NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կրակոցները սովորական են դարձել սահմանապահ գյուղերի բնակիչների համար
Սահմանամերձ գյուղերի բնակիչները սահմանապահ զինծառայողներ են. չնայած կրակոցների տակ հայտնվելու վտանգին, ապրում են հեռավոր գյուղերում ու չեն էլ պատրաստվում լքել իրենց հայրենի հողը: Նույնքան անվախ են նրանց երեխաները, ովքեր ամեն օր դպրոց ու մանկապարտեզ են հաճախում. նրանց համար արդեն սովորական են դարձել ադրբեջանական կողմից հնչող կրակոցները:
«Էս վերջին երկու տարին համարյա ամեն օր կրակոցներ կա սահմանի վրա...Շատ դաժան է առավոտը զարթնես, գնաս տեսնես կենդանի են թե չէ, սրտացավ ես դառնում...»,- ասում են Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչները:
Բնակիչներն անհանգստացած են ամենավերջին դիվերսիայի պատճառով, երբ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը հաղորդեց, որ ապրիլի 27-ի լուսաբացին երեք հայ զինծառայող է մահացել:
Նրանք գտնվել են մարդատար ավտոմեքենայի մեջ, երբ ՀՀ Տավուշի մարզի Մովսես-Այգեպար գյուղերի միջև ընկած ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից գնդակոծության է ենթարկվել նրանց մեքենան:
Զոհվել են պայմանագրային զինծառայողներ 27-ամյա Դավիթ Աբգարյանը, 25-ամյա Արամ Եսայանը և 21-ամյա Արշակ Ներսիսյանը: Պայմանագրային զինծառայող 27-ամյա Արկադի Եսայանին հաջողվել է փրկվել: Նա մինչև այսօր ոչ մի լրագրողի ոչ մի մեկնաբանություն չի տալիս:
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայացուցիչներն այս դեպքի առթիվ մշտադիտարկում են անցկացրել ու չեն արձանագրել ոչ մի խախտում: Իսկ Հայաստանում դեռ նախաքննություն է ընթանում:
«Շատերն ասում են, որ ընտրությունների պատճառով է եղել, վիճաբանություն է եղել տղաների միջև, որը սուտ է»,- կարծում են այգեպարցիները:
Ամենախոցելի դիրքերից է նաև Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը. հայ–ադրբեջանական սահմանի 9 կմ-ն անցնում է հենց այս գյուղով՝ այն մշտապես պահելով հակառակորդի նշանառության տակ:
Այդ նշանառության անմիջական տուժողներից մեկն էլ Վոլոդյա Պետրոսյանն է. արձակված հերթական փամփուշտներից մեկը ջարդել է նրա ապակին, ծակել է պատից կախված կոստյումը ու անցք է բացել տարբեր փաստաթղթերի մեջ, այդ թվում նաև անձնագրում:
Մայիսի 9-ին ընդառաջ՝ կրակոցներն ավելի են ակտիվանում
Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, ադրբեջանցիները փորձել են նորից խախտել հրադադարի ռեժիմը՝ մի քանի ժամ շարունակ գնդակոծելով հայկական գյուղերը, բայց զոհեր չեն եղել:
Ինչպես հաղորդում է razm.info կայքն այս անգամ էլ, ինչպես միշտ, հակառակորդի նշանառության տակ են հայտնվել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և Չինարի գյուղերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով շուրջ 300-500 մետր հեռավորության վրա են գտնվում:
Մովսես գյուղի համայնքապետ Լյուդվիգ Ապերյանը համոզված է, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ վերջին օրերի կրակոցները պայմանավորված են մայիսի 9-ի հետ, երբ Հայաստանում ու Արցախում տոնում են Շուշի քաղաքի ազատագրման, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումը ու Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակը:
ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով՝ 2011թ արձանագրվել է զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան 36 դեպք, որից 30-ը հանցագործության հետևանքով, այդ թվում՝ 10-ը հակառակորդի կողմից կատարված:
Լուսանկարները՝ Գոհար Աբրահամյանի
