NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդու իրավունքների կոնկրետ հարցեր՝ խորհրդարան ձգտող կուսակցություններին

«Մարդու իրավունքները Հայաստանում» կայքը խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 ուժերին հարցեր էր ուղղել՝ պարզելու նրանց դիրքորոշումը մարդու իրավունքներին առնչվող կոնկրետ խնդիրների վերաբերյալ։
Հարցումն ուղարկվել է 15 օր առաջ՝ առձեռն և էլեկտրոնային փոստերով։ Դեռևս ստացել ենք 2 պատասխան՝ «Միավորված հայեր» կուսակցությունից և Հայ ազգային կոնգրեսից։
«Ժառանգություն», Հայ յեղափոխական դաշնակցություն, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները մեր հեռախոսազանգերին պատասխանեցին, որ դեռևս աշխատում են հարցերի պատասխանների վրա։
«Օրինաց երկիր» կուսակցությունից 5 օր առաջ ասացին՝ կճշտեն ինչ վիճակում է պատասխանը, իսկ երեկ և այսօր կուսակցության կենտրոնական գրասենյակ ուղղված հեռախոսազանգերը մնում են անպատասխան։
Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում հեռախոսազանգերին մշտապես պատասխանում է անվտանգության աշխատակիցը, ով ոչ մի տեղեկություն չունի գրասենյակի աշխատանքներից։ Անվտանգության աշխատակիցը չի փոխանցում հեռախոսը որևէ այլ աշխատակցի, այլ՝ հորդորում է գնալ ՀՀԿ գրասենյակ պարզելու նամակի պատասխան կստանանք, թե՝ ոչ։ Մեր վերջին զանգը ՀՀԿ կատարել ենք երեկ, և անվտանգության աշխատակիցը, ով ներկայացավ՝ Լյով, ասաց. «պետք է տեղում նամակների բաժնից ճշտել»։
Մարդու իրավունքներին վերաբերող հարցերն անտեսել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ ԲՀԿ կենտրոնական գրասենյակը մերժել էր ստանալ կուսակցությանն ուղղված մեր հարցումը և ուղղորդել էր այն փոխանցել Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությանը։ ԲՀԿ խմբակցությունը նույնպես անուշադրության է մատնել մարդու իրավունքներին վերաբերող հարցերը։
«Մարդու իրավունքները Հայաստանում» կայքը բոլոր 9 ուժերին հարցումն ուղարկել է գրավոր։ 5–րդ գումարման խորհրդարան ձգտող կուսկացությունները և դաշինքը խախտել են Տեղեկատվության ազատության մասին օրենքը՝ հարցումներին չպատասխանելով նախատեսված 5–օրյա ժամկետում։
Այսօր մեր կայքում կհրապարակենք «Միավորված հայեր» կուսակցությունից և Հայ ազգային կոնգրեսից ստացված պատասխանները և, այդուհանդերձ, կշարունակենք սպասել մյուս կուսակցությունների պատասխաններին։
«Միավորված հայեր» կուսակցության պատասխանը
Մարդու իրավունքները Հայաստանում.ո՞ր իրավունքներն են հիմնականում խախտվում, ո՞ր ուղղությամբ աշխատանքներ կտանեք։ Ձեր կուսակցության առաջնահերթությունները.
1. Ընտրվելու իրավունքը: Երկքաղաքացիության դեպքում պատգամավորության կամ նախագահի թեկնածու աջադրվելու ժամանակ:
2. Ընտրելու իրավունքը:
3. Սեփականության իրավունքը:
Խնդրում ենք ներկայացնել ձեր կուսակցության տեսակետը հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. Խոշտանգումներ և վատ վերաբերմունք. ի՞նչ քայլեր եք նախատեսելու դրանց կանխարգելման և բացահայտման համար:
Խոշտանգումներ և վատ վերաբերմունքի կանխարգելման և բացահայտման համար նախևառաջ անհրաժեշտ է Քրեական դատավարության մեջ համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով ամրագրել, որ ազատությունից զրկելու առաջին իսկ պահից սկսած անհապաղ պետք է ապահովվեն ձերբակալվածի հետևյալ իրավունքների իրականացումը.
1. փաստաբան ունենալու իրավունքը, որը պետք է ներառի անվճարունակ անձանց արդյունավետ իրավական օգնություն տրամադրումը, փաստաբանի հետ տեսակցելու և նրա ներկայությամբ հարցաքննվելու իրավունքները,
2. բժշկի դիմելու իրավունքը, ընդ որում` ձերբակալված անձի ընտրությամբ հրավիրված բժշկի և դատական բժիշկների կողմից զննվելու իրավունքը:
2.Դատական իշխանության և դատավորի անկախության ապահովում.ինչպե՞ս եք ծրագրում հասնել առավել անկախության ապահովման:
Դատական իշխանության և դատավորի անկախության ապահովման համար «Միավորված հայեր» կուսակցությունը գտնում է, որ պետք է իրագործել սահմանադրական փոփոխություններ` օրենսդիր, գործադիր և դատական մարմինների գործառույթների հստակ տարանջատում, իրագործել դատաիրավական համակարգի բարեփոխումներ։ Եղած բարեփոխումները ցանկալի արդյունք չեն տալիս, քանի որ այդ ոլորտի կառույցներն իրենք են հաճախ գտնվում կոռումպացված հարաբերությունների ցանցում: Դատավորները պետք է ընտրվեն, այլ ոչ թե` նշանակվեն: Եվ պետք է ստեղծել դատավորների ետկանչի ինստիտուտ:
3. Ի՞նչ գործողություններ եք պլանավորում աշխատանքային օրենսդրության խախտումների դեմ պայքարելու համար: Մասնավորապես, ի՞նչ եք անելու առանց աշխատողի հետ պայմանագիր կնքելու նրան աշխատանքի ընդունելու, ինչպես նաև օրենքով սահմանված առավել աշխատանքային ժամանակից ավելի աշխատեցնելու երևույթները կանխելու դեմ:
Աշխատանքային իրավունքի նման խախտումների դեմ պայքարի լավագույն տարբերակը գործող աշխատանքային օրենսգրքի կյանքի կոչումն է:
4. Նշեք ձեր գործողությունները Հայաստանում՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխումների ուղղությամբ:
Վերանայել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման որոշում ընդունող մարմինների որոշ լիազորությունները, կազմը եւ ընթացակարգերը:
ԱԺ պատգամավորական մանդատներ ստանալու դեպքում ձեր կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում կդրսևորի հետևյալ հարցերի շուրջ.
5. Մարտի 1–ի զոհերի ընտանիքներին պետք է տրամադրվի փոխհատուցում: (Խնդրում ենք հիմնավորել պատասխանը:)
Այո , եթե նրանք չեն կատարել հանցագոծություն: Առանց փաստերի ուսումնասիրության հստակ պատասխան չի կարելի տալ:
6. Բանակում խաղաղ պայմաններում մահացածների ընտանիքներին պետք է տրամադրվի փոխհատուցում: (Խնդրում ենք հիմնավորել պատասխանը:)
Կախված է իրադրությունից: Պետք է հաշվի առնել հանգամանքները և պատճառները:
7.Պե՞տք է արդյոք ավելացնել կրթության բյուջեն։
Կրթության բյուջեն պետք է ավելացնել այն միջոցների հաշվին, որոնք կստեղծվեն ստվերային տնտեսության կրճատման և օլիգարխներին իրավական դաշտ մտցնելուց:
8.Համարո՞ւմ եք արդյոք, որ ՀՀ նախագահի կողմից դատավոր նշանակելու հայեցողական լիազորությունը պետք է սահմանափակել:
Այո (Տես` պատասխան 2)։
9.Անհրաժե՞շտ եք համարում Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումը: (Խնդրում ենք հիմնավորել պատասխանը:)
Այո` Միջազգային քրեական դատարանն արդարադատություն իրականացնող այն կառույցն է, որի իրավասությունը սահմանափակվում է ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործեր քննելով:
Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումը նպատակահարմար է այնքանով, որքանով ՀՀ-ը կստանձնի միջազգային պարտավորություններ այդ ոլորտներում:
10. Անհրաժե՞շտ եք համարում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից 13–րդարձանագրության վավերացումը: (Խնդրում ենք հիմնավորել պատասխանը:)
Այո` Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ ստորագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից 13–րդ արձանագրությունը` ստանձնել էր պարտավորություններ իր ազգային օրենսդրությունը համապատասխանեցնելու համար: Մասնավորապես` փոփոխություններ կատարվեցին ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ Սահմանադրության մեջ և մահապատժի կիրառումը որպես պատժամիջոց Հայաստանի Հանրապետությունում վերացավ: Հետևաբար վկայակոչած արձանագրության վավերացումն անշուշտ էական է և կարծում ենք, որ Հայաստանը մոտ ապագայում այն կվավերացնի:
11. Անհրաժե՞շտ է արդյոք համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի խոշտանգման սահմանումը ՀՀ վավերացրած միջազգային փաստաթղթերում առկա խոշտանգման սահմանմանը: (Խնդրում ենք հիմնավորել պատասխանը:)
Այո : ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է.
Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։
12. Անհրաժե՞շտ եք համարում ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարի նպատակով հատուկ օրենքի ընդունումը: (Խնդրում ենք հիմնավորել պատասխանը:)
Ոչ: Պետք է արդյունավետ կյանքի կոչել գործող օրենսդրությունը:
