NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հաստատություններում երեխաների իրավունքները լիարժեք պաշտպանված չեն

Երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական և խնամքի ու պաշտպանության
գիշերօթիկ հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խումբն
իր տարեկան հաշվետվությունում նշում է, որ ՀՀ-ում երեխաների պաշտպանության համակարգը
դեռևս լիովին կայացած չէ, ունի ռեսուրսների լուրջ պակաս, որով էլ պայմանավորված է երեխաների
իրավունքների ոչ լիարժեք պաշտպանությունը երկրում: Հատկապես մեծ ուշադրության կարիք
են զգում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները:
Նախ և առաջ, մշտադիտարկման խումբը 3 միլիոն բնակչություն ունեցող
ազգի համար, որտեղ դեռևս առկա են ամուր ընտանեկան և ազգային ավանդույթներ, անընդունելի
է համարել 10 մանկատուն (6 պետական, 4 մասնավոր), խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ
հաստատություն և 23 հատուկ դպրոց ունենալը՝ 4000-ից ավելի սաներով:
Այս հաստատությունների ծանրաբեռնվածության պատճառներից մեկը,
որը բացահայտվել է աշխատակազմի հետ անցկացրած հարցազրույցներում, երեխաների թվով ֆինանսավորումն
է։ Աշխատակիցներից շատերը նշել են, որ նոր ուսումնական տարվա սկզբում իրենց առջև պահանջ
է դրվում հաստատություն բերել առնվազն երկու գիշերող երեխա, եթե ցանկանում են պահպանել
իրենց աշխատատեղերը:
Համաձայն դիտորդական խմբի զեկույցի՝ վերոնշյալ հաստատություններում
գտնվող երեխաների գրեթե բոլոր իրավունքները գոնե մասամբ ոտնահարված են Հայաստանում:
Երեխաների բարեկեցության
և անվտանգության ապահովման իրավունք
Այլընտրանքային խնամքի հաստատություններում լիովին ապահովված
չեն երեխաների կենսական պահանջներին և պետության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան
բնակության պայմաններ և անվտանգություն, ինչը կարևոր է երեխաների բնականոն աճի և զարգացման
համար:
Հաստատությունների շենքային պայմաններն անբավարար են։ Մանկատներից
միայն 3–ի շենքային պայմաններն են բարվոք վիճակում, քանի որ վերջերս են վերանորոգվել:
Իսկ, օրինակ, Գյումրիում գտնվող թիվ 3 հատուկ դպրոցը մինչ օրս տեղակայված է տնակային
պայմաններում, չունի համապատասխան հարմարություններ:
Հաստատությունների մեծամասնությունը հարմարեցված չէ տեղաշարժման
դժվարություններ ունեցող երեխաների համար. չկան թեքահարթակներ, վերելակներ, հարմարեցված
զուգարաններ:
Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ բավական վատ վիճակում
են գտնվում հաստատությունների զուգարանները, լոգարաններում չկա սառը և տաք ջուր, բացակայում
են հիգիենայի պարագաները, ցնցուղների քանակը անբավարար է, շատ դեպքերում լոգարանների
դռները փակի տակ են լինում։
Մշտադիտարկման խումբը մտահոգված է ոչ միայն լոգարանների վիճակով,
այլև՝ երեխաների հիգիենայի նկատմամբ աշխատակազմի անտարբերությամբ: Վերանորոգված և մաքուր
լոգարան ունենալը դեռ բավարար չէ ասելու, որ հիգիենան պահպանվում է, ինչի ապացույց
են հաստատությունների հոտը, երեխաների անխնամ վիճակը:
Մյուս խնդիրը, որ գրանցել է դիտորդական խումբը, մեկ ննջասենյակում
քնող երեխաների քանակն է։ Ըստ չափորոշիչների՝ 6 մահճակալի համար նախատեսված ննջասենյակում
տեղակայված է եղել մինչև 12 մահճակալ (oրինակ՝ Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոց):
Իսկ Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցում սենյակներում լուսավորություն
չի եղել։ Հաստատության տնտեսուհին և բուժքույրը մեկնաբանել են, որ դա արվել է երեխաների
անվտանգության համար, քանի որ նրանք կարող են լինել անկառավարելի, առանց հասկանալու
կոտրել լապտերները և վնասել իրենց։
Երեխաների առողջության
պահպանման իրավունք
Հատուկ հաստատություններում լիարժեքորեն չի իրացվում երեխաների՝
պետության կողմից սահմանված բուժօգնության իրավունքը: Մասնավորապես, խախտվում է երեխաների
պարբերաբար բժշկական ստուգում անցնելու իրավունքը, բուժման ընթացքի լիարժեքությունը,
բացակայում է համապատասխան մասնագետների մոտ զննվելու հնարավորությունը:
Օրինակ՝ դիտարկված հաստատություններից 8-ում հարցվողների պատասխաններից
ակնհայտ էր, որ երեխաները պարբերաբար բուժզննում են անցնում պոլիկլինիկաներում, սակայն
մնացած 11-ի դեպքում հակասական պատասխաններ են տվել բուժզննումների և դրանց պարբերականության
մասին: Իսկ Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցում երեխաները հաստատությունում, ինչպես նաև՝
տեղի պոլիկլինիկայում երբեք որևէ զննություն չէին անցել:
Երեխաների՝ ծնողներին
ճանաչելու և ընտանիքի հետ կապ պահպանելու իրավունք
Հատուկ կամ խնամքի հաստատություններում ոչ լիարժեքորեն է իրագործվում
երեխայի՝ ընտանիքի հետ կապը պահելու իրավունքը, քանի որ ոչ բոլոր երեխաների համար է
ապահովված ծնողների հետ հանդիպումը կամ պարբերական այցելությունները տուն:
Դիտարկված երեք տիպի հաստատություններից մանկատների երեխաները
հիմնականում չեն այցելում ընտանիքներ, իսկ հատուկ դպրոցներում երեխաները հիմնականում
ստանում են ցերեկային խնամք:
Դիտարկումից ընդհանուր առմամբ պարզ է դարձել, որ ծնողները քիչ
են այցելում երեխաներին: Հաստատություններում հիմնականում չկան այցելությունների համար
նախատեսված հատուկ սենյակներ և գրանցամատյաններ: Ֆիքսված հեռախոսակապ առկա է բոլոր
հաստատություններում, բայց այլ խնդիր է դրա հասանելիությունը երեխաների համար։ Հեռախոսները հիմնականում տեղակայված են տնօրենի,
փոխտնօրենի կամ անձնակազմի մեկ այլ աշխատակցի սենյակում, որտեղ հնարավոր չէ պահպանել
խոսակցության գաղտնիությունը։
Երեխայի՝ բռնությունից պաշտպանված լինելու իրավունք
Մշտադիտարկումը ցույց է տվել, որ հաստատություններում երեխաները
լիովին պաշտպանված չեն ցանկացած տեսակի բռնությունից՝ ֆիզիկական և հոգեբանական բռնությունից,
անտեսումից, նվաստացնող պատիժների կիրառումից։ Ընդ որում՝ բռնությունները տեղի են ունենում
և կիրառվում են հաստատություններում՝ երեխա-երեխա, մեծահասակ-երեխա հարաբերություններում:
Հաստատությունների աշխատակիցների հետ զրույցներում հաճախ հնչել
են հետևյալ արտահայտությունները. «Առաջ ավելի կոպիտ էի, հիմա չէ» , «Հիմա ֆիզիկական
պատիժներ չեմ կիրառում» և այլն: Եվ չնայած գրանցված առաջընթացին՝ այնուամենայնիվ, երեխաների
բռնություններից պաշտպանված լինելու իրավունքը ակնհայտորեն խախտված է:
Բռնություններին կամ պատիժներին վերաբերող հարցերին տրված պատասխաններում
հաստատությունների անձնակազմի և երեխաների կարծիքները հակասում են միմյանց:
Ըստ անձնակազմի անդամների՝ ամենադաժան պատիժը հաստատությունում
կարող է լինել անկյուն կանգնեցնելը: Սակայն, եթե նայում ենք երեխաների պատասխաններին,
պատկերը կտրուկ փոխվում է: Օրինակ՝ երեխաները նկարագրում են «մազերը փետրելու», փայտով
ծեծելու, քանոնով, կոշիկով խփելու դաժան դեպքեր: Ընդ որում, դաստիարակները հստակ չեն
գիտակցում բռնությունը՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես երեխաների սխալ արարքների,
վատ պահվածքի համար պատժամիջոցներ:
Ցավալի է նաև այն փաստը,
որ երեխաները, խոսելով բռնության մասին, դրանք որակում են որպես սեփական վատ արարքների՝
չլսելու, չարություն անելու համար «արդար և հանուն իրենց օգտի կիրառված» դաստիարակչական
միջոցներ:
Դիտարկված հաստատություններից 16-ում որպես պատիժ օգտագործված
մեթոդները թույլ են տվել հստակ արձանագրել բռնության առկայությունը: Երեխան անընդհատ
վախի մեջ է, որը ամենադաժան բռնությունն է, այսինքն՝ երեխան անընդհատ հոգեբանական ճնշված
վիճակում է:
Մասնավորապես, երեխաների կողմից նշվել են բռնության հետևյալ
դրսևորումները՝ մեկ ոտքի վրա անկյուն կանգնեցնել, ապտակել, քանոնով մատներին հարվածել,
հրել, քաշքշել, ծեծել, վիրավորել, պիտակավորել, մեկուսացնել, արհամարհել և այլն:
Գավառի հատուկ դպրոցում հարցված երեխաներից առնվազն 11-ը դիտորդներին
պատմել է բռնության դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել իրենց ընկերների հետ:
Ընդհանուր մշտադիտարկումից պարզ է դառնում, որ երեխա-երեխա հարաբերություններում
որոշ դեպքերում նույնպես գրանցվում են բռնության դեպքեր:
Երեխայի կրթության և զարգացման
իրավունք
Կրթական իրավունքի խախտումները հիմնականում արձանագրվել են հատուկ
դպրոցներում, որտեղ հատուկ կարիքներով երեխաները ստանում են միջնակարգ և մասնագիտական
կրթություն:
Հատուկ կարիքներով երեխաների համար լիարժեքորեն ապահովված չէ
կրթական իրավունքի իրագործումը՝ նրանց անհատական պահանջմունքներին համապատասխան: Անհատական
ուսուցման պլանները կրում են ձևական բնույթ։
Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան
