NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իրավապահներն առաջնորդվում են անմեղությա՞ն, թե՞ մեղավորության կանխավարկածով

Անմեղության կանխավարկածը՝ որպես քրեական արդարադատության առանցքային սկզբունք, ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ և Քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերով։ Համաձայն այդ սկզբունքի՝ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այսինքն՝ անմեղության կանխավարկածը գործում է մինչև դատարանի մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելը։
Սակայն, մեր երկրում պաշտոնատար անձինք և հատկապես իրավապահ մարմիններն իրենց հայտարարություններում ավելի շատ առաջնորդվում են մեղավորության կանխավարկածով։ Ասվածի վառ վկայությունն է հանդիսանում «Հերթապահ մաս» հաղորդաշարը, որտեղ հանցագործության մեջ կասկածվող կամ մեղադրվող անձինք ներկայացվում են որպես «հանցագործ»։ Նման սյուժեների կարելի է հանդիպել «Հերթապահ մասի» գրեթե բոլոր հաղորդումներում՝ այն առանձնահատկությամբ, որ դա, որպես կանոն, արվում է անձի ինքնախոստովանության ֆոնի վրա՝ այդ կերպ փորձելով հիմնավորել կամ արդարացնել մեղադրական հայտարարությունները։
Օրինակ՝ 2013թ. փետրվարի 10–ին «Հերթապահ մաս» հաղորդման ընթացքում ոստիկանության աշխատակիցը պատմում է. «... Դեպքի վայրից փախուստի դիմած՝ ավազակային հարձակում գործած անձանցից մեկը բռնվում է և Ոստիկանության կենտրոնականի բաժին բերման է ենթարկվում, որտեղ պարզվում է, որ վերջինս հանդիսանում է 1983թ. ծնված Սերգեյ Արկադի Հովասափյանը»։ Վերոնշյալ հղումը ոչ միայն բովանդակում է անձի մեղավորության մասին հաստատական պնդում, այլև նշում է նրա անձնական տվյալները` դարձնելով վերջինիս առավել խոցելի։
Հարց է առաջանում, թե արդյո՞ք մինչև դատական կարգով անձի մեղավորությունը հաստատելը պաշտոնատար անձանց կողմից կասկածյալին կամ մեղադրյալին որպես «հանցագործ» ներկայացնելը չի խախտում անմեղության կանխավարկածի դատավարական սկզբունքը։
Հարցին պատասխանելու համար, նախ և առաջ, անհրաժեշտ է անդրադառնալ անմեղության կանխավարկածի իրավական բնորոշմանը և դրա գործողության շրջանակներին՝ դիտարկելով այն ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեկնաբանությունների տեսանկյունից։
Անմեղության կանխավարկածը ժողովրդավարական հասարակությունում քրեական արդարադատության հիմնաքարն է, և անձի ազատության ու անձեռնմխելիության կարևորագույն երաշխիքներից մեկը։ Պետությունը, հանդիսանալով իր տարածքում իրավունքի առաջնային երաշխավոր, թե՛ իրավական և թե՛ բարոյական պարտականություն է կրում ապահովել դրա արդյունավետ իրացումը՝ պաշտպանելով այն ոչ միայն երրորդ անձանց ոտնձգություններից, այլ, նախ և առաջ, սեփական միջամտությունից։ Հաշվի առնելով, որ պետության ձեռքերում է գտնվում իշխանության մենաշնորհը, իսկ քրեական գործի հարուցումը և հանցագործության բացահայտումը բացառապես լիազոր պետական մարմինների գործառույթն է, անմեղության կանխավարկածը ձեռք է բերում հիմնարար կարևորություն անձին իշխանությունների կամայականություններից և ապօրինի դատապարտումներից պաշտպանելու առումով։
ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածը նախատեսում է, որ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի բնորոշման՝ «...այս սկզբունքի ուժով անձի մեղքը կարող է հաստատվել բացառապես քրեական դատավարության արդյունքում և միայն դատական ակտով»։
Եթե Սահմանադրական բնորոշմամբ անմեղության կանխավարկածը տարածվում է միայն հանցագործության մեջ մեղադրվող անձանց վրա, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ այն տարածում է նաև կասկածյալների վրա, և օրենքով նախատեսված երաշխիքները սկսում են գործել անձին ձերբակալելու պահից սկսած։
Այս դատավարական սկզբունքը գործում է մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը, և նույնիսկ ինքնախոստովանական ցուցմունքի առկայությունը չի կարող արդարացնել անձի մեղավորության մասին վաղաժամ հայտարարությունները։
Անմեղության կանխավարկածի սկզբունքը, որպես արդար դատաքննության իրավունքի տարր, ամրագրված է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6–րդ հոդվածի 2-րդ կետում, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան»:
Լիտվայի դեմ բերված գանգատով (Butkevičius v. Lithuania 2002 (48297/99) ՄԻԵԴ–ը ճանաչել է 6 (2)-րդ հոդվածի խախտում։ Լիտվայի խորհրդարանի խոսնակը պաշտպանության նախկին նախարարի ձերբակալությունից հետո տրված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ վերջինս կաշառք է վերցրել։ Դատարանը գտել էր, որ այդպիսի հայտարարությունը «խրախուսում է հանրությանը հավատալու նրա [նախկին նախարարի] մեղավորությանը և կանխակալ կարծիք է ձևավորում դատական իշխանության մոտ փաստերի գնահատման տեսանկյունից»։
Մեկ այլ՝ Ֆրանսիայի դեմ բերված գործով (Allenet de Ribemont v. France 1995 (15175/89) դատարանը խախտում ճանաչեց, երբ երկրի ներքին գործերի նախարարը և ոստիկանության մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ մամուլի ասուլիսի ժամանակ հայցվորին անվանել էին հանցագործության «դրդողներից մեկը»՝ չնայած նրան պաշտոնապես մեղադրանք դեռ չէր առաջադրվել։ Դատարանը գտավ, որ այդ հայտարարություններն ազդել են նրա անձնական կարգավիճակի վրա։
Նմանապես, Vitan v. Romania (2008 (42084/02) գործով դատարանը արձանագրեց խախտում, երբ մամուլի ասուլիսի ժամանակ գործը քննող դատախազը նշել էր, որ հայցվորը մեղավոր էր հանցագործության կատարման մեջ այն դեպքում, երբ դատարանը դեռ վերջնական վճիռ չէր կայացրել։ ՄԻԵԴ–ն իր որոշման մեջ գրել էր, որ երկրում հանցավորության դեմ պայքարի ընթացքի մասին հանրությանը իրազեկելիս անհրաժեշտ է զգուշավորություն և զսպվածություն դրսևորել՝ անմեղության կանխավարկածի ապահովման նկատառումից ելնելով։
Դատարանը նկատել է, որ գործի քննության ընթացքում մեղավորության մասին կասկածի արտահայտումը չի հանդիսանում անմեղության կանխավարկածի խախտում, սակայն, բոլոր դեպքերում, պաշտոնատար անձինք կասկած արտահայտելիս պետք է զգույշ ընտրեն բառերը։
ՄԻԵԴ–ի այս զգուշացումը արդիական է հնչում հատկապես հայաստանյան իրականության համար, երբ կասկածյալներին, մեղադրյալներին հիմնավոր կամ անհիմն մեղադրանքներ ներկայացնելը և որպես «հանցագործ» պիտակավորելը դարձել է սովորական պրակտիկա։
Մինչ օրս «Հերթապահ մասը» որևէ հաղորդման մեջ չի հերքել նախորդ հաղորդումներում որպես հանցագործ ներկայացված «հերոսներից» որևէ մեկի վերաբերյալ հրապարակված ինֆորմացիան, մինչդեռ կանխակալ վերաբերմունքը իր բացասական սոցիալական անդրադարձն է ունենում ոչ միայն կասկածյալի կամ մեղադրյալի, այլև՝ նրա ընտանիքի անդամների հետագա կյանքի վրա։
Անի Վարդանյան
