NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատարանները հակասահմանադրական իրավական նորմեր են կիրառում

Իր խնամքին երեք երեխա ունեցող և ընտանիքի միակ կերակրող Սուրեն
Մաղաքյանը երեք տարուց ավելի պայքարել է իր խախտված իրավունքը վերականգնելու համար։
Սակայն Վճռաբեկ դատարանն, ի վերջո, մերժել է նրա հայցը՝ Սահմանադրական դատարանի կողմից
արդեն իսկ հակասահմանադրական ճանաչված իրավական նորմ կիրառելով: Փաստաբանների խոսքերով՝
սա եզակի դեպք չէ։
Սուրեն Մաղաքյանն իր հայցադիմումում
նշել է, որ 2003 թվականից աշխատել է Հրազդանի թիվ 12 դպրոցում` որպես փոխտնօրեն և աշխարհագրության
ուսուցիչ: Լավ աշխատանքի համար ստացել է պատվոգրեր և խրախուսանքներ կրթության և գիտության
նախարարի, Կոտայքի մարզպետի և Հրազդանի քաղաքապետի կողմից: Սակայն այս ամենը դպրոցի
տնօրենին հետ չեն պահել նրան աշխատանքից ազատելուց` աշխարհագրության դասաժամերի և դասարանների
կրճատման պատճառաբանությամբ:
Մաղաքյանը տնօրենի հրամանի վերաբերյալ
դիմում–բողոք է ներկայացրել ԿԳՆ և Աշխատանքային պետական տեսչություն: Այս պետական մարմինների
ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնօրենը խախտում է թույլ տվել՝ Մաղաքյանին
աշխատանքից ապօրինաբար ազատելով, և պահանջ է դրվել նրան վերականգնել իր պաշտոնում:
Տնօրենը, սակայն, այդ պահանջին
չի հետևել, որից հետո Սուրեն Մաղաքյանը դիմել է դատարան` պահանջելով իրեն վերականգնել
իր նախկին աշխատանքում, ինչպես նաև՝ փոխհատուցել հարկադիր պարապուրդի համար:
Գործը երեք տարուց ավելի եռաստիճան
դատական համակարգում մի քանի շրջապտույտ ունենալուց հետո բավարարվել է մասամբ՝ միայն
հարկադիր պարապուրդի համար հատուցում վճարելու մասով: Այս գործով առկա է դատարանների
կողմից կայացված 8 վճիռ, սակայն ամենահետաքրքրականը Վճռաբեկ դատարանի այն որոշումն է, որով դատարանը կիրառել է Սահմանադրական դատարանի
կողմից հակասահմանադրական ճանաչված իրավական նորմ։
Այսպիսով` Վճռաբեկ դատարանն իր
2011թ.-ի մայիսի 27-ի որոշման մեջ վկայակոչում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ
հոդվածի 2-րդ մասը՝ հետևյալ խմբագրությամբ. «Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի
և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում
դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում …»: Դատարանը
վկայակոչում է նաև այս իրավական նորմի հիման վրա նախկինում կայացրած իր որոշումները
և այս հիմքով բեկանում է ստորադաս ատյանի որոշումը, որով հայցը բավարարվել էր ամբողջությամբ,
և գործն ուղարկում առաջին ատյան` նոր քննության:
Մինչդեռ, Աշխատանքային օրենսգրքի
վկայակոչված հոդվածում «այլ պատճառներով»
արտահայտությունը Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական է ճանաչել դեռևս
2010 թվականի հուլիսի 7-ին՝ իր ՍԴՈ-902 որոշմամբ: Այսինքն` Վճռաբեկ դատարանը ոչ միայն
մեջբերում է Սահմանադրությանը հակասող նորմ, այլև՝ նախկինում այդ նորմի կիրառմամբ կայացված
որոշումներ և դրանց հիման վրա մեկնաբանություններ է կատարում։
Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն` ՍԴ որոշումները վերջնական են։ Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է,
որ ՍԴ որոշումները եռօրյա ժամկետում առաքվում են համապատասխան պետական մարմիններին, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարան: Նույն օրենքի
61-րդ և 66-րդ հոդվածների համաձայն՝
այդ որոշումները պարտադիր են պետական բոլոր մարմինների համար:
Հատկանշական է, որ նույն հակասահմանադրական
իրավական նորմի հիման վրա 2012 թվականի փետրվարի 2-ին արդեն Կոտայքի մարզի ընդհանուր
իրավասության դատարանն է մերժել Սուրեն Մաղաքյանի` աշխատանքում վերականգնվելու հայցը։
Հայցվորն այլևս չի բողոքարկել որոշումը, և այն մեկ ամիս անց օրինական ուժի մեջ է մտել։
Մեր ներկայացրած դեպքը եզակի չէ։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը
մեզ հետ զրույցում նշեց, թե հակասահմանադրական նորմեր կիրառելու գործով առաջատարը վճռաբեկ
ատյանն է, թեև մյուս ատյաններն էլ փորձում են հետ չմնալ:
Մինչդեռ Դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է,
որ գործը քննելիս և լուծելիս դատավորը պարտավոր է ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:
Այսինքն` դատավորն առնվազն պարտավոր է տեղյակ լինել օրենսդրական փոփոխություններին
և դրանց համապատասխանող որոշումներ ընդունել:
Խոսելով նմանատիպ գործերի մասին` փաստաբան Գևորգ Գյոզալյանը
հիշեց, որ 2010թ.–ին «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի գործով Վճռաբեկ դատարանը նույնպես
կիրառել է հակասահմանադրական նորմ: Ավելին` բանը հասել է Արդարադատության խորհրդին
(ԱԽ), սակայն վճռաբեկի դատավորները կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվել,
քանի որ, ինչպես նշում է փաստաբանը, ԱԽ անդամ է հենց նույն դատարանի դատավոր Վ.Աբելյանը:
Այնինչ, նույն արարքի համար Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու.Բաղդասարյանը ԱԽ-ի
19.02.2010թ. որոշմամբ կարգապահական
պատասխանատվության է ենթարկվել։
Հակասահմանադրական նորմեր կիրառելու պատճառն, ըստ Գևորգ Գյոզալյանի,
առաջին հերթին դատավորների ոչ պրոֆեսիոնալիզմն է: Օրինակ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն
վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հունանյանն ուժը կորցրած
իրավական նորմի կիրառումն իր կողմից պատճառաբանել էր նրանով, որ իրավական տեղեկատվական
arlis.am կայքում օրենքի հին խմբագրությունն է եղել:
Փաստաբան Կարեն Մեժլումյանի խոսքերով՝ գուցե դատավորն, իսկապես,
չի իմացել փոփոխության մասին, սակայն չի բացառվում նաև միտումնավոր գործելը. «Լինում է իրավիճակ Վճռաբեկի պարագայում, երբ սկզբունքայնորեն
չի ցանկանում կատարել Սահմանադրական դատարանի որոշումը: ՍԴ-ն որոշում է, որ Վճռաբեկի՝
բողոքները հետ վերադարձնելու որոշումները պետք է լինեն պատճառաբանված, բայց Վճռաբեկը
չի պատճառաբանում: Չեմ կարող ասել դրա պատճառը, ես չգիտեմ` ինչպես են իրենք մտածում:
Ես ունեմ գործ, երբ Վճռաբեկի կիրառած նորմերը չորս անգամ հակասահմանադրական են ճանաչվել
ՍԴ-ի կողմից, բայց բողոքը, միևնույն է, վերադարձվել է, և արդյունքի չենք հասել»,– ասում է Մեժլումյանը:
«Միգուցե պատճառը Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միջև
ներքին հակամարտությո՞ւնն է» հարցին Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Ինձ թվում է, որ ամենամեծ հակամարտությունը ժողովրդի դեմ է,
մնացածն էական չէ»: Իրավապաշտպանը հավելեց, որ չի հիշում նախադեպ, երբ Սահմանադրական
դատարանի որոշումների շնորհիվ որևէ գործի ելքը շրջադարձային եղած լինի:
Աստղիկ Կարապետյան
