NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բռնություններով «բացահայտված» հերթական գործը

«Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու՝ Յուրիկ Սրաբյանի սպանության մեջ մեղադրվող հայր և որդի Աբաջյանների պաշտպանները դիմել են դատարան: Նրանք պահանջում են քրեական գործ հարուցել Աբովյանի ոստիկանության բաժնում Աբաջյանների ընտանիքի անդամների նկատմամբ կիրառված ապօրինությունների փաստերով: Փաստաբաններ Ռուբեն և Նարինե Ռշտունիների պնդմամբ՝ Աբաջյանների ընտանիքի 4 անդամներին ոստիկանությունում ապօրինաբար զրկել են պաշտպան ունենալու, տեսակցելու կամ հեռախոսազանգ անելու իրավունքից, Հակոբ Աբաջյանի նկատմամբ կիրառվել են բռնություններ, որի հետևանքով կորզվել է գործում առկա միակ ապացույցը՝ ինքնախոստովանական ցուցմունքը:
Գործի նախապատմությունը
2011թ. սեպտեմբերի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` Չարենցի կամարից 500 մետր հեռավորության վրա, կնոջ դիակ կա: Նույն օրը հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-քննչական գործողությունների հետևանքով պարզվել էր, որ սպանվածը Երևան քաղաքի բնակիչ, ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 1960թ. ծնված Ալվարդ Աբրահամյանն էր:
Նրա վրայի ոսկյա զարդերը գողացված չէին, սակայն դիակի վրա կային բռնության հետքեր: Խոսակցություններ էին շրջանառվում, որ նա մեծ պարտքեր ունի, կասկածներ կային նաև ամուսնու վրա, քանի որ նա օգոստոսի 31-ից անհետացել էր:
2011թ. հոկտեմբերի 26-ին ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկվում հայր և որդի Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները՝ սպանություն կատարելու կասկածանքով: Դրանից երկու օր անց՝ հոկտեմբերի 28-ին, Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղի մոտ՝ կիսակառույց շինությունում, բետոնե թարմ շերտի տակ քննչական խումբը հայտնաբերում է Ալվարդի ամուսնու՝ Յուրիկ Սրաբյանի դիակը:
Նույն օրը ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ «սպանությունը բացահայտվել է», ինչը նույնությամբ տարածվել է ԶԼՄ-ների կողմից՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածով սահմանված անմեղության կանխավարկածը, ըստ որի՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հաջորդ օրը` 2011թ. հոկտեմբերի 29-ին, Աբաջյանների տան նկուղի խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերում է զենք-զինամթերք:
Նախաքննության ընթացքում արձանագրված խախտումները
Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները բերման են ենթարկվել Աբովյան քաղաքի ոստիկանություն: Նրանց հետ ապօրինաբար բաժին է տարվել նաև Վաղարշակի կինը՝ Ռուզաննա Գարգալոյանը, իսկ ավելի ուշ՝ 22:00-ի սահմաններում՝ անչափահաս դուստրը՝ 15-ամյա Մանանա Աբաջյանը:
Մանանը պատմում է, որ 22:00-ի սահմաններում մի ավտոմեքենա կանգնեց իրենց տան դիմաց. «Մի տղամարդ իջավ, առանց ներկայանալու ասաց՝ «արի քեզ տանում ենք մամայիդ ու պապայիդ մոտ, տանը ոչ մեկին մի ասա՝ ուր ես գնում, հագնվի ու արի»: Մեր տանը լիքը մարդ կար, հարևանի տղան ասաց՝ «ո՞ւր եք տանում, ես էլ եմ գալիս Մանանի հետ», իր հետ չխոսեցին, միանգամից ինձ նստացրեցին մեքենան»:
«Անչափահաս աղջկան տնից վերցնես, տանես՝ առանց ներկայանալու, առանց բարեկամներին ասելու, թե ուր ես տանում... Ես գտնում եմ, որ դա առևանգում է, որովհետև բերման ենթարկելու հիմք չունեին, իսկ դա բաժին հրավիրելու ձև չէ»,- ասում է փաստաբան Նարինե Ռշտունին:
Մանանի խոսքերով՝ մոտ մեկ ժամ շարունակ ոստիկանները սպառնացել են, հոգեբանական ճնշում գործադրել. «Գոռգոռում էին իմ վրա, որ «քեզ դպրոցում խայտառակ կանենք, նենց մի արա, որ քո հետ ուրիշ ձևերով խոսանք»: Ասում էին՝ «նենց կանենք, չես կարողանա ոչ մի տեղ ընդունվես, սովորես», «եթե մեր ասածով չանես, ավելի կոպիտ, ուրիշ ձևերով կխոսանք»: Հետո ինձ տարան մի սենյակ, որտեղ մի կին կար, երևի մանկավարժն էր, ու նենց ներկայացրեցին, թե ինձ հենց նոր են բերել հարցաքննելու: Քննիչը ինձ թելադրում էր, որ ես գրեմ: Հետո մամային բերեցին մոտս»,- պատմում է Մանանը՝ նշելով, որ ոստիկաններն իրեն չեն բացատրել իր իրավունքները և չեն ասել, որ կարող է հարազատների դեմ ցուցմունք չտալ:
Մանանա Աբաջյանին հարցաքննել են գիշերը՝ 00:30-ից 01:30-ի սահմաններում, որից հետո նոր մորը և աղջկան դուրս են թողել ոստիկանության բաժնից:
Նույն օրը ուշ երեկոյան՝ Աբաջյանների անհետացումից հետո, փաստաբաններ Նարինե և Ռուբեն Ռշտունիները գնում են Ոստիկանության Աբովյանի բաժին՝ ենթադրելով, որ իրենց պաշտպանյալներն այնտեղ կլինեն:
«Գիշերվա արդեն 11-ն անց էր: Բարձրացանք պետի մոտ, ասում է՝ այստեղ չեն: Ասում եմ, լավ, մեծերը դեռ մի կողմ, բա երեխա՞ն որտեղ է: Ծաղրանքով, ձեռք առնելով ասում է՝ «ես ի՞նչ իմանամ ուր ա, ձեր երեխան ա, գնացեք, գտեք, ստեղ չի», հետո էլ, թե` «ուզում ես մի հատ մեքենա տրամադրենք, գնա քննչականում ման արի»: Եվ միայն իմ սպառնալիքից հետո, որ դիմում կգրեմ նախարարությանը և հայտարարությու կտամ և հեռագիր կուղարկեմ ոստիկանապետին, որ երեխային Կոտայքի բաժնի աշխատակիցներն առևանգել են, ընդունում են, որ Մանանան բաժնում է»,- ասում է Նարինե Ռշտունին:
Ոստիկանության բաժնում մոտ ժամուկես սպասելուց հետո՝ 01:30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները Մանանային ու Ռուզաննային իջեցնում են փաստաբանների մոտ և տեղեկացնում, որ Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները ձերբակալված են ու հրաժարվել են պաշտպանից:
Փաստաբանները պնդում են, որ իրենց ներկայացնեն Աբաջյաններին, և նրանք առերես հրաժարվեն պաշտպանից և այս պահանջով դիմում են գրում Կոտայքի ոստիկանության բաժնի պետի անունով: Փաստաբաններին թույլ են տվել Վաղարշակ Աբաջյանի հետ հանդիպել հաջորդ օրը` հոկտեմբերի 27-ին: Նա պնդել է, որ ուզում է պաշտպան ունենալ, իսկ Հակոբ Աբաջյանի հետ հանդիպելու հնարավորություն չեն տվել՝ ասելով, որ Հրազդանի ՁՊՎ-ում է պահվում:
Հոկտեմբերի 27-ին՝ 22:00-23:00-ի սահմաններում զանգահարել և ոստիկանության բաժին են հրավիրել փաստաբան Նարինե Ռշտունուն: Ոստիկանները փաստաբանին ասել են, որ «հստակ տեղեկություններ ունեն, որ իրենք են սպանել» և հորդորում են Վաղարշակին համոզել խոստովանական ցուցմունք գրել, որպեսզի Հակոբին «գործից հանեն»: Վաղարշակ Աբաջյանը մինչև վերջ պնդել է, որ իրենք չեն սպանել և ցուցմունք չի գրում:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 28-ին, առավոտյան ժամը 7-ի սահմաններում քննչական խումբը գնում է դեպքի վայր, որտեղ թաղված է լինում Յուրա Սրաբյանի դիակը, նկարահանումներ է անում, որոնցում Հակոբ Աբաջյանը պատմում է դեպքի մանրամասները, և բոլոր ԶԼՄ-ներով տեղեկատվություն է տարածվում, թե «Մենք մերոնցով» թերթի խմբագրի և նրա ամուսնու սպանությունը «բացահայտված է»:
Հակոբ Աբաջյանը պնդում է, որ իրեն խոշտանգել են
Փաստաբան Նարինե Ռշտունին ասում է, որ Հակոբ Աբաջյանը Սրաբյանի սպանության հետ կապ չունի, և իր պաշտպանյալն իրեն հայտնել է, որ խոստովանական ցուցմունքներ է տվել ծեծի և ճնշումների ազդեցությամբ: Ըստ Հակոբի` իրեն ծեծել և խոշտանգել են հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, որից հետո առավոտյան գնացել են դեպքի վայր: Պաշտպանն ավելի արժանահավատ է համարում Հակոբ Աբաջյանի ասածները, և դա հիմնավորելու համար բերում է մի քանի փաստեր:
Ըստ արձանագրության՝ Հակոբ Աբաջյանն ինքնախոստովանական ցուցմունք է գրել հոկտեմբերի 26-ին՝ ժամը 21-ի սահմաններում:
«Այդ դեպքում ինչպե՞ս է, որ երկու ամսվա սպանության չբացահայտված դեպք ունեն, մարդը ցուցմունք է տալիս, ասում է դիակի տեղը, բայց դիակը հանելու են գնում միայն հոկտեմբերի 28-ի առավոտյան: Տրամաբանական չէ: Կամ եթե Հակոբը 26-ի երեկոյան արդեն խոստովանական ցումունք է գրել, ինչո՞ւ են 27-ի գիշերն ինձ կանչում, որ ես համոզեմ Վաղարշակին խոստովանել: Աբսուրդ է, ոչ մի տրամաբանություն չկա»,- ասում է փաստաբան Ռշտունին:
Ոստիկանության ՁՊՎ-ների մշտադիտարկման խումբը փաստաբանի ահազանգով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, եղել է Հրազդանի ԶՊՎ-ում և արձանագրել է, որ Հակոբ Աբաջյանը խցում չէ: Աշխատակիցներն ասել են, որ նա տարվել է քննչական գործողությունների համար, սակայն «Ձերբակալվածներին խցից դուրս բերելու» գրանցամատյանում ոչ մի գրառում չի եղել, թե երբ է դուրս բերվել նա, ինչ նպատակով և ինչ փաստաթղթի հիման վրա: Փաստաբանը կասկածներ ունի, որ այդ ժամանակ Հակոբին տարել են ոստիկանության բաժին` ճնշում գործադրելու նպատակով:
Նոյեմբերի 3-ին նախաքննական մարմինը որոշում է կայացրել արգելել տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները մերձավոր ազգականների, ԶԼՄ-ների և այլ անձանց հետ: Այս որոշման հետևում նույնպես Ռշտունին միտում է տեսնում:
Նրա համար խիստ կասկածելի է նաև այն, որ տասնհինգ օր շարունակ իրեն հնարավորություն չեն տվել տեսակցելու իր պաշտպանյալին: Հակոբը հետագայում խոստովանել է, որ իրեն ստիպել են հրաժարվել պաշտպանից` սպառնալով, որ մորն էլ մեղադրանք կառաջարդեն` որպես հանցակից:
«Հակոբ Աբաջյանը մեզ որպես պաշտպան ներգրավելու դիմում է կարողացել ներկայացրել միայն «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո՝ 31.10.2011թ.-ին, երբ զգացել է, որ իրեն ոստիկանների կողմից այլևս խոշտանգումներ չեն սպառնում: Սակայն նույնիսկ այդ դիմումի առկայության դեպքում մեզ որպես պաշտպան ներգրավել են միայն նոյեմբերի 9-ին, այն բանից հետո, երբ մենք քննչական խմբի գործողությունները բողոքարկեցինք դատարանում և մեր բողոքի քննությունը պետք է լսվեր նոյեմբերի 10-ին»,- փաստում է Նարինե Ռշտունին:
Խոշտանգումների մասին Հակոբ Աբաջյանը դիմում է գրել 2011թ. դեկտեմբերի 23-ին` դատախազությանը հայտնելով, որ Աբովյանի ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո իր նկատմամբ կիրառվել են բռնություններ, մանրամասն ներկայացնելով՝ ովքեր և ինչպես են ծեծել իրեն: Նա նաև նշել է, որ քննչական խմբի անդամ ՀՀ ոստիկանության աշխատակից Գրիգոր Մնոյանի սպառնալիքների ներքո 29.10.2011թ.-ին դատարանում նույնպես հրաժարվել է պաշտպանից` վախենալով իր հոր և մոր ճակատագրի համար:
Փաստաբանի խոսքերով` դեկտեմբերին Հակոբի մարմնի վրա դեռ առկա են եղել բռնության հետքերը, և իրենք պահանջել են դատաբժշկական փորձաքննություն նշանակել:
«Հակոբի ձեռքին երկու սպի կար` ծխախոտի այրված տեղեր, ամբողջությամբ կապտած և վնասված էր ոտքի մատը: 2012թ. հունվարին նոր դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել, և բժիշկը գրել է, որ վնասվածքները չեն համապատասխանում մեր նշած ժամանակահատվածին՝ առանց հիմնավորելու, թե ինչու և որ ժամանակահատվածին են համապատասխանում»,- նշում է փաստաբանը:
Խոշտանգման և վատ վերաբերմունքի փաստի առթիվ քրեական գործ հարուցելու միջնորդությունը Հատուկ քննչական ծառայությունը մերժել է: Ի դեպ, քննության ընթացքում ՀՔԾ քննիչը Հակոբ Աբաջյանին ապօրինաբար զրկել է պաշտպան ունենալու իրավունքից` ասելով, որ սա առանձին գործ է Նարինե և Ռուբեն Ռշտունիները չեն կարող այս գործով պաշտպան լինել և մասնակցել բացատրություն տալուն:
Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը պաշտպան Ռշտունիները բողոքարկել են: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Է.Ավետիսյան) մերժել է բողոքը. Փաստաբանները դատարանի որոշումը բողոքարկել են վերաքննիչ ատյանում:
Հակոբ և Վաղինակ Աբաջյաններին առաջադրված մեղադրանքները
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նախաքննական մարմինը Վաղարշակ Աբաջյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով`104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շահադիտական դրդումներով), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռքբերելը, պահելը, իրացնելը) և 38-338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ ցուցմունք տալը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ):
Իսկ Հակոբ Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով ), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շահադիտական դրդումներով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռքբերելը, պահելը, իրացնելը):
Նախաքննական մարմնի վարկածով՝ Վաղինակ Աբաջյանը Ալվարդ Աբրահամյանին խաբել է` իբր կարող է շուկայականից ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երևանում և 2011 թ. ամռանը խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար (ընդհանուր առմամբ 9.936.000 ՀՀ դրամին համարժեք 27.000 ԱՄՆ դոլար)՝ խոստանալով մինչև 2011 թ. սեպտեմբերի 2-ը լուծել բնակարանների ձեռքբերման հարցը:
«Գիտակցելով, որ իր կողմից խոստացած ժամկետները լրանալուց հետո իր կատարած հանցանքը` խարդախությունը, բացահայտվելու է` այն թաքցնելու, միաժամանակ շահադիտական դրդումներով, հափշտակած գումարն անարգել տնօրինելու նպատակով խարդախության մասին կասկածներ ունեցող Ա. Աբրահամյանին և նրա ամուսին Յ. Սրաբյանին առևանգելու, ապա սպանության համար նպաստավոր վայր տեղափոխելու և նրանց սպանելու համար նախնական համաձայնության է եկել որդու` Հ. Աբաջյանի հետ»,- գրված է մեղադրական եզրակացության մեջ:
Ըստ գործի նյութերի՝ «2011 թ. օգոստոսի 31-ին` ժամը 15:00-ի սահմաններում, հայր և որդի Աբաջյանները Սևանա լճից խեցգետնի որս և առևտուր կազմակերպելու պատրվակով Յ. Սրաբյանին առևանգել և տարել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք: Նշված շինությունում Հ. և Վ. Աբաջյանները հարվածելու և ձեռքերով խեղդելու միջոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել, սպանել են Յուրա Սրաբյանին, որից հետո դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ և քարերով ծածկել: Հանած հագուստներն ու կոշիկները նետել են Գավառ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում»:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում, Աբաջյանները, չարաշահելով Ա. Աբրահամյանի վստահությունը, ամուսնու մոտ տանելու պատրվակով, Երևանից Ա. Աբրահամյանին առևանգել և մեքենայով տեղափոխել են Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի տարածք և պարանով խեղդելու եղանակով սպանել են նրան` դին գցելով աղբով լցված փոսի մեջ:
Քրեական գործի նյութերում նշված է, որ մի քանի օր անց՝ սեպտեմբերի 4-ին, Աբաջյանները գնացել և բետոնե շաղախով ծածկել են Սրաբյանի դիակը, որպեսզի դին չհայտնաբերվի:
Հոկտեմբերի 26-ին Վաղինակ և Հակոբ Աբաջյանները ձերբակալվեն են, իսկ հոկտեմբերի 29-ին կատարված խուզարկությամբ նրանց տան նկուղից հայտնաբերել են ապօրինի կերպով ձեռք բերված զենք-զինամթերք:
Փաստաբան Նարինե Ռշտունու խոսքերով` մեղադրանքը շատ թույլ է հիմնավորված, քանի որ ուղղակի ոչ մի ապացույց չկա, բացի Հակոբ Աբաջյանի ինքնախոստովանական ցուցմունքը: Իսկ հաշվի առնելով, որ ցուցմունքը կորզվել է պաշտպանության իրավունքի խախտմամբ` առանց պաշտպանի ներկայության, այն չպետք է ապացույց հանդիսանա և դրվի դատավճռի հիմքում:
«Մատաղիսի հայտնի գործով Վճռաբեկ դատարանը սևը սպիտակի վրա գրել է, որ միայն ինքնախոստովանական ցումունքով չի կարելի մարդուն մեղավոր ճանաչել, պետք է լինի ապացույցների համակցություն: Ես ապացույցների համակցություն չեմ տեսնում այս գործում. ո՛չ առևանգում կա, ո՛չ շահադիտական նպատակ»,- ասում է փաստաբանը:
Ալվարդ Աբրահամյանի և Յուրա Սրաբյանի սպանության գործը ներկայումս քննվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Արշակ Վարդանյան): Վաղարշակ Աբաջյանը, ով նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, դատարանում հայտարարել է, որ իրեն մասամբ է մեղավոր ճանաչում և հարցաքննության ժամանակ կասի, թե հատկապես ինչում (մինչ այդ նա հրաժարվել է ցուցմունք տալուց):
Դատական առաջիկա նիստը նշանակված է սեպտեմբերի 5-ին:
