Մեկ օրում երեք վճիռ ՀՀ դեմ՝ 40.000 եվրո տուգանքով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկ օրվա ընթացքում Հայաստանի դեմ երեք վճիռ է կայացրել։ ՀՀ պետական բյուջեից, այսինքն՝ բոլոր բնակիչների գրպանից Կառավարությունը պետք է 31.000 եվրո վճարի Գրիշա Վիրաբյանին, 6000 եվրո՝ Ժիրայր Սեֆիլյանին և 3000 եվրո՝ Վեներա Անտոնյանին՝ որպես փոխհատուցում։

Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը եղել Է ապօրինի 

Լիբանանահայ ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» ՀԿ համակարգող Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր 2006թ-ին։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մոտ 15 դիմակավոր և զինված աշխատակիցներ 2006-ի դեկտեմբերի 9-ի լույս 10-ի
գիշերը, խախտելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 12-րդ հոդվածները, Սեֆիլյանին ձերբակալեցին ընտանեկան խնջույքի ժամանակ՝ բոլորի աչքի առջև։

2007-ի օգոստոսին դատարանը Սեֆիլյանին մեղավոր ճանաչեց ապօրինի զենք և զինամթերք պահելու
մեջ: Սեֆիլյանը մեղադրվում էր նաև
ՀՀ քերական օրնեսգրքի 301 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական
կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ, որը դատարանում
չհաստատվեց:

Քաղաքական տարբեր գործիչներ կարծիք էին հայտնում, որ
Սեֆիլյանը քաղբանտարկյալ է, իր քաղաքական հայացքների համար է հետապնդվում, և
քննադատում էին իշխանության ու դատարանների գործելաոճը։ Սեֆիլյանը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

Երկուսուկես տարվա բանտարկությունից ազատվելուց հետո՝ 4 տարի անց, ՄԻԵԴ–ը, քննելով Ժիրայր Սեֆիլյանի գանգատը, որոշեց, որ նա իրականում անմեղ է եղել: Եվրադատարանը հաստատեց, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենիցայի 5-րդ հոդվածի 1–ին, 3–րդ, 4–րդ մասերը (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք):

Դատարանը գտավ, որ բավարար հիմքեր չեն եղել Սեֆիլյանին
կալանավորելու համար: Ապօրինի են եղել ԱԱԾ կողմից իրականացված բոլոր գաղտնալսումները,
ընտանեկան միջավայրում՝ խնջույքի ժամանակ, հատուկ նշանակության ջոկատայինների մեծ խմբի
կողմից ձերբակալելը և այլն:

Գրիշա Վիրաբյանին
խոշտանգել են ոստիկանության բաժնում

Արտաշատի Շահումյան գյուղի բնակիչ, ՀԺԿ անդամ, մանկավարժ-պատմաբան
Գրիշա Վիրաբյանը 2004թ.-ի ապրիլի 23-ի ընդդիմության հանրահավաքից հետո տարվել է Արտաշատի ոստիկանության
բաժանմունք։

Այնտեղ անցկացրած մի քանի ժամերի մասին նա հետագայում լրատվամիջոցներին
հետևյալն է պատմել.

«Հայհոյեց և մոտեցավ ինձ: Ես նստած էի սեղանի կողքը: Ոտքով հարվածեց կողքիս և
երկու անգամ բռունցքով խփեց դեմքիս: Ես ափերից դուրս եկա, ինքնապաշտպանական բնազդս
աշխատեց. սեղանին կաբել կար դրած, վերցրեցի, խփեցի, պարզվեց հեռախոսի լիցքավորման
սարքն է, որը պոկվեց և կպավ աչքի տակին: Նա ձեռքը տարավ աչքին և ասաց. «Վախ, էս
ի՞նչ արիր»: Էդ րոպեին քրեականի տղերքը ներս մտան, ինձ տարան մյուս սենյակ: Անցավ
երկու րոպե, եկան Հովիկը և մի ուրիշ օպեր՝ Արմեն անունով։  Նրան Պոլիսի Արմեն են ասում: Արտաշատում էս
Արմենը հայտնի է իր ծեծով. ում բռնում են, նա է ծեծում: Երկուսով սկսեցին ինձ
խփել, կողքիս էին խփում, ես ձեն չէի անում, մտածում էի` թող խփեն հանգստանան,
վերջանա էս ամեն ինչը:

Հովիկն ու Արմենը առանց դադարի 10 րոպե ինձ ծեծեցին: Հետո Հովիկը գնաց, Արմենը
մենակ շարունակեց խփել ոտքերիս արանքին, կողքիս ու երիկամներիս: Ես կողքիս
անտանելի ցավ էի զգում: Արմենը դուրս եկավ, եկավ վարչության պետի տեղակալ Աշոտ
Կարապետյանը: Հենց ներս մտավ, թքեց վրաս. «Բոմժե՛ր, ի՞նչ եք ուզում, էս երկիրը,
մեկ ա, չեք կարող փոխել»: Տեսավ, որ բոթասներով եմ, կրունկներով սկսեց խփել
մատներիս, բոլորին դուրս հանեց, մենակ ինքը մնաց: Ես իրեն զգուշացրի, որ կողքիս
չխփի: Սկսեց կողքիս խփել, զգում էի, որ արդեն վատանում եմ, ցավերս ուժեղանում էին:
Ես ոչինչ չէի պատասխանում, մտածում էի, եթե մի բան ասեմ, ինձ կսպանեն»,- սա մի
մասն է այն խոշտանգումների,  որոնց ենթարկվել է Գրիշա Վիրաբյանը Արտաշատի ոստիկանության
բաժանմունքում։

Վիրաբյանին այնպես էին խոշտանգել, որ նա հայտնվել էր հիվանդանոցում,
որտեղ վիրահատելով հեռացրել էին ծեծից վնասված ամորձին:

Հայաստանի դատարանները այդպես էլ պատասխանտվության չենթարկեցին այն մարդկանց, ովքեր խոշտանգել էին Վիրաբյանին։ Փոխարենը ծեծի ենթարկված Վիրաբյանը մեղադրվեց Քրեական օրենսգրքի 316 հոդվածով՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովիկ Մովսիսյանին հարվածելու համար:

«Վիրաբյանն արժանացել է դաժան և
արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»,- իր տարեկան զեկույցում նշեց այն
ժամանակ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նա նաև իր
անհամաձայնությունը հայտնեց, որ դատախազությունը քրեական գործ չի հարուցել
Վիրաբյանին խոշտանգած ոստիկանների նկատմամբ:

Մի քանի ամիս տևած նախաքննությունից հետո՝ միջազգային կազմակերպությունների ճնշումների ազդեցությամբ, դատախազությունը կարճեց Վիրաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` պատճառաբանելով, որ հանցագործություն կատարելու ընթացքում Վիրաբյանի առողջությանը ևս պատճառվել է միջին ծանրության վնաս և «փաստորեն, զրկանքներ կրելով, նա քավել է իր մեղքը»:

Վիրաբյանը նախ դատարանում բողոքարկեց իր նկատմամբ բռնություն գործադրած անձանց նկատմամբ քրեական գործ չհարուցելու որոշումը։ Նա բողոքարկեց նաև իր նկատմամբ քրգործը կարճելու հիմքը` պահանջելով այն կարճել ոչ թե «մեղքը քավելու» հիմքով, այլ՝ հանցակազմի բացակայության: Ներպետական դատական բոլոր ատյանները սպառելով և մերժում ստանալով՝ Վիրաբյանը դիմեց ՄԻԵԴ։

«Անմարդկային վերաբերմունքի դրսևորում, որի համար պետությունը պետք է պատասխանատվություն կրի»,- այսպես է որակել ՄԻԵԴ-ը կատարվածը՝ նշելով, որ ՀՀ կառավարության տված բացատրությունները այս դեպքի կապացությամբ «ծայրահեղ կասկածելի են և անհավանական»։

Եվրադատարանը
ճանաչել է ՄԻԵԿ 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում) և 6-րդ հոդվածի 2-րդ մասի
(արդար դատաքննության իրավունք) խախտում՝ Հայաստանի հանրապետությանը
պարտավորեցնելով 31.000 եվրո վճարել Գրիշա Վիրաբյանին՝ որպես փոխհատուցում։

ԵԴ հիմնական
մեղավորների մեջ նշել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանին, ով 2004թ.-ին Արտաշատի ոստիկանության բաժնի օպերատիվ գծով տեղակալն էր։