«Չեմ վճարելու 150 դրամ». քաղաքապետը լռում է, ոստիկանները՝ գործում

Երևանում ընթացող բողոքի շարունակական ակցիաների ֆոնին ամենահետաքրքիրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի լռությունն է։ Մինչ օրս տրանսպորտի թանկացման պատճառների մասին պաշտոնական ոչ մի հայտարարություն կամ մեկնաբանություն չի հնչել նրանց շուրթերից։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ քաղաքապետը վստահեցրել էր, որ տրանսպորտի սակագինը մնալու է անփոփոխ։

Արդեն 4–րդ օրը շարունակվում են տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաները։ Մարդկանց մի մասը բոյկոտում է թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ, մյուս մասն արդեն համակերպվել է նոր ուղեվարձին և վճարում է 150 դրամ։

Բողոքի շարունակական ակցիաներին տարբեր կերպ են արձագանքում վարորդները, ոմանք դեռ պայքարում են՝ հիշեցնելով, որ իրենք ամեն օր «պլան» են մուծում, մի մասն էլ միանում է ցուցարարներին և գործադուլ հայտարարում։ Եղել են վարորդներ, ովքեր ուղևորներին հայտնել են, որ 100 դրամով են աշխատում։

Ուղեվարձի թանկացման դեմ պայքարին միացել են մարդիկ (այդ թվում՝ հայտնի գործիչներ), ովքեր իրենց սեփական մեքենաներով մարդկանց անվճար տեղափոխում են քաղաքում։

Սակայն այս ամենի ֆոնին ամենահետաքրքիրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի լռությունն է, ում դեմ են հիմնականում ուղղված բոլոր քննադատությունները։ Համառ լռություն է պահպանում նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Մինչ օրս պաշտոնական ոչ մի հայտարարություն կամ մեկնաբանություն չի հնչել նրանց շուրթերից։ Քաղաքապետարանը բավարարվել է ինչ–որ մասնագիտական անհասկանալի հաշվարկ հրապարակելով, որից, իբրև թե, պիտի պարզ դառնար, որ ուղեվորափոխադրման վարձի թանկացումը հիմնավորված է։ Իսկ բուն որոշումը, որով սահմանվում է փոխադրավարձի թանկացումը, մինչ օրս չի հրապարակվել և առկա չէ իրավական ակտերի շտեմարաններում։

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը հուլիսի 18-ին տարածել է հաղորդագրություն, որտեղ նշում է, որ իրենք հաստատում են միայն միջպետական և միջմարզային 158 միկրոավտոբուսային և 74 ավտոբուսային երթուղիների ուղեվարձի փոփոխությունը, իսկ Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունն իրականացվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ (այսպիսի որոշում, ինչպես նշեցի, առկա չէ–Մ.Ա.)։

Ըստ հաղորդագրության՝ միջպետական և միջմարզային երթուղիներում ուղեվարձի փոփոխություն դեռևս չի կատարվել։ Նախարարությունում ձևավորված հանձնաժողովն ուսումնասիրում է գազի թանկացման հնարավոր ազդեցությունը փոխադրավարձի վրա և առաջիկայում կներկայացնի ուսումնասիրության արդյունքները։

«Արդեն իսկ պարզ է, որ կլինեն երթուղիներ, որտեղ ուղեվարձի փոփոխություն չի լինի»,– նշված է Տրանսպորտի և կապի նախարարության հաղորդագրության մեջ։

Երեկ՝ հուլիսի 23-ին, հայտարարություն տարածեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը՝ նշելով, որ Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղևորափոխադրման համար 150 դրամ պահանջելն օրինական չէ, քանի որ քաղաքապետի՝ ուղեվարձը թանկացնելու մասին որոշումը օրենքով սահմանված կարգով չի հրապարակվել և ուժի մեջ չի մտել։

Քաղաքապետարանը որևէ կերպ չի արձագանքել ուղևորափոխադրման նոր սակագնի շուրջ ծավալված քննադատություններին և չի ներկայացրել դրա իրավական հիմքերը։

Բերման են ենթարկվել բողոքի ակցիաների մասնակիցները

Ոստիկանությունում քրեական գործ է հարուցված ՀՀ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Հուլիսի 22-ին և 23 կանգառներում և Քաղաքապետարանի մոտ իրականացված բողոքի ակցիաների մասնակիցներից 11-ը բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ և 3 ժամը չանցած՝ ազատ արձակվել։ Հուլիսի 24-ի դրությամբ որևէ անձի այս հոդվածներով մեղադրանք չի առաջադրվել։

Բերման ենթարկելու պատճառները, ըստ Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ Վալերի Օսիպյանի, ոստիկանների նկատմամբ բռնության գործադրումն է, հասարակական կարգը խախտելը, այլոց տեղաշարժվելու իրավունքին խոչընդոտելը, ոստիկանների օրինական կոչերին չենթարկվելը:

Իսկ բողոքի ակցիային մասնակցող ակտիվիստները հակված են այն կարծիքին, որ դա արվում է իրենց վախեցնելու, շարժումը ճնշելու նպատակով։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ բերման ենթարկվածներն են՝ Դավիթ Հարությունյանը, Սոնյա Մսրյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Մաքսիմ Սարգսյանը, Վահե Մելքոնյանը, Վիլեն Գաբրիելյանը, Սամվել Խաչատրյանը, Շանթ Գրիգորյանը, Գևորգ Սաֆարյանը, Դավիթ Թովմասյանը։

Ակտիվիստները Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի անդամներին ասել են, որ իրենց բերման են ենթարկել բռնի ուժ գործադրելով և ստիպողաբար նստեցնելով մեքենա, չեն տեղեկացրել, թե ինչի համար են տանում բաժին և ինչ կարգավիճակով, չեն բացատրել իրենց իրավունքները։

Առավոտյան 10։00-ի սահմաններում ոստիկանները բերման են ենթարկել Դավիթ Հարությունյանին և Սոնյա Մսրյանին։ Էրեբունու ոստիկանական բաժնում նրանց մոտ մեկ ժամ պահելուց հետո բաց են թողել: Մսրյանին ոստիկանության բաժնում պատճառաբանել են, որ իրեն բերման ենթարկելու պատճառն այն է, որ, չլինելով լրագրող, նա տեսանկարահանել է ակցիան։

Սամվել Խաչատրյանն ու Մաքսիմ Սարգսյանը պատմել են, որ իրենց բերման են ենթարկել իրենց տների բակերից: Սարգսյանին Արաբկիրի բաժնում տեղեկացրել են, որ ինքը կասկածվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նա հրաժարվել է բացատրություն գրել:

Վահե Մելքոնյանին և Դավիթ Թովմասյանին բաժնում ասել են, որ իրենք բերման են ենթարկվել որպես վկա՝ նախորդ օրը ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների գործով: Երկուսն էլ նշել են, որ իրենք չեն կարող վկա լինել, քանի որ այդ օրը բողոքի ակցիային չեն մասնակցել։

Արեգ Գևորգյանին բերման ենթարկելու պատճառը, ըստ ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի, Խանջյան փողոցն արգելված վայրում հատելու կոչն է, ինչն իրավախախտում է։

Ավելի վաղ Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ կոչ անելով ցուցարարներին չխոչընդոտել վարորդների աշխատանքը և չխաթարել նրանց հոգեվիճակը, ինչը կարող է մարդկային կյանքեր արժենալ։ 

Ակտիվիստները, հակադարձելով ոստիկանության հայտարարությանը, հիշեցնում էին, որ վարորդներն արդեն իսկ աշխատում են անմարդկային պայմաններում, աշխատանքային ծանր գրաֆիկով և խաթարված հոգեվիճակով։