NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընտրախախտումներն ազդել են արդյունքների վրա. Արթուր Սաքունց
«Մենք չենք գտնում, որ Ազգային ժողովի այս ընտրությունները եղել
են ազատ և արդար, որովհետև ազատ լինելու համար պետք է ընտրողները կարողանային իրենց
կամքն ազատ դրսևորել, որը չի եղել: Մենք ունենք բազմաթիվ փաստեր»,- ընտրությունների
դիտարկման արդյունքում այս եզրակացությանն է եկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի
Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա կարծում է, որ ընտրախախտումներն էական
ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա:
Մայիսի 8-ին հրավիրած ասուլիսի ժամանակ Սաքունցը նշեց, որ ընտրական
գործընթացի նկատմամբ ընտրողների վստահությունը վերականգնված չէ: «Եվ դա պայմանավորված
է եղել այն բանով, որ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը պատշաճ ուշադրության
չեն արժանացել՝ չնայած հավաստիացումներին»,- ասաց նա:
ՀՔԱՎ գրասենյակի 94 դիտորդներ
և Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի 104 դիտորդներ մայիսի 6-ին կարճաժամկետ դիտորդություն
են իրականացրել Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և Երևանի թիվ 7 ընտրատարածքում և
արձանագրել են մի շարք խախտումներ, որոնք ամբողջական տեսքով կներկայացնեն 10 օրից:
Դրանք հիմնականում վերաբերում են օքսիդացող դրոշմակնիքին, ընտրակաշառքներին,
բաց քվեարկությանը, «կարուսել» երևույթին և այլն: Արթուր Սաքունցը նշում է, որ ընտրակաշառք
է բաժանվել հատկապես վերջին օրերին: Իրենց դիմած քաղաքացիներն ավելի շատ ահազանգել
են ՀՀԿ-ի կողմից բաժանվող ընտրակաշառքի մասին, եղել են նաև ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից բաժանվող
ընտրակաշառքի մասին խոսակցություններ:
Սաքունցի խոսքերով՝ ընտրախախտումների վերաբերյալ իրենք ունեն
ապացույցներ՝ տեսանյութերի, լուսանկարների տեսքով, որոնց մասին հաղորդագրություններ
են ուղարկել իրավապահ մարմիններիներին և անպատասխան մնացել:
ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարը պնդում է, որ ոստիկանության գործողությունները
ահազանգերի համեմատ եղել են անհամաչափ, ընտրախախտումների և հատկապես՝ ընտրակաշառքի
կանխարգելման ուղղությամբ օպերատիվ գործողություններ իրենք չեն տեսել:
Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ դիտորդական առաքելություն իրականացնող
ոչ բոլոր կազմակերպություններն են օգտագործել իրենց իրավունքները՝ կանխարգելելու ընտրախախտումները
կամ օրենքի ոչ պատշաճ կիրառումը: Նա ունի փաստեր, որոնք կներկայացնի վերջնական զեկույցում:
Նա նաև նշում է, որ ընտրական հանձնաժողովների կողմից ընտրախախտումները
կանխարգելելու կամք և պատրաստակամություն իրենք չեն տեսել: «Եթե մենք միայն կանգնեինք
և դիտարկեինք, մեր աչքի առջև այդ խախտումները կլինեին: Իսկ երբ դիտորդը օգտվել է իր
իրավունքից և հանձնաժողովի նախագահին ներկայացրել է խախտումը, դրանք վերացվել են: Կարծես
թե այդպիսի հրահանգ ունեին, որ հնարավորության դեպքում հաշվի առնեն դիտորդների նկատառումները»,-
ասում է Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդների եզրակացությանը, նա զեկույցը
համարում է ֆորմալ առումով իրականությանը համապատասխանող, սակայն՝ «ֆրագմենտալ», քանի
որ հաշվի չի առնվել մինչ ընտրությունները ստեղված մթնոլորտը, այլ նախադրյալներ:
Նա զարմանում է, որ միջազգային կազմակերպության զեկույցի մեջ
«կարուսելի» մասին որևիցե ակնարկ չկար: «Երևի միջազգային դիտորդները համարժեք ձևով
չեն կարողացել գնահատել ծրարներում քվեաթերթիկների բացակայության մասսայականություն
և դրա հնարավոր ռիսկերը»,- նշեց Սաքունցը:
Իսկ ԱՊՀ դիտորդների եզրակացության մասին նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն
անելուց, քանի որ նրանք «ներկայացնում են ավտորիտար ռեժիմով երկրներ, որտեղ ժողովրդավար
ընտրություններ չկան»:
