NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բաղրամյան պողոտան փակելն իրավաչափ էր, Արմեն Մարտիրոսյանին ծեծելը՝ ոչ. օմբուդսմեն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ամփոփել և գնահատել է ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները անդրադառնալով երեք հիմնական իրավական խնդիրների՝ Բաղրամյան պողոտան փակելու իրավաչափությանը, ցույցին մասնակցող 16 անձանց ոստիկանություն բերման ենթարկելու օրինականությանը և «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի լիարժեք բացահայտմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի երդման պաշտոնական արարողության օրը՝ ապրիլի 9-ին, ընդդիմության հերթական հանրահավաքի ու երթի ընթացքում Բաղրամյան պողոտայի սկզբնամասում բախումներ եղան ցուցարարների և ոստիկանության միջև։ Ոստիկանությունը փակել էր պողոտան և դեպի նախագահական նստավայր ընթացող ցուցարարներին կոչ էր անում երթուղին փոխել։ Ոստիկանության պահանջներին չենթարկված մի խումբ ցուցարարներ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ։
Ծառայողական քննություն՝ Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի առիթով
Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ Ոստիկանությունից ՄԻ պաշտպանին հայտնել են, որ ապրիլի 9-ի երեկոյան «Ազատության» հրապարակում կազմակերպված հանրահավաքից հետո՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արմեն Մարտիրոսյանը փորձել է ճեղքել ոստիկանության շղթան և չի կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները` խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջը:
Արդյունքում տեղի է ունեցել ընդհարում, և ոստիկանները Արմեն Մարտիրոսյանին բերման են ենթարկել ոստիկանության համապատասխան բաժանմունք:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի` ինքն ապրիլի 9-ին իրավախախտում չի կատարել և ոստիկանների գործողությունները որակել է ապօրինի, հակասահմանադրական և հակաիրավական:
ԶԼՄ–ներում տարածված տեսագրության մեջ կարելի է տեսնել, որ ոստիկաններին որոշակի դիմադրություն ցույց տալուց հետո Մարտիրոսյանը վնասազերծվում է Ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից, սակայն դիմադրությունը դադարեցնելուց հետո ոստիկաններից մեկը ոտքով հարվածներ է հասցնում «Ժառանգության» անդամի դեմքին:
Ավելի ուշ ԶԼՄ–ները հաղորդել են, որ այդ ոստիկանը 1990թ. ծնված Մերձավանի բնակիչ Արթուր Ղազարյանն է:
Պաշտպանը հիշեցնում է, որ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական ուժի գործադրումը, որպես բացառիկ միջոց, կարելի է կիրառել միայն այն դեպքերում, երբ այլ միջոցներով Ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:
Ոստիկանությունից ՄԻՊ գրասենյակին հայտնել են, որ միջադեպի ընթացքում ոստիկանության ծառայողի կողմից կիրառված ուժի իրավաչափության և համաչափության հարցը քննարկելու համար Ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն:
ՄԻ պաշտպանը շարունակելու է հետևել այս միջադեպի քննությանը և ակնկալում է, որ օրենքը խախտած բոլոր քաղաքացիները՝ անկախ իրենց դիրքից և պաշտոնից, կենթարկվեն համաչափ պատասխանատվության:
«Առանձին անձանց բերման ենթարկելն, ինքնին, ապօրինի չէ»
Ապրիլի 9-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 16 անձինք։ ՀՀ Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել են, որ վերջիններս բերման են ենթարկվել հավաքի վայրից՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով և կարճ ժամանակ անց ազատ արձակվել:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 262-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ:
Պաշտպանի արագ արձագանքման խմբերը ներկա են եղել ոստիկանության բաժիններում և հաստատել են, որ բերման ենթարկվածները 3 ժամից քիչ են գտնվել այնտեղ։ Պաշտպանը դրական է գնահատում այն, որ բոլոր դեպքերում, երբ բերման ենթարկված անձինք պահանջել են փաստաբանի մասնակցությունը, այն ապահովվել է:
Ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանց թվում է եղել նաև ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով չի ընդունել իր մեղքը և, ըստ իր հրապարակայնորեն հայտնած դիրքորոշման, չի պատրաստվում վճարել տուգանքը և պատրաստվում է վիճարկել վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրությունը դատարանում:
Պաշտպանը հիշեցնում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը, այս դեպքում՝ ՀՀ Ոստիկանությունը:
Ընդհանուր առմամբ, նման իրավիճակներում առանձին անձանց ոստիկանություն բերման ենթարկելը ինքնին ապօրինի չէ, սակայն առանձին դեպքերում ոստիկանության գործողությունների հետ անհամաձայնություն հայտնած քաղաքացիները կարող են Ոստիկանության գործողությունները և որոշումները վիճարկել դատարանում, ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Բաղրամյան պողոտան փակելու Ոստիկանության գործողությունն իրավաչափ էր
ՀՀ Ոստիկանությունից օմբուդսմենին հայտնել են, որ երթուղին սահմանափակվել էր Երևանի քաղաքապետի 04.04.2013թ. №70 որոշմամբ` ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ մի շարք արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով:
Բացի այդ, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ հավաքն արգելվում է, եթե այն անցկացվելու է հանրապետության նախագահի նստավայրից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրա բնականոն գործունեությանը:
Իսկ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ոստիկանությունն իրավունք ունի ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը:
ՄԻ պաշտպանը, հղում տալով ՄԻԵԴ նախադեպային իրավունքներին, եզրակացնում է, որ պողոտայի փակումը կարող է համարվել իրավաչափ, քանի որ սահմանված է օրենքով, անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, և այլոց սահմանադրական իրավունքների, ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար (Օսմանը և այլոք ընդդեմ Մակեդոնիայի):
ՄԻԵԴ մեկ այլ որոշման համաձայն՝ անձանց խաղաղ հավաքներ կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը իրավաչափ է նույնիսկ այն դեպքերում, երբ հավաքի մասնակիցները այն իրականացնում են այնպես, որ դա խոչընդոտում է երթևեկությանը, և այնպիսի տեղում, որը հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել այլ հետիոտների ազատ տեղաշարժման խոչընդոտմանը (Պատյին և ուրիշներն ընդդեմ Հունգարիայի)։
Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՄԻՊ–ը եզրակացնում է, որ 2013թ. ապրիլի 9-ին Երևանի Բաղրամյան պողոտան փակելու Ոստիկանության գործողությունն իրավաչափ էր, իսկ երթուղին սահմանափակելու մասին Երևանի քաղաքապետի 04.04.2013թ. №70 որոշումը երթի կազմակերպիչների կողմից կարող էր բողոքարկվել բացառապես դատական կարգով:
