NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կիրառվել է նոր ընտրախախտում՝ «մարդկանց լցոնում». Ավ. Իշխանյան

«Հայաստանում ընտրական ամբողջ մեխանիզմը փշրված է, որովհետև ամեն անգամ, անկախ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից, նոր տեխնոլոգիա է մշակվում ընտրությունների կեղծման համար»,- մայիսի 11-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ ամփոփելով իրենց կողմից իրականացված դիտորդության նախնական արդյունքները:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի 54 դիտորդ մայիսի 6-ին դիտորդական առաքելութուն են իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի (4-րդ ընտրատարածք) բոլոր ընտրատեղամասերում և արձանագրել են մի շարք ընտրախախտումներ:
Իշխանյանի խոսքերով՝ կատարվել են ոչ թե ավանդական դարձած խախտումներ՝ բռնություններ, քվեաթերթիկների լցոնում և այլն, այլ կիրառվել է նոր տեխնոլոգիա՝ «մարդկային լցոնումներ»:
Հելսինկյան կոմիտեի նախագահը հայտարարեց, որ մարդկանց մի մեծ խումբ տարբեր տեղերի գրանցումներով քվեարկել է մի քանի անգամ, որի արդյունքում ուռճացված թվեր են առաջացրել: Նրա տվյալներով՝ այդ մարդիկ եղել են «SAS» սուպերմարկետների աշխատակիցներ, նրանց մի մասը հաշվառված են եղել մարզերում:
Կազմակերպության դիտորդների արձանագրած խախտումները դեռ մշակվում են, որոնք ամբողջական տեսքով կներկայացվեն վերջնական զեկույցում: Ավետիք Իշխանյանը նշեց մի քանի խախտումներ:
Դիտորդները լուսանկարել են ծրարներ, որոնց մեջ քվեաթերթիկի փոխարեն եղել է սովորական սպիտակ թուղթ: Դա հիմք է տալիս կազմակերպությանը կասկածելու, որ կիրառվել է «կարուսելի» տեխնոլոգիան:
«Մեր դիտորդները նկատել են, որ համարյա բոլոր տեղամասերում հանձնաժողովի անդամները եղել են ոչ պատշաճ պատրաստված, չեն տիրապետել իրենց իրավունքներին ու պարտականություններին, որի արդյունքում ընտրական գործընթացը վերահսկել են վստահված անձինք»,- ասաց Իշխանյանը:
Նրա խոսքերով՝ դիտորդների կողմից մատնանշված թերությունների մի մասը վերացվել են հանձնաժողովների կողմից, սակայն եղել են դեպքեր, երբ թերություններն ու խախտումները անտեսվել են և նույնիսկ չեն արձանագրվել հանձնաժողովի նախագահի կողմից:
Քվեարկել են «ռեակտիվ արագությամբ»
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» ստեղծել է elections.transparency.am կայքը, որը համակարգչային հատուկ ծրագրի միջոցով հաշվարկելու և վերլուծելու է ընտրությունների պաշտոնական արդյունքները, ցուցակների ճշգրիտ լինելը:
«Մենք տեսանք, որ ընտրացուցակներն ուռճացված են, քանի որ կային տեղամասեր, որտեղ, ըստ վիճակագրական պետական ծառայության տվյալների, առկա բնակչության թիվն ավելի քիչ է, քան ընտրացուցակներում ներառվածները»,- ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Նա նշեց տեղամասեր, որտեղ ընդգրկված ընտրողները 20-30 տոկոսով ավել են առկա բնակչության թվից, ինչը «լուրջ ռիսկ է, որ հնարավոր է ուրվական ընտրողների քվեարկություն»:
Քվեարկությանը մասնակցած անձանց պաշտոնական թիվը բաժանելով ժամի վրա՝ կազմակերպությունը պարզել է, որ որոշ ընտրատեղամասերում քվեարկության գործընթացը կազմակերպվել է «ռեակտիվ արագությամբ»: Քվեարկության համար մեկ ընտրողին բաժին է ընկել 30 վայրկյան:
Հոկտանյանն ընդգծեց, որ սա ընտրություններից 40 օր առաջ հրապարակված ընտրացուցակների տվյալներն են: Իսկ վերջին՝ ամենաթարմ ցուցակների տվյալները դեռ մշակման փուլում են:
Իրավական աջակցության ավելի շատ դիմել են քաղաքական ուժերը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրավական աջակցություն և խորհրդատվություն է տրամադրել ընտրական գործընթացում ներգրավված անդամներին:
Կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանի ներկայացրած տվյալներով՝ մայիսի 2-8-ը գործարկած թեժ գծին իրենք ստացել են 65 զանգ, որից 48-ը՝ միայն մայիսի 6-ին: Ընտրությունների օրը կազմակերպության իրավաբաններն ստացել են 330-ից ավելի անմիջական զանգեր, որոնց կեսից ավելին ստացվել է թեկնածուներից, ընտրական շտաբներից և վստահված անձանցից:
Ստացված ահազանգերի հիման վրա ՀԿ-ն 50-ից ավելի դիմում-բողոքներ է ներկայացրել ընտրատարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովներին, ընտրախախտումների մասին հաղորդումներ են ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն և այլ իրավասու մարմիններ:
«Ահազանգերն ստանալուց զատ նկատվել է պասիվություն քաղաքական ուժերի կողմից՝ հետևողական լինել խախտումների արձանագրմանը: Եվ շատ դեպքերում, ականատես լինելով խախտումներին, մենք զրկված ենք եղել դրան ընթացք տալու հնարավորությունից, որովհետև մեզ չեն դիմել, իսկ մենք առանց նրանց համաձայնության չէինք կարող դիմել, որովհետև պատշաճ կողմ չենք»,- լրագրողներին ասաց Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքերով՝ իրավական խորհրդատվության արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրազեկվածության պակաս է եղել՝ չնայած այդ ուղղությամբ բավական աշխատանքներ են տարվել:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն նույնպես արձանագրել է հանձնաժողովի նախագահի կողմից անօրինական գործողությունները կամ խախտումը արձանագրելուց հրաժարվելու դեպքեր, ինչպես նաև՝ ծրարներում քվեարթերթիկների բացակայություն, որը, ըստ ՀԿ նախագահի, կասկած է հարուցում, որ կիրառվել է «կարուսելի» մեթոդը:
ՀԿ-ները հայտարարում են
Հայաստանի հելսինկյան կոմիտեն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» և ևս 9 հասարակական կազմակերպություններ մայիսի 11-ին հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Չնայած նախորդ համապետական ընտրությունների համեմատ արձանագրված առանձին դրական զարգացումներին,... լուրջ քայլեր չեն իրականացվել ընտրողների կամքի ազատ արտահայտմամբ արդար ընտրություններ ապահովելու ուղղությամբ»:
Հայտարարության մեջ ասվում է, որ ընտրական գործընթացի վրա մեծ ազդեցություն է ունեցել «ընտրազանգվածի կաշառումը, վարչական ռեսուրսի չարաշահումը, գործատուների կողմից իրենց աշխատողների նկատմամբ քաղաքական թելադրանքն ու ճնշումը և բազմաթիվ այլ անօրինական տեխնոլոգիների կիրառումը»:
ՀԿ-ների կարծիքով՝ իրավապահ մարմիններն անգործություն են դրսևորել անօրինականությունները կանխելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Հայտարարությամբ ՀԿ-ները բարձրաձայնում են, որ «խորապես մտահոգ են Հայաստանում տարեցտարի կատարելագործվող ընտրակեղծարարության մեխանիզմներով և դրանց կիրառողների անպատժելիությամբ»: Նրանք գտնում են, որ քվեարկության արդյունքների նկատմամբ հասարակության թերահավատությունը կարող է ցրել ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակի հրապարակումը:
