NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մշակվում է երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարություն
«Մեր երեխաների հիմնական խնդիրը սոցիալական որբությունն է: Գիշերօթիկներում հայտնված շատ երեխաներ այնտեղ են ընտանիքի սոցիալական վատ պայմանների պատճառով»,- այսօր Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը:
Խորհրդաժողովի նպատակն էր պետական մարմինների և ՀԿ-ների հետ համատեղ քննարկել երեխաների իրավունքների ոլորտի խնդիրները և ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության 2012-2016թթ ռազմավարության նախագիծը:
«Ասել, թե Հայաստանում երեխայի իրավունքները լիովին պաշտպանված են, չափազանցություն կլինի: Իրավունքների խախտման դեպքերը շատ տարբեր են և Հայաստանում բոլոր տեսակներն էլ կան, սակայն ամենատարածվածը անտեսվածությունն ու հոգեբանական բռնությունն է»,- ասում է «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի ղեկավար Անահիտ Գրիգորյանը:
ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը կարծիքով՝ երեխայի ձևավորման և դաստիրակության առաջին պատասխանատուն ծնողներն են և ընտանիքը, քանի որ երեխան վաղ տարիքում կրկնօրինակում է ծնողներին:
«Մենք չգիտենք երեխայի հոգեբանությունն ինչպիսին է, դրա համար սխալներ ենք թույլ տալիս: Հոգեբանական գիտելիքների պակաս կա: Եվ ես ոչ թե խորհուրդ կտայի, այլ կպարտադրեի պետական կառույցներին ստեղծել համապատասխան ծառայություններ երիտասարդ ընտանիքների հոգեբանական կրթության համար: Որովհետև այն, թե ապագայում մեր հասարակությունն ինչպիսին կլինի, կախված է ծնողների դաստիարակությունից: Յուրաքանչյուր բացթողում կարող է ճակատագրական լինել»,- ասում է Վլ. Միքայելյանը:
ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության 2012-2016թթ ռազմավարությունը դեռևս մշակման փուլում է: Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ՝ մոտ մեկուկես ամսից միջգերատեսչական հանձնաժողովը նախագիծն ավարտուն տեսքի կբերի և կներկայացնի հանրային քննարկման:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը ներկայացրեց Հայաստանում երեխաների իրավունքների ոլորտի կառուցվածքը, խնդիրները, մինչ օրս իրականացրած բարեփոխումները և առկա բացթողումները:
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նա լուրջ խնդիր է համարում աղքատության բարձր մակարդակը (36%), որի պատճառով երեխաները հայտնվում են հատուկ դպրոցներում կամ մանկատներում: Պետությունը որդեգրել է մանկատների և հատուկ դպրոցների բեռնաթափման ծրագիր:
«Պետությունը, որպես այլընտրանք, պետք է ստեղծի ցերեկային խնամքի կետրոններ, որպեսզի երեխաներին զերծ պահի այդ հաստատություններում հայտնվելու վտանգից: Նույն խնդիրն է հաշմանդամություն, և մանավանդ՝ մտավոր ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների մոտ, որոնց ծնողները ցանկանում են տեղավորել հաստատություններում, քանի որ չկան խնամքի կամ բուժվերականգնողական ցերեկային կենտրոններ»,- ասում է
Ֆիլարետ Բերիկյանը: Այս պահին, նրա խոսքերով, առաջնային խնդիր է ցերեկային խնամքի և վերականգնողական կենտրոնների ստեղծումը, որը պետք է կատարվի մանկատների և հատուկ դպրոցների բազայի վրա:
Բերիկյանը կարևորում է նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերապատրաստումը, երեխաների պաշտպանության մասնագետի հաստիքի ներդրումը համայքներում, որն ինտեգրացված սոցծառայություններ կմատուցի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը նշում է, որ ռազմավարության մեջ հատուկ ուշադրության են արժանանալու առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, հաշմանդամ երեխաները, բռնության կամ անտեսման ենթարկված երեխաները և աշխատող երեխաները: Ստեղծվում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների տվյալների բազա:
Կրթության ոլորտում երեխաների խնդիրները ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում ներկայումս գործում են 81 ներառական դպրոցներ, որտեղ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մոտ 3000 երեխաներ:
Պետությունը պլանավորում է ավելացնել ներառական դպրոցների թիվը, իսկ հատուկ դպրոցները պետք է դառնան մասնագիտացված ծառայություններ մատուցող ռեսուրս կենտրոններ, որոնք կօժանդակեն հատուկ կարիքներով երեխաների ուղղորդմանը ներառական դպրոցներ:
Նարինե Հովհաննիսյանի խոսքերով՝ անհրաժեշտ է բարելավել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման համակարգը, որպեսզի այդ երեխաներն անպայման հայտնաբերվեն և ստանան կրթություն:
«Իհարկե, այս ամենը անհնար է անել առանց լավ մասնագետների»,- ասում է հանրակրթության վարչության պետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ոլորտի մասնագետների վերապատրաստում և ուսուցիչների ատեստացիա:
ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը ներկայացրեց երեխաների խնդիրները իրավապահ ոլորոտում: Նա կարևորում է համայնքային վերականգնողական կենտրոնների ստեղծումը ՀՀ բոլոր համայնքներում:
Ներկայումս գործում են 10 այսպիսի կենտրոններ, որոնք աջակցում են իրավախախտում կատարած կամ բռնության ենթարկված երեխաների վերականգնմանը: «Առանձին ՀԿ-ներ նույնպես ունեն այդպիսի կենտրոններ, բայց դա բավարար չէ, պետք է յուրաքանչյուր համայնքում ունենանք առնվազն մեկ վերականգնողական կենտրոն: Մյուս խնդիրը. այդ կենտրոնները պետք է ֆինանսավորվեն ոչ միայն միջազգային կազմակերպությունների կողմից, այլ նաև՝ համաֆինանսավորվեն մեր պետության կողմից»,- ասում է ոստիկանության գնդապետը:
Նելլի Դուրյանը շատ կարևոր է համարում նաև վարքի շեղում ունեցող դեռահաս աղջիկների և տղաների համար առանձին կենտրոնների ստեղծումը: Գործող վերականգնողական կենտրոնները կամ Վարդաշենի թիվ 1 հատուկ կրթահամալիրը, նրա կարծիքով, նմանատիպ երեխաների խնդիրը չեն կարող լուծել:
«Հատուկ պայմաններ և համապատասխան մասնագետներ են պետք այդպիսի երեխաներին վերադաստիարակելու, վերաինտեգրելու համար, հատուկ պատրաստված մասնագետներ: Մենք առայժմ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի միջոցով ենք փորձում լուծել նման երեխաների խնդիրը, բայց այնտեղ ժամկետների սահմանափակում կա՝ 3 ամսից ոչ ավել, և չկան հատուկ պատրաստված մասնագետներ»,- ասում է ոստիկանության ներկայացուցիչը:
Խոսելով առողջապահական ոլորտի խնդիրներից՝ ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ դրանք տարբեր են՝ կախված երեխաների տարիքային առանձնահատկություններից:
Վաղ մանկության տարիքում նախարարությունը կարևորում է մանկական մահացության թվերի կրճատման, կրծքով սնուցման անհրաժեշտության շեշտադրման, հաշմանդամության վաղ հայտնաբերման խնդիրների ուղղությամբ աշխատանքը:
«Դպրոցներում մենք ունենք աշակերտների մեջ առողջ ապրելակերպի սերմանման և վնասակար սովորություններից զերծ մնալու գիտակցության բարձրացման խնդիր: Այդ ուղղությամբ մենք չունենք պետական մոտեցում, և պետությունը նույնիսկ չի վերահսկում, թե ինչ սնունդ է վաճառվում դպրոցների ճաշարաններում»,- նշում է Կարինե Սարիբեկյանը:
Նրա խոսքերով՝ վերջերս ի հայտ է եկել երեխաների հոգեկան առողջության պահպանման խնդիրը, և այս խնդրի լուծման ուղղությամբ տարբեր գերատեսչություններ համատեղ շատ անելիքներ ունեն:
Խորհրդաժողովը կազմակերպել էր Վորլդ վիժն Հայաստանը «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի շրջանակում:
