NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կոնդի խնդիրը՝ այդ ընտրատարածքի պատգամավորի թեկնածուների տեսանկյունից
Նախընտրական շրջանում Կենտրոն թաղամասի 9-րդ ընտրատարածքի ԱԺ պատգամավորության թեկնածուները հերթով գնում են Կոնդ՝ խոստանալով լուծել կոնդեցիների խնդիրները:
Հիշեցնենք, որ 2006թ. ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային՝ բացառիկ գերակա շահ, ձեռքբերող ճանաչվեց «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն, որը պարտավորվեց իրացնել թաղամասի 175.769 քմ տարածքը: 2007թ. ընկերությունը սկսեց բանակցություններ վարել և պայմանագրեր կնքել սեփականատերերի հետ: Կնքվեցին 200 պայմանագրեր՝ ըստ որոնց կոնդեցիները «Դվին» հյուրանոցի հարևանությամբ կառուցվելիք բազմաբնակարան շենքում համարժեք մակերեսով բնակարան պիտի ստանային:
Պայմանագրերի ժամկետները լրացան, սակայն մինչև հիմա կառուցված է միայն շենքի հիմքը և մի հատվածում 4-5 հարկի կմախքը: Իսկ Կոնդի մնացած 700 տներում ապրող մարդկանց ճակատագիրն անորոշ է:Արդեն 2 տարի է, ինչ բանակցություններ չեն վարվում, պայմանագրեր չեն կնքվում: Ո՛չ կառուցապատող ընկերությունը, ո՛չ էլ Երևանի քաղաքապետարանը սպառիչ պատասխան չեն տալիս, թե ինչո՞ւ է սառեցվել պայմանագրերի կնքման գործընթացը, ինչո՞ւ են դադարեցվել շինարարական աշխատանքները և ե՞րբ պատրաստ կլինեն խոստացված տները: Բնակիչները չգիտեն՝ ո՞ւմ դիմել և ումի՞ց պահանջել պայմանագրերի կետանցի համար սահմանված տույժերը:
Այս ընտրատարածքում 2007թ. ԱԺ ընտրություններին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ անդամ Ռուբեն
Սադոյանը՝ ստանալով 11 հազարից ավելի ընտրողների քվեն:
Առաջիկա ԱԺ
ընտրություններին Կենտրոն թաղամասի 9-րդ ընտրատարածքում մեծամասնական
ընտրակարգով ԱԺ պատգամավորության թեկնածուներ են Նապոլեոն Ազիզյանը (ԲՀԿ), Ռուբեն Սադոյանը(ՀՀԿ), Լևոն Զուրաբյանը
(ՀԱԿ) և Ռուբիկ Հակոբյանը («Ժառանգություն»):
ԲՀԿ թեկնածու Նապոլեոն
Ազիզյանը խոստանում է Կոնդի հարցը լուծել մեկ տարվա ընթացքում
«Ես մասամբ կոնդեցի եմ, ունեմ ընկերներ
ու հարազատներ Կոնդում և այս խնդիրը ուզում եմ լուծել: Դա նոր հարց չէ, տարիներով
ձգձգվում է, լուծում պետք է տրվի, անպատճառ, և
ես դա անպայման կհասցնեմ Ազգային ժողով՝ ամբիոնից կլինեն հայտարություններ, կդիմեմ
կառավարությանը, այսինքն՝ ես մոտիկից
կզբաղվեմ, կգնամ դռները կբացեմ, կխնդրեմ, կբացատրեմ, ու տա Աստված, որ այդ խնդիրը լուծվի:
Ընտրություններից հետո շատ
նմանատիպ խնդիրներ կան, մեկ տարվա ընթացքում այդ հարցերը կբարձրացնենք ու լուծում
կտանք: Ովքեր այդ բնակարաններից դուրս են եկել, որ կառուցողապատողը կառուցապատի,
պետք է փոխհատուցվեն, կամ բնակիչները կունենան այնպիսի կարգավիճակ, որ հույս
կունենան՝ կամ բնակարանը կստանան, կամ էլ՝ գումարը:
Կարող է այլ ներդրող բերենք,
ու շենքը ավարտին հասցնենք, բայց այն ինչ պայմանագրով գրած է, պետք է իրականացվի:
Հիմա ով եկավ ներդրում անելու կուզենա շահույթ ստանալ: Իրանք գալիս են իրենց շահի
համար, մենք էլ պետք է փորձենք պաշտպանել կոնդեցիների շահը»,-ասում է Նապոլեոն Ազիզյանը:
«Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանն իրավական դաշտում է տեսնում Կոնդի խնդրի
լուծումը
«Ես պատրաստվում եմ օրենսդրական մակարդակով պատասխանատվության հարցը կարգավորել, որ էլ
հետագա ներդրողների դեպքում չլինեն նման բացթողումներ: ԱԺ պատգամավոր արդեն եղել
եմ և 1995թ.-ին այդ խնդիրը բարձրաձայնել եմ:
Ընդհանրապես հիմնական խնդիրը
միշտ եղել է նույնը՝ բնակարաններին վերաբերող շինարարական աշխատանքն է եղել:
Հետագայում փորձվեց լուծում գտնել, որը չիրականացավ՝ ցույց տալով երկրի իրավական
ու բարոյական քաղաքականության ընդհանուր պատկերը: Ես համոզված եմ, որ պետությունը
պետք է դառնա պատասխանատու այդ ամեն ինչի համար:
Արամի փողոց, Աջափնյակ,
Կոնդ... աշխարհագրական տեսանկյունից տարբեր տեղերում են, բայց նույն երևույթի մասին է խոսքը գնում,
որ քաղաքացին անպաշտպան է, ու պետությունը չի պաշտպանում այն քաղաքացուն, ում
խաբել են, ես կարծում եմ, որ օրենսդրական քայլերով այդ խնդիրը կարելի է
կարգավորել»,–կարծում է Ռուբիկ Հակոբյանը:
Լևոն Զուրաբյանը
ԱԺ-ում ՀԱԿ-ի մեծամասնություն կազմելու դեպքում մեկ տարում խոստանում է լուծել Կոնդի խնդիրը
«Եթե ես
ընտրվեմ, իմ առաջին խնդիրը լինելու է պաշտպանել ինձ ընտրած կոնդեցիների
սեփականության, արդար դատավարության իրավունքները և ընդհանրապես նրանց շահերի
պաշտպանությունը պետական մարմինների կամայականություններից: Եթե ՀԱԿ-ը
մեծամասնություն կազմի ԱԺ-ում այս ընտրություններից հետո, մեկ տարվա մեջ կարող ենք
այդ խնդիրը լուծել ու Կոնդում բիզնեսի զարգացման համար կոնդեցիներին ապահովել
առաջնային իրավունքով:
Կոնդն ընդհանրապես Երևանի կենտրոնում տեղկայված
շատ հետաքրքիր տուրիստական մի գոտի կարող է դառնալ՝ խանութներով, սրճարաններով,
հյուրանոցներով ու սեփական տներով: Իհարկե, այդ ամենի ուղղությամբ պետք է աշխատեն
ճարտարապետներ ու դրա համար պետք են մեծ ներդրումներ:
Այսօր Կոնդում
ներդրում կանեն միայն «ավանտյուրիստները», ինչպես և եղավ, «Դաունթաուն»
ընկերությունը հարյուրավոր տներ քանդել տվեց՝ պարտավորվելով արագ փոխհատուցել
բնակիչներին բնակարաններով, բայց 4 տարվա մեջ ոչ մի պարտավորություն չկատարեց
ու«կորավ», իսկ մարդիկ չգիտեն որտեղից գտնեն նրանց ու պատասխան պահանջեն: Կոնդը
գտնվում է կախված վիճակում: Նախ պետք է պատժել նրանց, ովքեր կոնդեցիներին նման
վիճակի մեջ են դրել»,–նշում է Լևոն Զուրաբյանը:
ՀՀԿ-ն չի
ընդունում, որ Կոնդի խնդիրը վերջին 5 տարիներին ձգձգվել է ու իրավական կարգավորում
չի ստացել
ՀՀԿ կուսակցության առաջնորդ
Ռուբեն Սադոյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ այս հարցին՝ պարզաբանելով, որ
զբաղված է: Մեր հարցերին պատասխանեց իր նախընտրական շտաբի պետ Սուրեն Ներսիսյանը:
««Դաունթաուն» ընկերությանը ոչ
մի պատասխանատվության էլ չենք ենթարկելու, և այն շարունակելու է կառուցապատումը:
Կոնդի ժողովրդի հետ կապված կա
կառավարության ծրագիր, կա պետական մոտեցում: Այդ խնդիրը երևի 2013թ.-ին կա
նախագահի ծրագրի մեջ, որ Կոնդի, Նորագյուղի և այլ թաղամասերի լքյալ տների իրացման
գործընթացը կշարունակվի և միևնույն ժամանակ Կոնդի ծրագիրը կիրականացվի: Կոնդում
կան որոշակի ծրագրեր, որոնք արդեն իրացվել են՝ շենք են կառուցում, կան ներդրողներ,
ովքեր եկել են ու հնարավորության սահմաններում ներդրումներ են կատարում»:
Մեր «ովքե՞ր են այդ ներդրողները» հարցին Ներսիսյանը պատասխանեց.
«Չեմ կարող ասել, դա արդեն
պատգամավորի իրավասության մեջ չի մտնում՝ ովքեր են, ինչեր են: Կան պետական
ծառայություններ, կան պետական կառավարման մարմիններ, ովքեր կպատասխանեն ձեր հարցերին: «Դաունթաուն» կազմակերպությունը, երբ որ
իրականացնում է ծրագիր, պայմանագիր է կնքում
քաղաքացիների հետ, բնակիչներն էլ համաձայն այդ ծրագրի՝ պայամանագիր են
կնքում, մոտակա ժամանակներս երևի
կստանան իրենց բնակարանները»,- ասաց Ներսիսյանը:
Չնայած նրան, որ Կոնդում ամեն
ինչ, ըստ շտաբի պետի, իր հունով է ընթանում,
Ռուբեն
Սադոյանը պատրաստվում է բարձրաձայնել Կոնդի կառուցման գործընթացն ավելի կարճ ժամանակում ավարտին հասցնելու մասին:
Կոնդեցիներն ասում
են, որ նախորդ ընտրություններից առաջ պատգամավորի տված խոստումները չիրականացան։ Այս
ընտրություններին ևս թեկանծուների խոստումները շատ են, բայց հավատը չկա՝ դրանց իրագործման։
