NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մեծահասակները Հայաստանում զրկված են կրթվելու և աշխատելու իրավունքից
73-ամյա Էմմա Վարդանյանն
արդեն 3 տարի է` կարոտում է ամեն օր աշխատանքի գնալը, մարդկանց հետ շփվելն ու մարդկանց
պիտանի լինելը: Կրճատումների պատճառով աշխատանքը կորցնելուց հետո կայուն աշխատավարձի
պակասն էլ է զգում. ստացած թոշակը բավարարում է միայն տան ծախսերին, իսկ նա շատ նպատակներ
ու ծրագրեր ունի. ուզում է անգլերեն սովորել, պարի խմբակ հաճախել։
Տիկին Էմման մինչև
70 տարեկանն աշխատել է Մերգելյան ինստիտուտում որպես ծրագրավորող: Դրանից հետո անցել
է թոշակի, սակայն չի կարողանում համակերպվել տանը նստելու մտքի հետ:
«Հենց տարիքս լսում
են, ասում են՝ ի՞նչ աշխատանք: Էլ չեն նայում, որ ես վարժ տիրապետում եմ համակարգչին,
կարողանում եմ տեսքստեր հավաքել, ռուսերեն-հայերեն որակյալ թարգամանություններ կատարել:
Ես սովորական մարդ եմ, ով ուզում է ապրել, կրթվել ու աշխատել»,- ասում է նա:
Էմման միակը չէ. 52-ամյա
Նարինե Հովակիմյանն ասում է, որ 13 տարի հաշվապահ է աշխատել, սակայն այժմ չի կարողանում
աշխատանք գտնել:
«Մի աշխատավայրում
ինձնից մի համակարգչայի ծրագրի իմացություն պահաջեցին, ես գնացի մասնավոր պարապունքների,
սովորեցի, բայց չընդունեցին: Հետո խոստովանեցին, որ իրականում ինձ աշխատանքի չեն ընդունում
իմ տարիքի համար: Այսինքն՝ կա ակնհայտ խտրականություն: Արդեն մի քանի տարի է՝ չեմ կարողանում
սովորել նաև անգլերեն, որը միշտ պահանջում են՝ անկախ նրանից պե՞տք է, թե՞ ոչ: Ինքնուրույն
էլ չի ստացվում, քանի որ իմ օտար լեզուն գերմաներենն է եղել»,- պատմում է Նարինե Հովակիմյանը:
Նա ասում է, որ, չնայած
օրենսդրությամբ սահմանված է մեծահասակների սովորելու և աշխատելու իրավունքը, սակայն,
իրականում, դրա համար հնարավորություններ ստեղծված չեն պետության կողմից:
Այդ բացը փորձում
են լրացնել Հայաստանում գործող 10-ից ավելի հասարակական կազմակերպություններ:
«Հնաբնակ Երևանցիների
ասոցացիա» ՀԿ նախագահ 85-ամյա Կառլեն Բաբայանը երկար տարիներ եղել է Երևանի պետական
համալսարանի սպրոտի ամբիոնի դասախոս: Իսկ ներկայումս տարեցների երգչախումբ է ղեկավարում՝
լուծելով թե՛ իր, թե՛ իր հասակակիցների զբաղվածության խնդիրը:
«Հասկացա, որ ծեր
մարդկանց զբաղմունք է պետք, նոր գիտելիքներ ստանալու կամ հինը կատարելագործելու վայր:
Դրա համար հավաքեցի ծեր մարդկանց, ստեղծեցի երգչախումբ: Հիմա երգեր եմ գրում ու ղեկավարում
եմ երգչախումբը, որի մեջ անգամ 100-ն անց մարդ է եղել, իսկ հիմա ամենատարեցը 90 տարեկան
է»,- www.hra.am –ին պատմում է Կառլեն
Բաբայանը, ում ՀԿ-ն ունի մոտ 200 տարեց անդամ:
Հայաստանում մեծահասակների
իրավունքները օրենսդրական կարգավորման կարիք ունեն
ՀՀ աշխատանքի և սոցալական
հարցերի և Կրթության և գիտության նախարարության աշխատակիցներն ընդունում են, որ մեծահասակների
կրթության և աշխատանքի իրավունքի ապահովման ոլորտում կան խնդիրներ:
ՀՀ ԿԳՆ Լրացուցիչ
և շարունակական կրթության բաժնի պետ Աիդա Տիգրանյանը www.hra.am –ի հետ զրույցում
նշեց, որ ոլորտում առաջնահերթ է օրենսդրական դաշտի կարգավորումը ու համակարգային խնդիրների
լուծումը:
«Մենք անընդհատ լսում
ենք «մեծահասակների կրթություն», բայց իրավական դաշտում չկա հատուկ ձևակերպում, թե
մեծահասակ ասելով մենք, որ տարիքն ենք հասկանում»,- կարծում է Տիգրանյանը:
Անդրադառնալով
2007-ին ՀՀ Ազգային ժողովի Օրինաց երկիր խմբակցության
մի քանի պատգամավորների կողմից մշակված «Մեծահասակների կրթության մասին» ՀՀ
օրենքի նախագծին՝ Աիդա Տիգրանյանն ասաց, որ այն չի կարող ընդունվել, քանի որ հակասում
է մի շարք օրենքների:
ՀՀ կառավարությունն
այդ նախագծին բասացական եզրակացություն է տվել՝ նշելով ոչ միայն օրենսդրական հակասությունների,
այլև՝ պահանջվող, բայց պետբյուջեով չնախատեսված ֆինանսական հատկացումների մասին:
Սակայն օրենքի նախագիծը
մշակող պատգամավորները հղում են անում ՀՀ սահմանդրության
39-րդ հոդվածին, որը հստակ ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք՝
առանց խտրականության:
ՀՀ ԿԳՆ Լրացուցիչ
և շարունակական կրթության բաժնի պետ Աիդա Տիգրանյանը հայտնում է, որ իրենք մշակել են «Հայաստանի
Հանրապետության լրացուցիչ և շարունակական կրթության մասին ազգային զեկույց», քննարկման
փուլում են գտնվում լրացուցիչ և շարունակական կրթության ռազմավարության, գործողությունների
պլանի, ինչպես նաև ոլորտը կարգավորող կարգերի նախագծերը, նախատեսվում են փոփոխություններ
գործող կրթական օրենսդրական դաշտում:
«Ես իսկապես շատ ոգևորված
եմ, որ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է,
որ սկսել է կարևորություն տալ այս հարցերին ու հատուկ ռազմավարության մշակել: Հուսով
եմ, որ երբ ժամանակը գա պրակտիկ գործելու մենք այդ հարցում էլ առաջինը կլինենք»,- կարծում
է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ
Հայրապետյանը:
ՄԱԿ-ի բնակչության
հիմնադրամի և «ՀելփԷյջ Ինթերնեյշնլի» կողմից իրականացված
«Ծերացումը 21-րդ դարում» հետազոտության համաձայն՝ Հայաստանում 60-ն անց բնակչությունը
ներկայումս 18 տոկոս է կազմում, իսկ 2050 թվականին կլինի գրեթե կրկնակի ավելի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ Հայաստանում 65-ից բարձր տարիքի մարդկանց թիվը 376.000 է:
Մեծահասակների համար
գործող ծրագրերը մատչելի չեն
Մեծահասակների կրթության
ապահովման ոլորտում կատարվող քայլերը դեռևս շոշափելի արդյունք չեն ունենում գործնական
դաշտում: Անգամ ԿԳՆ կողմից մոնիտորինգ չի կատարվել՝ որոշելու շահառուների քանակը, անհրաժեշտ
կրթական ծրագրերը և այլն:
Բոլոնիայի կրթական
համակարգի ներդրումը, իր հերթին, նախատեսում է բարեփոխումներ ամբողջ կյանքի ընթացքում
շարունակական կրթության ոլորտում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկայումս կազմակերպվում է լրացուցիչ կրթություն մեծահասակների համար:
Բայց այդ կուրսը ոչ բոլոր մեծահասակներին համար է մատչելի, քանի որ բոլոր ծրագրերը
վճարովի են: Ծրագրերը անվճար են լինում միայն այն ժամանակ, երբ իրականացվում են միջազգային
կազմակերպության տրամադրած դրամաշնորհով:
«Չենք կարող
բոլոր մեծահասակներին մեկ օրում աշխատանքով ապահովել»
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանի կարծիքով՝ մեծահասաների համար առաջնահերթություն
է ոչ թե աշխատելը, այլ՝ առողջ և զբաղված լինելը: Առողջության ապահովման համար պետությունը
սահմանել է անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժսպասարկում հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում:
«Ինչ վերաբերում է
աշխատելուն, այո՛, աշխատանքը շատ կարևոր է հատկապես նախակենսաթոշակային տարիքում, բայց
մենք չենք կարող մեկ օրում նրանց բոլորին աշխատանքով ապահովել: Մեր ռազմավարության
մեջ կան հստակ ծրագրեր, օրինակ՝ Գյումրիում կենտրոն է ստեղծվելու, որտեղ տարեցները
իրենց տիրապետած արհեստները դասավանդելու են երիտասարդներին»,- ասում է նա:
Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանում
այժմ կան 3 պետական ու 4 ոչ պետական տուն ինտերնատներ,
որոնցում ապրում է 1230 տարեց: Ընդհանուր առմամբ կա 14,000 միայնակ տարեց,
որոնցից միայն Երևանում 1500-ը տան պայմաններում
սպասարկվում է պետական ու ՀԿ դաշտի սոցիալական աշխատողների կողմից: Հայաստանում կա
100 տարին լրացած 126 մարդ, ում պատշաճ ուշադրություն դարձնելու համար նախարարության կողմից հատուկ հրահանգ
է տրվել մարզպետարաններին:
Ջեմմա Բաղդասարյանն
առաջնային է համարում ծերաբուժության ու ծերաբանության ինստիտուտ չունենալը:
«Չունենք մասնագետներ, որոնք կարող են տարեց մարդու առողջական խնդիրներին տալ
լուծումներ, ինչպես որ արվում է մաբողջ աշխարհում: Առաջիկա 5 տարվա համար ՀՀ կառավարությունը
հաստատել է բնակչության ծերացման հետևանքներից բխող տարեցների պաշտպանության ռազմավարությունը,
որի համաձայն բուհերում կպատրաստվեն ծերաբաններ»,- ասում է նա:
Կանցկացվի «Ցկյանս
ուսումնառության օրեր Հայաստանում» փառատոնը
Մեծահասակների կրթություն ստանալու
գաղափարը նոր չէ: Օրինակ Դանիայում առաջին նման կրթական կենտրոնները ստեղծվել են դեռ
1800-ական թվականներին:
«Գերմանիայում կան հենց մեծահասակների
կրթությունը ապահովող հազարավոր կենտրոններ, որտեղ ցանկացած ոք կարող է կրթություն
ստանալ ֆորմալ կրթութունից դուրս՝ լրացնելով իր կրթական բացերը, ստանալով քաղաքացիական
կրթություն, օրինակ՝ արվեստների, լեզուների և այլ բնագավառում ու, դրան գումարած, մասնագիտացած
ուսուցում, որն անհրաժեշտ է աշխատանքային ոլորտում»,- www.hra.am –ին ասում է «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի» նախագահ Արամ Ավագյանը:
Նա համոզված է, որ այդ համակարգը
Հայաստանում էլ կարող է ներդրվել, եթե պետությունն ընդունի այդ հարցի կարևորությունը
ու հետագայում վավերացնի ու ճանաչի ուսման արդյունքները: Նաև
այդ նպատակով է, որ 2012թ-ին ստեղծվել է լիգան, որը 11 ակտիվ ՀԿ-ների և «Գլոբալ զարգացման
հիմնադրամից» կազմված իրավաբանական անձանց միություն է:
«Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» հասարակական կազմակերպության և «DVV international» կազմակերպության կողմից արդեն 8 անգամ անցկացվել է ամենամյա «Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում» միջոցառումների շարքը:
Հարատև կրթության, այդ թվում՝ մեծահասակների կրթության առկա վիճակի, հիմնախնդիրների ու զարգացման միտումների մասին
բարձրաձայնելու նպատակով «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի» այս տարվա նոյեմբերին Երևանում, Իջևանում և Գյումրիում առաջին անգամ կանցկացվի «Ցկյանս ուսումնառության օրեր Հայաստանում» եռօրյա փառատոնը:
