտություններով ուսանողներին դիպլոմներ տալու մեջ, ինչը
օրինախախտում է: Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ այդ փաստը հայտնաբերվել
և արձանագրվել է ԵՊԼՀ-ում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի կողմից:

Սուրեն Զոլյանը հրաժարվել է այս մեղադրանքներից, որը հաստատել
են նաև ռեկտորի գործընկերներից մի քանիսը: Սակայն 
նախարարությունը
չի փոխել իր որոշումը:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ
օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի ժգ կետի համաձայն՝ «Գործադիր մարմնի պաշտոնում
նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի
լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե մեկ տարվա
ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության»,-
նշված է նախարարության վերջին հայտարարության մեջ:

Զոլյանն էլ պատասխանում է, որ ինքն առաջնորդվել
է նույն օրենքի 15-րդ հոդվածով՝ «Պետական կազմակերպության
գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված
պետական մարմնի, պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինների` օրենսդրությանը
հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող
ենթարկվել պատասխանատվության»:

«Ես արդեն դիմել եմ Վարչական դատարան ու դեռ պատրաստվում եմ
ամենաքիչը երկու բողոքով էլ գնալ դատարան: Դեռ լուր չունեմ դատարանից, սակայն շարունակելու
եմ պաշտոնավարել, քանի որ ստացել եմ ուսանողներիս վստահության ու աջակցության քվեն»,-
www.hra.am –ին փոխանցեց Զոլյանը:

Հիշեցնենք, որ նախարարի մեկ այլ հրամանով բուհը ժամանակավորապես
կղեկավարի  բուհի
պրոռեկտոր
Գաբրիել Բալայանը,
ով հայտարարել է, որ ռեկտորի թիմակից է իրեն համարում ու նրա օրոք բուհում միայն դրական
անցուդարձ է տեսել: Բալայանը նաև ասել է, որ նախարարի որոշումը կատարելու է, սակայն 
իր համար բուհի ռեկտորը դեռ Սուրեն Զոլյանն է: 

Պայքարում են

Մինչև
հարցի կարգավորումը իրավական դաշտում, բրյուսովցիները շարունակում են պայքարել
սոցիալական ցանցերի ու «Բրյուսովցիներ» միության միջոցով: Սա հասարակական
կազմակերպություն չէ, ինչպես շրջանառվում է մամուլում, այլ նախաձեռնող խումբ, որի
մեջ ներգրավված են բուհի ուսանողներ, շրջանավարտներ, նախկին ու ներկա դասախոսներ:

Դասախոսներն այսօր հրապարակել են անկախ բուհի ազատ դասախոսի մանիֆեստը՝ հիշեցնելով, որ համալասարանը
ինքնավար կառույց է: