NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մանկապարտեզներում պետականորեն հաստատված սննդակարգ չկա

Հայաստանի մանկապարտեզներում
չկա կալորիաների հաշվարկման պարտադիր պայման, պետականորեն հաստատված չէ մանկապարտեզներում
թույլատրելի և անթույլատրելի սննդամթերքների ցանկը։
Հայաստանում կան
մանկապարտեզներ, որոնք երեխաների սննդի մեջ օգտագործվող կարագի փոխարեն մատակարարներից
գնում են բուսասերուցքային խառնուրդ՝ սփրեդ։ Իսկ որոշ մանկապարտեզներ երեխաների
սննդի համար հատկացվող բյուջեից գնում են սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան ու մսի
պահածոներ, կծու պղպղեղ և այլն:
Այս խախտումները բացահայտվել
են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կատարած
ուսումնասիրությունների արդյունքում։ Սեպտեմբերի 24-ին հանձնաժողովը հրապարակել է
575 մանկապարտեզում կատարած ուսումնասիրության արդյունքները և որոշել է 27 անբարեխիղճ մատակարար
ընկերություններին տուգանել տարեկան հասույթի 1%-ի չափով:
«Մի շարք տնտեսվարողների վաճառքի փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ վերջինները մանկապարտեզներին «կարագ» են մատակարարել 1000-1600 դրամով, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում կարագի շուկայական գինը 2 անգամ ավելի թանկ է եղել, ինչը փաստում է, որ վաճառված ապրանքը կարագ չէ: Խուսափելով ՏՄՊՊՀ ներկայացնել ձեռքբերման փաստաթղթերը՝ տնտեսվարողները նշել են, որ կարագը կամ սփրեդը գնել են շուկայից` առանց փաստաթղթերի»,- հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանձնաժողովը
առավելագույն պատժաչափն է կիրառել անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ՝ հաշվի
առնելով, որ խնդիրն առնչվում է մանկահասակ երեխաների առողջությանը։
Ուսումնասիրության ողջ փաթեթը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն և համապատասխան
պետական մարմիններին։
Մասնագետների կարծիքով՝ տրանս ճարպեր պարունակող սփրեդը
վտանգում է երեխաների առողջությունը։ Այնուամենայնիվ, բժշկության մեջ չկան հստակ ուսումնասիրություններ,
որոնք կփաստեն, որ բուսասերուցքային խառնուրդները, ինչպիսին սփրեդն է, վնասական են
առողջության համար:
Երևանում գործող պետական
մանկապարտեզները գտնվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Խնդրի
վերաբերյալ պարզաբանումներ փորձեցինք ստանալ Քաղաքապետարանի Տեղատվության և
հասարականության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից։ Նա www.hra.am –ին հաղորդեց, որ Երևանի
մանկապարտեզներում գրանցված խախտումների մասին իրենք տեղեկացել են դեռ անցած տարի
և քայլեր են իրականացրել դրանց կանխման ուղղությամբ:
«Մենք պատասխանատվություն ենք կրում
յուրաքանչյուր երեխայի առօրյայի ճիշտ կազմակերպման և առողջության համար: Անթույլատրելի
է անորակ և ժամկետանց սննդի մատակարարումը: Կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը օրենքով
սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու այն կազմակերպություններին, որոնք մանկապարտեզներ
կմատակարարեն սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սնունդ»,- նշել է քաղաքապետ
Տարոն Մարգարյանը անցած տարի հրավիրած նիստի ժամանակ:
Արթուր Գրիգորյանը
հավաստում է, որ մանկապարտեզների անբարեխիղճ տնօրենները պատասխանատվության են
ենթարկվել: Օրինակ՝ անցած տարվա ապրիլին կատարված ստուգումների արդյունքում Դավիթաշեն վարչական շրջանի
մի քանի մանկապարտեզներում արձանագրվել են թերություններ և խախտումներ, չորս տնօրենների
վարչական ծրջանի ղեկավարը հայտարարել է գրավոր խիստ նկատողություն։
«Մայրաքաղաքում խնդիրներ
չկան, քանի որ ծնողները հնարավորություն ունեն ստուգելու, թե ինչ է ուտում իրենց
երեխան: Հնարավոր է խնդիրը առկա է մարզերում»,- կարծում է Քաղաքապետարանի
հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:
«Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության՝ մոր և
մանկան առողջության և սնուցման ծրագրի փորձագետ Ռուզաննա Մանուկյանը կարծում
է, որ վերջին 4-5 տարիներին երեխաների առողջ սնուցմանն ավելի մեծ ուշադրություն են
սկսել դարձնել։ «ՎՎՀ»–ն Հայաստանի վեց մարզերում և Երևանում իրականացնում է առողջ սնուցման
վերաբերյալ ծրագրեր՝ մանկահասակ երեխաներ ունեցող ծնողներին, մանկապարտեզի աշխատողներին
սովորեցնելով ինչպես ճիշտ կազմակերպել 0-5 տարեկան երեխաների սնուցումը։
«Ինչպես ներկայացնում են մանկապարտեզների աշխատողները՝ Հայաստանում
գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ չկա կալորիաների հաշվարկում, պետականորեն հաստատված
սննդամթերքների ցանկ, թե որոնք են մանկապարտեզ հաճախող երեխաների համար թույլատրելի
և արգելված մթերքները»,- www.hra.am –ին ասում է Մանուկյանը:
Նույնպիսի մտահոգություն
արտահայտել են նաև ՏՄՊՊՀ-ն մասնագետները՝ նշելով, որ ի հայտ եկած խախտումները նաև օրենսդրական բացերի արդյունք են: Նրանք որպես դրական օրինակ ներկայացրել են Ռուսաստանի դաշնության փորձը, որտեղ
իրավական փաստաթղթով հստակ սահմանված է երեխաների սննդի համար օգտագործվող սննդամթերքի ցանկը:
