NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դեռ սպասում են հարմարեցված ավտոբուսներին

Հաշմանդամ անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների երկարատև ու համառ աշխատանքի շնորհիվ մեր պետական պաշտոնյաները վերջին տարիներին սկսեցին խոսել և մտածել հաշմանդամների իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման մասին, սակայն այդ ամենը դեռ խոսակցությունների մակարդակում է:
Այսօր Հայաստանում հաշմանդամ անձանց համար ապահովված չեն անգամ ամենատարրական իրավունքները, օրինակ՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Չնայած բազմիցս տրված խոստումներին՝ դեռ չեն ներմուծվել հաշմանդամներին հարմարեցված տրանսպորտային միջոցներ:
«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն ասում է, որ հաշմանդամներին հարմարեցված տրանսպորտային միջոցներ ներկրելու «ռեալ խոստումներ» Երևանի քաղաքապետի կողմից եղել է մոտ երկու տարի առաջ, երբ առաջին անգամ ներկրվեցին չինական արտադրության ավտոբուսներ։ Այդ ժամանակ հաշմանդամ անձանց խնդիրներով զբաղվող մի քանի հասարակական կազմակերպություններ հանդիպում են ունեցել քաղաքապետարանում և ներկայացրել իրենց խնդիրները։ Արդյունքում քաղաքապետարանից խոստացել են, որ ավտոբուսներ ներմուծելիս հաշվի կառնեն իրենց պահանջները:
«Հետո պարզվեց՝ քանի որ դրանք դրամաշնորհով բերվող ավտոբուսներ են, ոչ թե ձեռք է բերում քաղաքապետարանը, նրանք չեն կարող պարտադրել չինական կողմին, որ ուղարկեն հենց այդպիսի ավտոբուսներ, և եթե նրանք ընտրեին այդ ավտոբուսները (հաշմանդամներին հարմարեցված–Մ.Ս.), ստացվում էր, որ ներկրվելիք ավտոբուսների քանակը պետք է քչանար: Այդպիսին էին նրանց պատճառաբանությունները, և դրա համար նրանք նպատակահարմար չգտան և որոշեցին էստեղ՝ տեղում ինչ որ բան անել», -ասում է Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքերով՝ ավելի ուշ պարզ դարձավ, որ Երևան բերված ավտոբուսները իրավունք չունեն փոփոխել, քանի որ երաշխիքային սպասարկման մեջ են և, որպեսզի չզրկվենք երաշխիքային սպասարկումից, պետք է սպասել մեկ տարի։
Արմեն Ալավերդյանի հաշվարկներով՝ ավտոբուսների երաշխիքային սպասարկումն ավարտվում է այս տարվա հունիս-հուլիս ամիսներին, և քաղաքապետարանն իր բյուջեից այս տարի հատկացում է կատարել 10 ավտոբուսի հարմարեցման համար:
Իրավապաշտպան կազմակերպության նախագահը հույս հայտնեց, որ գոնե մինչև տարվա վերջ Երևանում կհայտնվեն այդ ավտոբուսները, ինչը կլինի առաջին քայլը խնդրի լուծման հարցում, հակառակ դեպքում իրենք նորից կբարձրացնեն խնդիրը:
Այս ամսվա սկզբին «Սոցիալական ներգրավվածության և աջակցության կենտրոն հանուն հավասարության» ՀԿ–ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ վերջին տարիներին ներկրված ավտոբուսներից ոչ մեկը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց։
«Սա ենթադրում է, որ քաղաքապետարանին բացարձակ չի հուզում հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատ տեղաշարժվելու հիմնարար իրավունքը»,– ասված է հայտարարության մեջ:
Մայիսին կազմակերպությունը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարանին՝ ճշտելու, թե ինչո՞ւ նոր ավտոբուսներ ներկրելիս հաշվի չեն առնում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, կոնկրետ ե՞րբ է քաղաքապետարանը պատրաստվում կատարել տարիներ շարունակ ձգվող խոստումն ու ներկրել հարմարեցված ավտոբուսներ։
Պատասխան նամակում նշված է, որ, ըստ Չինաստանի ավտոբուսային գործարանների եզրակացության, հաշմանդամների սպասարկման հարմարանքների (թեքահար¬թակ¬ներ, վերելակներ) տեղադրումը հնարավոր է միայն մեծ դասի ավտոբուսների վրա, որոնց արժեքը մոտ 2,5-3 անգամ գերազանցում է Հայաստան բերված ավտոբուսների գներին։ Իսկ փոքր դասի «Հունդայի» ավտոբուսների վրա նման սարքերի տեղադրումը գործնականում հնարավոր չէ։
Հետևաբար քաղաքապետարանը նախատեսում է հաշմանդամների սպասարկման հարմարանքները տեղադրել Չինաստանից ներկրված «Հայգեր» մակնիշի ավտոբուսների վրա, «դրանց ձեռք բերման և տեղադրման հնարավոր տարբերակների վերաբերյալ նախորդ տարվա ընթացքում բանակցություններ են տարվել չինական կողմի հետ, վերջերս հարցը կրկին բարձրացվել է ՀՀ-ում Չինաստանի առևտրաարդյունաբերական գրասենյակում»։
Քաղաքապետարանի պատասխան նամակում նշված չէր կոնկրետ ժամկետ կամ իրականացվելիք գործողություն, որը կհաստատեր, որ Երևանի տրանսպորտային միջոցները և նոր ներկրվող ավտոբուսները կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց:
Մինչ քաղաքապետարանը պատճառաբանություններ է մտածում՝ հիմնավորելու տրանսպորտի մատչելիության ապահովման խոստումների չկատարումը, հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են ամեն օր բախվել տեղաշարժման դժվարությունների՝ սպասելով և հուսալով, որ մի օր պետությունը կապահովի մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը:
Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան
