NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատարանը հակված է հաստատել դատախազության մեղադրանքը, ոչ թե բացահայտել ճշմարտությունը. փաստաբան

Կարեն Անանյանն արդեն մեկուկես տարի կալանքի տակ է գտնվում. նա մեղադրվում է այլ անձին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մաս):
Նրա փաստաբանն ասում է, որ Անանյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան, բացի այդ՝ նախաքննությունը կատարվել է թերի և մեղադրանքը հիմնավորող ապացույցներ ձեռք չեն բերվել։
Ավելին՝ տուժող Արսեն Պեպանյանը, ով մեղադրյալի երեխայի կնքահայրն է, քննության ընթացքում և դատարանում ասել է, որ բողոք չունի, Անանյանի հետ գտնվում է ջերմ ընկերական հարաբերությունների մեջ, իսկ կրակոցը պատահականություն է, քանի որ նրանց մեջ որևէ խնդիր չի եղել։ Դա հաստատել են նաև այլ վկաներ։
Իսկ Կարեն Անանյանի կնոջ խոսքերով՝ ամուսնու կալանավորումից հետո հենց Արսեն Պեպանյանն է ֆինանսապես օգնում իրենց ընտանիքին, քանի որ ընտանիքում այժմ ոչ ոք չի աշխատում։
Ըստ փաստաբանի՝ գործի նախաքննությունը կատարվել է թերի
Փաստաբանի ներկայացմամբ դեպքն այսպես է տեղի ունեցել։
2011թ. օգոստոսի 31-ին Կարեն Անանյանը, իմանալով, որ ունենալու է 3-րդ երեխան, «նշել է» լավ լուրը և ոգելից խմիչք օգտագործել։ Նա որոշել է հաջորդ օրը գնալ որսի և իր ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ դրել է «Սայգա 407-20Կ» տեսակի որսորդական հրացանը։ Այնուհետև զանգահարել է ընկերոջը և ավագ դստեր կնքահորը՝ Արսեն Պեպանյանին: Տեղեկանալով, որ նա «Արաբկիր» մանկական զբոսայգում գտնվող բիլիարդ խաղալու սրահում զվարճանում է, գնացել է ուրախ լուրի մասին հայտնելու և առիթը միասին նշելու:
Զբոսայգում հրացանը ավտոմեքենայից հանելու և Արսենին ցույց տալու ժամանակ պատահական կրակոց է արձակվել, որի հետևանքով Արսենին մարմնական վնասվածք է պատճառվել։ Կարենը տուժողին անմիջապես տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրան ցույց է տրվել անհրաժեշտ բուժօգնություն, գոտկային հատվածի ենթամաշկային տարածությունում հայտնաբերված մեկ մանրագնդակը տեղային անզգայացմամբ հեռացվել է և մի քանի օրից նա դուրս է գրվել։
Արա Զաքարյանի կարծիքով՝ կատարվածը չպետք է որակվի դիտավորություն, քանի որ կրակոցը Արսեն Պեպանյանին ուղղված չի եղել։
«Արսենի մարմնի ճարպային մասից հանված մանրագնդակի վրա առկա են 2 հարթ մակերեսներ, որոնք կարող են առաջանալ հարթ և կարծր մակերես ունեցող առարկային դիպչելու հետևանքով։ Դա նշանակում է, որ մանրագնդակները դիպչել են ռիկոշետով, և կրակոցի պահին հրացանի փողը դեպի տուժողն ուղղված չի եղել»,– ասածն այսպես է հիմնավորում փաստաբանը։
Գործով պարզվել է, որ կրակոցի պահին Կարենը տուժողից գտնվել է 4-5 մետր հեռավորության վրա և նրան են դիպչել որսորդական հրացանի փամփուշտի մեջ եղած 16 մարնագնդակներից 8-ը։ Մինչդեռ, եթե կրակոց արձակվելու պահին զենքի փողն ուղղված լիներ դեպի տուժողը, ապա, հաշվի առնելով զենքի տեխնիկական տվյալները և Կարեն Անանյանի ու Արսեն Պեպանյանի միջև եղած տարածությունը, վերջինիս պետք է դիպչեին բոլոր 16 մանրագնդակները, այնինչ դիպչել են մանրագնդակների կեսը:
«Մենք նաև պնդում ենք, որ մանրագնդակները չէին կարող մարմնի ճարպային մասին դիպչելիս դեֆորմացվել և մնալ գոտկատեղի ճարպային հատվածում, որովհետև դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ կողոսկրերը կոտրված, ճաքած կամ վնասված չեն։ Մենք դատարանում պնդել ենք, որ մինչև տուժողին կպնելը մանրագնդակները դիպչել են ինչ–որ կարծր և հարթ մակերես ունեցող առարկայի, որի հետևանքով դրանց արագությունը կտրուկ նվազել է և առաջացել են հարթ մակերեսներ»,– նշում է Արա Զաքարյանը։
Չնայած նշված հանգամանքներին` Անանյանի դեմ գործ է հարուցվել ոչ թե անզգուշությամբ, այլ՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով:
Զաքարյանն ասում է, որ քննչական մարմինը գործը թերի և բազմաթիվ խախտումներով է քննել և հաստատված մեղադրանքն ուղարկել է դատարան՝ հաշվի չառնելով պաշտպանական կողմի հայտարարություններն այն մասին, որ կրակոցը կատարվել է զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով, իսկ մանրագնդակները տուժողին դիպչել են ռիկոշետով (անդրադարձումով):
Դատարանը մերժել պաշտպանական կողմի միջնորդությունները
Փաստաբանի խոսքերով՝ գործի դատական քննությունն անհիմն ձգձգվում է՝ 10 ամսում ընդամենը տասը դատական նիստ է կայացել։
Դատարանը մերժել է Անանյանին կալանքից գրավով ազատելու մասին բոլոր միջնորդությունները՝ պատճառաբանելով, որ գործի դատական քննության ընթացքում Կարեն Անանյանի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու հիմքեր ի հայտ չեն եկել:
Փաստաբան Արա Զաքարյանը դատարանի մերժումն անհիմն է համարում՝ նշելով, որ Անանյանին կալանքից գրավով ազատելու հիմքեր կան։ Նախ՝ մեղադրյալի խնամքին են գտնվում կինը, 3 անչափահաս երեխաները, 1-ին կարգի հաշմանդամ քույրը և 2-րդ կարգի հաշմանդամ մայրը, որոնց ապրուստը Կարենն է հոգացել։ Երկրորդ՝ գործի դատաքննությունը դատավորի արձակուրդի կամ հիվանդության պատճառով ձգձգվում է 130 օրից ավելի։ Խափանման միջոցը փոխելու համար Կարեն Անանյանը պատրաստ է գրավ դնել 25 մլն դրամ արժողությամբ բնակարանը և այլն։
Դատարանը մերժել է նաև պաշտպանական կողմի՝ դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ մանրագնդակի դեֆորմացիան կարող էր լինել տուժողի կողոսկորին դիպելու հետևանքով:
«Եթե դատավորի մոտ կային կասկածներ, որ այն կարող էր առաջանալ տուժողի կողոսկրերին դիպչելու հետևանքով, ապա նա պարտավոր էր բավարարել միջնորդությունը, մանավանդ որ գործով հաստատված է, որ տուժողի կողոսկրերը վնասված չեն եղել։ Մանրագնդակի դեֆորմացիայի պատճառը կարող էր պարզվել միայն համապատասխան փորձաքննությամբ, որը չի արվել, և դատավորի կողմից միջնորդությունը մերժելը ոչ այլ ինչ է, քան բացահայտ կամայականություն»,- ասում է փաստաբան Զաքարյանը՝ մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17 հոդվածը, որի համաձայն՝ դատավորը պարտավոր է մանրակրկիտ ստուգել մեղադրյալի անմեղությունը հաստատող յուրաքանչյուր փաստարկ։
Պաշտպանական կողմը նաև արժանահավատ չի համարում տուժողի մարմնական վնասվածքի աստիճանի վերաբերյալ եզրակացությունը, քանի որ այն հիմնված է ենթադրությունների վրա:
Եզրակացության նկարագրական-պատճառաբանական մասում նշված է. «Տուժողի մարմնի վրա առկա վերքերի խորությունը բոլոր հատվածներում թափանցող բնույթի մասին հստակ տեղեկություններ չեն հայտնաբերվել: Աջ պլևրալ խոռոչում հեմոթորաքսի առկայությունը թույլ է տալիս ենթադրել վերքերից մեկի թափանցող բնույթը»:
Փորձագետը դատարանում պարզաբանել է, որ մարմնական վնասվածքի աստիճանը որոշելիս եզրակացությունը կազմել է առանց տուժողի պլևրալ խոռոչում արյան քանակության վերաբերյալ տեղեկություններ ունենալու։ Սա հիմք է տվել փաստաբանին պահանջելու նոր փորձաքննություն, սակայն դատարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ նշված պարզաբանումը չի կարող հիմք հանդիսանալ փորձագետի եզրակացությունը կասկածի տակ դնելու և կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու համար և «հեմոթորաքսը կարող էր առաջանալ որովայնի խոռոչ թափանցելու և օրգանի վնասման հետևանքով»։
«Փնթի և բազմաթիվ խախտումներով նախաքննությունից հետո հույս ունեին, որ դատարանը ուշադրություն կդարձնի մեր կողմից մատնանշած հանգամանքների վրա։ Սակայն, ինչպես ցույց տվեց գործի հետագա ընթացքը, Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը ավելի շատ հակված է հաստատել դատախազության մեղադրանքը և Կարեն Անանյանին դատապարտել չկատարած հանցանքի համար, քան պարզել իրականությունը»,– դատավորի կողմից միջնորդությունների մերժումը փաստաբանին նման հետևություններ անելու հիմք է տվել։
Զաքարյանի պնդմամբ՝ փորձաքննություն նշանակելու միջնորդությունները մերժելու որոշումներում դատավորը գործի հանգամանքների և ապացույցների վերաբերյալ հայտնել է կարծիք, տվել գնահատական, ինչի իրավունքը այս փուլում չունի և «անտեսելով օրենքի պահանջները՝ ենթադրությունները համարել է հաստատված հանգամանքներ և դրել միջնորդությունների մերժման հիմքում»:
Ելնելով վերը նշված փաստերից՝ Արա Զաքարյանը փետրվարի 25-ի դատական նիստին դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը դատավորը մերժել է՝ առանց հիմնավոր պատճառաբանությունների։
