NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Ամեն տարի՝ հունիսի 1-ին, աշխարհի շատ երկրներում տոնում են երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այն առաջին անգամ հռչակվել է 1925 թվականին Ժնևում կայացած՝ երեխաների բարօրությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ:
Օրվա ընտրության խորհուրդը հստակ չէ, սակայն տեսություններից մեկի համաձայն` հունիսի 1-ին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հավաքել է չինացի որբերին` ազգային տոներից մեկը նշելու նպատակով, որը համընկել է կոնֆերանսի օրվա հետ:
ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է ինչպես վավերացված միջազգային և տարածաշրջանային պայմանագրերով, այնպես էլ` ներպետական օրենսդրությամբ: Այդուհանդերձ, իրավունքների իրացումը շարունակում է խնդիրներ առաջացնել ինչպես համապատասխան օրենսդրական երաշխիքների ապահովման տեսանկյունից, այնպես էլ` գործնականում:
Միջազգայնորեն ընդունված է երեխա համարել յուրաքանչյուր 18 տարին չլրացած անձի: Սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝ անձը կարող է համարվել լիարժեք գործունակ նաև 16 տարեկանում, եթե վերջինս աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Ստացվում է, որ օրենսդրությամբ նախատեսված պահանջների բավարարման դեպքում, 16 տարեկան անձը կարող է համարվել չափահաս՝ անկախ նրա ֆիզիոլոգիական և հոգեբանական զարգացման մակարդակից, և զրկված է այն պաշտպանությունից, որից օգտվում են իր տարեկիցները:
Ըստ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի՝ Հայաստանում հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, սակայն Հայաստանի հելսինկյան կոմիտեի՝ 55 համայնքներում իրականցրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն միշտ չէ, որ իրացվում է: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 101 երեխա փաստացի չի հաճախում դպրոց այն պարագայում, երբ պաշտոնական տվյալների համաձայն՝ կրթությունից դուրս մնացած երեխաների թիվն ընդամենը 9–ն է:
Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են, ովքեր դպրոց չեն հաճախում ընտանիքի կարիքները հոգալու համար տարբեր աշխատանքներ կատարելու պատճառով: Խնդիրը հատկապես ակնառու է գյուղական համայնքերում, որտեղ երեխաները ներգրավված են գյուղատնտեսական աշխատանքներում:
Դպրոց չհաճախելու մյուս պատճառը հաշմանդամությունն է. ոչ բոլոր համայնքներում կան հատուկ կամ ներառական դպորցներ։
Ներկայումս հանրապետությունում գործում է ավելի քան 80 ներառական դպրոց: Այդուհանդերձ, հատուկ կարիքներ ունեցող բազմաթիվ երեխաներ դուրս են մնում կրթական գործընթացներից համապատասխան սարքավորումների և պատշաճ պատրաստվածություն ունեցող մասնագետների բացակայության պատճառով: Շատ ծնողներ նաև խուսափում են իրենց երեխաների խնդիրների մասին բացեիբաց խոսելուց`վախենալով խտրականության դրսևորումներից:
Անչափահասների գործերով մասնագիտացված դատարանների բացակայությունը մեծապես խոչընդոտում է արդարադատության պատշաճ իրականացումը: Օրենքը չի պահանջում անչափահասների գործերով դատարանների կամ անհատ դատավորների, դատախազների, քննիչների կամ փաստաբանների մասնագիտացում:
2013թ. «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն հրապարակեց զեկույց, որտեղ ներկայացված են անչափահասների հարցաքննությունների ընթացքում թույլ տրվող հիմնական իրավախախտումները:
Մասնավորապես, անչափահասների զգալի մասը չի ընթերցում ձերբակալման արձանագրությունը այն ստորագրելոււց առաջ, ինչպես նաև՝ քննությունը վարող մարմնի կողմից չի տեղեկացվում իր իրավունքների և պարտականությունների մասին: Որպես կանոն, փաստաբանները ներկա չեն գտնվում անչափահասների առաջին հարցաքննությանը: Գրանցվել են նաև խոստովանական ցուցմունք ստանալու նպատակով ֆիզիկական բռնության ենթարկելու դեպքեր:
Բավական թերի է անչափահասների քրեական պատասխանատվության այլընտրանքային ձևերը կարգավորող իրավական դաշտը: Պատիժ չհանդիսացող կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառումը հնարավոր է միայն դատական քննության փուլում:
Ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 6 Համայնքային աջակցության կենտրոններ, սակայն քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում ոստիկանության իրավասությունը փոխանցելու իր մոտ գտնվող գործերը Երեխաների աջակցության կենտրոններին:
Մտահոգիչ է նաև երեխաների նկատմամբ բռնության գործադրումը թե՛ ընտանիքում և թե՛ ընտանիքից դուրս: Որպես կանոն, երեխաներն իրենց նկատմամբ դրսևորված վերաբերմունքը չեն դիտարկում որպես բռնություն, իսկ իրենց` որպես բռնության զոհ:
Անհնազանդության դեպքում բազմաթիվ ծնողներ շարունակում են ծեծը դիտարկել որպես դաստիարակության բնական միջոց: Երեխաների նկատմամբ բռնության դեպքերի գրանցման ընթացակարգի բացակայությունը դժվարեցնում է գնահատել խնդրի էությունը և ծավալները:
Երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման ռիսկերը հատկապես բարձր են փակ և մասնակիորեն փակ հաստատություններում՝ հաշվի առնելով նաև նման վայրերում մշտադիտարկում իրականացնելու սահամանափակ իրավական հնարավորությունը:
Որոշ հաստատություններում պատժելու նպատակով երեխաների նկատմամբ կիրառվում է ֆիզիկական բռնություն, զրկում են սննդից, զբոսանքներից: Ֆինանսական միջոցների սղության պատճառով երեխաները չեն ստանում համապատասխան բժշկական օգնություն: Հիգիենայի պահպանման, հագուստի տրամադրման և կրթության որակի հետ կապված խդիրները շարունակում են մնալ չլուծված:
Հեղինակը՝ Անի Վարդանյան
