NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի ուղղման հնարավորությունը չնչին է

Թե ինչպիսին կվերադառնա դատապարյալը երկար տարիների ազատազրկումից դեպի հասարակություն, դժվար է կանխատեսել։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների հետ ուղղիչ աշխատանքներ իրականացվում են: Մինչդեռ փորձագետների կարծիքով` ուղղման մասին հնարավոր չէ խոսել մի համակարգում, որտեղ ո´չ օրենսդրական մակարադակում է հստակ ձևակերպված, թե ինչ ուղղիչ աշխատանքներ պիտի տարվեն և ո´չ էլ համապատասխան մասնագետներ կան:
ՀՀ քրեական օրենսգրքի 48–րդ հոդվածը սահմանում է, որ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել իրավախախտ անձին և կանխել հետագա հացագործությունները։
Դատապարտյալի ուղղում հասկացությունը ՀՀ քրեակատարողական օրենսգրքում բացատրվում է որպես դատապարտյալի հարգալից վերաբերմունքի ձևավորումը մարդու, հաuարակության, համակեցության կանոնների և ավանդույթների նկատմամբ: Ուղղումը պետք է նպաստի անձի oրինապահ վարքագծի խթանմանը:
Որքանո՞վ են հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներն ուղղվում, դժվար է ասել:
Դատապարտյալները միայն ազատության մեջ հայտնվելուց հետո են խոսում ազատազրկման վայրերի անմարդկային պայմանների մասին՝ քմծիծաղով արձագանքելով ուղղման հնարավորությունների վերաբերյալ հարցադրումներին։
Մինչդեռ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հավաստիացնում է, որ ՔԿՀ–ներում դատապարտյալների ուղղման միջոցներ կիրառվում են։ Դրանք են` պատիժը կրելու սահմանված կարգն ու պայմանները, դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, ինչպես նաև՝ դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և այլ զբաղվածությունը:
Ղլեչյանի խոսքերով՝ ուղղման միջոցներ կիրառելիս հաշվի են առնվում դատապարտյալի անձը, պատժի տեսակը և տևողությունը, պատժի կրման ընթացքում դրսևորած վարքագիծը, կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, սեփական վերաբերմունքը կատարած հանցանքին և այլ հանգամանքներ:
«Վերոնշյալ սկզբունքի հիման վրա բոլոր դատապարտյալների համար կազմվում է ուղղման անհատական պլան և աշխատանքներն իրականացվում են համաձայն այդ պլանի: Սոցիալական, հոգեբանական, իրավական և դաստիարակչական աշխատանքներին դատապարտյալի մասնակցությունը հաշվի է առնվում նրա ուղղման աստիճանը որոշելիս, նրա նկատմամբ սահմանված կարգով խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելիս, խցերում, խմբերում կամ պատժի կրման համար այլ հիմնարկներում տեղաբաշխելիս, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինման ներկայացնելիս»,- վստահեցնում են ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Բացի այդ, նշվում է, որ բոլոր ՔԿՀ–ներում տոն օրերին կազմակերպվում են տարբեր բնույթի մարզական, մշակութային, կրոնական միջոցառումներ, չորս հիմնարկներում բացվել են համակարգչային սրահներ, ՀԿ-ների աջակցությամբ «Էրեբունի» ՔԿՀ-ում իրականացվում են անգլերենի, հաշվապահական հաշվառման և համակարգչային դասընթացներ:
Սակայն Գոռ Ղլեչյանի թվարկած ուղղիչ միջոցառումների գոյությունը ազատազրկման մեջ գտնված մեր զրուցակիցներից ոչ մեկը չհաստատեց:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկից վերջերս դուրս եկած նախկին դատապարտյալ Սոնա Այվազյանը (անունը փոխված է) պատմում է, որ իրենք զարմանքով էին կարդում քրեակատարողական հիմնարկներում ռեաբիլիտացիոն համակարգերի, ուղղման մեխանիզմների, հոգեբանական աշխատանքների մասին թերթերում գրվող նյութերը: Նա պնդում է, որ մեր քրեակատարողական հիմնարկներում այդպիսի աշխատանքներ չեն տարվում։
Նույնը փաստում է նաև «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Քաջիկ Փաշայանը, ով անցյալ տարվա հուլիսին իր և ևս 100 դատապարտյալի անունից բաց նամակ էր ուղարկել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն։
«Երբ լրագրողները, հասարակական դիտորդները գալիս են «Կոշ» ՔԿՀ, ադմինիստրացիան միշտ գովաբանում է մեզ, որ օրինակելի դատապարտյալներ ենք, բայց երբ գալիս է ադմինիստրացիայի նիստին մասնակցելու օրն ու ժամը, մեկ բառով բնութագրում են «բացասական», դառնում ենք անուղղելի»,–գրում են դատապարտյալները՝ կարծիք հայտնելով, որ իրենց չեն ուզում պայմանական վաղաժամկետ ազատել, որովհետև յուրաքանչյուր դատապարտյալի համար օրական ստանում են 3600 դրամ։
«...Ինչքան շատ դատապարտյալ, այնքան շատ փող շորթելու հնարավորություն: Դրա համար ոչ թե դատապարտյալին ուղղում են կամ ուզում են ուղղել, այլ բոլորովին հակառակը` ուղղվածներին էլ դարձնում են հանցագործ»,– գրում են «Կոշ» ՔԿՀ դատապարտյալները:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի անդամ Զարուհի Մեջլումյանն ասում է, որ դատապարտյալի համար շատ դժվար է սոցիում վերադառնալ, որովհետև ազատազրկման մեջ եղած ժամանակ հասարակության հետ կապող թելը կտրված է. «Ի՞նչ հոգեբանական աշխատանքի մասին է խոսքը, եթե 12 քրեակատարողական հիմնարկների համար կա ընդամենը 11 հոգեբան, որոնք պետք է աշխատեն 5000 դատապարտյալի հետ: Սա սարսափելի փոքր թիվ է, էլ չենք խոսում այն մասին, որ հոգեբանները նույն համակարգի աշխատողներն են և դատապարտյալները նրանց ամեն ինչ չէ, որ վստահում են»,- ասում է նա:
Զարուհի Մեջլումյանը քրեակատարողական հիմնարկների և դատապարտյալների հետ ունեցած իր շփումներից եկել է այն եզրահանգմանը, որ Հայաստանում հնարավոր չէ խոսել դատապարտյալների ուղղման միջոցների մասին, քանի որ նրանցից յուրաքանչյուրը անազատության մեջ պայքարում է ընդամենը համատարած գորշության մեջ լավատեսությունը չկորցնելու և որպես անձ չկոտրվելու համար:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը վերջերս «Առավոտին» տված հարցազրույցում հայաստանյան քրեակատարողական հիմնարկները համեմատել էր «աֆրիկյան փոսերի» հետ, որտեղ դատապարտյալին դիտարկում են որպես «փողի աղբյուր»: Նա ասել էր, որ անձը կալանավայրից առանձնապես դաժան դարձած, «որպես գայլ» է վերադառնում հասարակություն և պատրաստ է նոր, ավելի ծանր հանցանքներ գործելու, որպեսզի իր պարտքերը տա, երեխաներին պահի կամ փոխհատուցի այն զրկանքների համար, որ իր ընտանքը տեսել է այդ ընթացքում։
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանի մեկնաբանմամբ` գործող օրենսդրությամբ ՔԿՀ-ներում իրականացվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները և ուղղման միջոցների առանձին տեսակներ պարտադիր են միայն անչափահաս դատապարտյալների համար, իսկ չափահասների համար պարտադիր բնույթ չեն կրում:
«Դատապարտյալների ուղղմանն ուղղված աշխատանքների բացակայությունը կամ թերի կազմակերպումը կարող է հանգեցնել բանտի ներսում կառավարելիության աստիճանի նվազմանը և կրկնահանցագործությունների ավելացմանը, այսինքն` բացասական իմաստով ազդել պատժի` մյուս երկու նպատակների իրագործմանը»,- կարծում է նախարարի խորհրդականը:
Առուստամյանի խոսքերով` դատապարտյալների հետ ուղղիչ աշխատանքներ իրականացվում են բոլոր քրեակատարողական հիմնարկներում` հաշվի առնելով տվյալ հիմնարկում պահվող անձանց թիվը և համապատասխան աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ռեսուրսները: Որպես օրինակ նախարարի խորհրդականը բերում է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կողմից ավելի քան 300 դատապարտյալի աշխատանքային զբաղվածությունը և 77 դատապարտյալի ուսումնական դասընթացների ֆինանսավորումը, համակարգչային դասասենյակների ստեղծումը 4 ՔԿՀ-ներում, «Սոցիալական արդարություն» ՀԿ կողմից դատապարտյալի` պատժի կրումից ազատվելուն նախապատրաստելու և պատժից ազատվելուց հետո վերաինտեգրմանն աջակցելու ծրագրի իրականացումը, «ԱՍ» ՀԿ կողմից «Կոշ» ՔԿՀ-ում սոցիալական ուղղվածության բարեգործական ծրագիրը և այլն:
Վերջերս ՀՀ Արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում մասնագիտական ուսուցման ծրագրին մասնակցած դատապարտյալները ավարտական քննություններ հանձնեցին անգլերեն և համակարգչային հմտություններ առարկաներից: Այս ծրագիրը իրականացվում է «Սոցիալական արդարություն» ՀԿ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և նպատակ ունի դատապարտյալներին տրամադրել որոշակի մասնագիտական հմտություններ` պատիժը կրելուց հետո աշխատանք գտնելուն նպաստելու համար:
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, հոգեբան Արշակ Գասպարյանը կարծում է, որ դատապարտյալների հետ տարվող աշխատանքները բավարար չեն. «Քրեակատարողական հիմնարկներում այսօր ուղղման միջոցառումների իրականացման մասին խոսելն ավելորդ է, քանի որ կան մի շարք խնդիրներ. չկա համապատասխան մասնագիտացված անձնակազմ, իրավական ակտերի հետ հետ խնդիր ունենք, որոնք հստակ չեն կարգավորում, թե ինչ է դատապարտյալի ուղղումը, ով պետք է դա անի, ինչպես»,- կարծում է հոգեբանը:
Սա, ըստ Գասպարյանի, փոխկապակցված է նաև պատժի կրումից վաղաժամկետ ազատման համակարգի հետ, որտեղ մենք նույնպես խնդիրներ ունենք. «Քրեակատարողական հիմարկների կողմից առաջարկած և իրենց կարծիքով ուղղված դատապարտյալներից միայն մեկ տոկոսն է ազատվում վաղաժամկետ: Այս դեպքում ո´չ դատապարտյալն է ուզում ուղղվել, ո´չ էլ ուզում են նրան ուղղել»,- ասում է ՀԿ նախագահը:
Արշակ Գասպարյանի խոսքերով` ներկայումս իրենք Արդարադատության նախարարության հետ փնտրում են ուղղման ամենակատարյալ մեխանիզմներն ու մոդելները` Հայաստանին հարմարեցնելու և կիրառելու համար:
Արդարադատության նախարարությունից էլ մեզ փոխանցում են, որ կարևորում են համագործակցությունը հասարակական սեկտորի հետ և արդեն պայմանավորվածություն ունեն համագործակցել դատապարտյալների ազատման նախապատրաստական աշխատանքներում և ազատումից հետո նրանց սոցիալական վերինտեգրման հարցերում:
Գայանե Առաքելյան
