NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցն այս պահին չի քննարկվում

Արդեն երկու օր է՝ լուրեր են շրջանառվում, թե հունիսի 1-ից բարձրանալու են տրանսպորտի ուղեվարձի գները` միկրոավտոբուսներինը դառնալու է 200, իսկ ավտոբուսներինը՝ 150 դրամ:
Սոցիալական կայքերում հայտնվել են հրապարակումներ այն մասին, որ երթուղային տաքսու մի վարորդ 100-ի փոխարեն 150 դրամ է պահանջել ուղևորներից, իսկ մի տաքսու վարորդ էլ նախազգուշացրել է, որ շուտով տաքսիների մինիմալ վճարը կդառնա 800 դրամ։
Արձագանքելով շրջանառվող այս լուրերին՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտարարել է, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանում նման հարց չի քննարկվել ու չի քննարկվում»,– տեղեկացրել է Գևորգյանը՝ հորդորելով խուսափել ապատեղեկատվություն չտարածելուց և անհարկի խուճապ ստեղծելուց:
www.hra.am –ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը նույնպես հերքեց հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին լուրը։ Մինչդեռ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասել է, որ «օձի խելք պետք չէ ունենալ` հասկանալու համար, որ գազի հնարավոր թանկացումն անդրադառնալու է բոլոր ոլորտների վրա, առավել ևս` տրանսպորտի»:
Նշենք նաև, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հիմքերը սահմանված են ոչ թե «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով, այլ ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքով։
Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է. «Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների աճ) կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ:
Հեղինակը՝ Շողինե Սողոմոնյան
