NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արդարացման վճիռը բեկանվել է. խոշտանգել են թե ոչ՝ պետք է պարզի ՀՔԾ–ն

Դատարանում ամբաստանյալները հաճախ են հայտարարում, որ իրենք անմեղ են և ոստիկանությունում իրենց ծեծի և սպառնալիքի ազդեցությամբ են ստիպել խոստովանական ցուցմունք տալ։ Խոշտանգումների մասին հայտարարությունների մեծ մասը դատավորներն արժանահավատ չեն համարում և գտնում են, որ դրանք արվում են պատժից խուսափելու համար:
Ֆելիքս Գևորգյանի գործը, թերևս, բացառություն է։ Դատարանն արժանահավատ է համարել խոշտանգումների մասին հայտարարությունը և անմեղ է ճանաչել Գևորգյանին, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել է արդարացման վճիռը և գործն ուղարկել նոր քննության։ Գործի մանրամասները՝ ստորև։
Խոշտանգումների փաստով քրեական գործ չի հարուցվել
Համաձայն քրեական գործի նյութերի` 2011թ. սեպտեմբերի 29-ի երեկոյան Ֆելիքս Գևորգյանը գողություն կատարելու կասկածանքով Կոտայքի մարզի Զովունի գյուղից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ 2011թ. փետրվար-մարտ ամիսներին կատարել է յոթ գողություն: Նա գրավոր հրաժարվել է պաշտպան ունենալուց (գործով պաշտպան է ներգրավվել ավելի ուշ):
Դրանից մոտ 20 օր հետո՝ հոկտեմբերի 17-ին, Գևորգյանը դիմում է ՀՀ գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ հայտնելով, որ իրականում ինքը հանցանքներ չի կատարել և խոստովանել է, որ գողություններ է կատարել ոստիկանությունում դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով:
Ավելին, դիմումի մեջ նա նշում է կոնկրետ պաշտոնատար անձանց անուններ, ովքեր իր նկատմամբ բռնություն են գործադրել, ներկայացնում է բռնության մանրամասները՝ նշելով, որ տաքացրած երկաթով այրել են իր ոտքերը, մահակներով և ոտքերով հարվածներ են հասցրել իր ոտնաթաթերին, ինչի հետևանքով պոկվել են մատների եղունգները:
Գևորգյանը խնդրում է, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն նշանակվի և իրեն ծեծի ենթարկած անձանց պատասխանատվության ենթարկեն:
Նոյեմբերի 28-ին Գևորգյանի քրեական գործը քննող քննիչը որոշում է կայացնում խոշտանգումների վերաբերյալ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
Առաջին ատյանի դատարանն արդարացրել է
Գործն ուղարկվում է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանում Գևորգյանն իրեն մեղավոր չի ճանաչում և պնդում է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է ծեծի և սպառնալիքների: Նա նաև հայտնում է, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Գևորգյանի, նրա տեղակալ Արկադի Սահակյանի և ևս 5-6 աշխատակիցների կողմից ապօրինի բերման է ենթարկվել ոչ թե սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամը 19։00-ի սահմաններում, ինչպես դա արձանագրվել է ոստիկանության կողմից, այլ սեպտեմբերի 28-ի առավոտյան, ժամը 08:00-ի սահմաններում:
Լսելով ցուցմունքները և ուսումնասիրելով ներկայացված ապացույցները՝ դատարանը եզրակացնում է, որ որպես «ամբաստանյալի մեղավորությունը հիմնավորող ապացույց, ըստ էության, վկայակոչվել է միայն վերջինիս՝ նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքը»:
Դատարանը գտել է, որ քննչական փորձարարության արձանագրությունը, ըստ որի Ֆ.Գևորգյանը մատնացույց է արել այն վայրերը, որտեղից գողություն է կատարել, կազմում է ինքնախոստովանական ցուցմունքի մի մասը, ուստի այդ արձանագրությունը և ընթերակաների՝ որպես վկա տրված ցուցմունքները ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի էական խախտումներով և պետք է դիտվեն որպես անթույլատրելի ապացույցներ և չդրվեն վճռի հիմքում:
Ընդգծենք, որ դատարանն արժանահավատ է համարել Ֆելիքս Գևորգյանի այն հայտարարությունը, որ ինքը ցուցմունք է տվել խոշտանգումների արդյունքում և կարևորել է այն հանգամանքը, որ խոշտանգումների ենթարկվելու մասին հաղորդումը ներկայացվել է նախաքննության փուլում, այլ ոչ թե միայն դատարանում:
Դատարանը գտել է, որ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է բացառապես նրա տված խոստովանական ցուցմունքների վրա, որը պետք է համարվի անթույլատրելի ապացույց, քանի որ ձեռք է բերվել խոշտանգումների արդյունքում:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ դատաբժիշկը նշել էր, որ Ֆելիքս Գևորգյանի մոտ «զննության պահին վաղեմությամբ որոշման մեջ նշված ժամկետին համապատասխանող մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել, սակայն ներկայումս որոշել, եղե՞լ են այդպիսիք, թե՞՝ ոչ, հնարավոր չէ` փորձաքննությանն ուշ ներկայացվելու և լիարժեք բժշկական փաստաթղթերի բացակայության կապակցությամբ»: Վճռում նշված է, որ դատաբժշկական եզրակացությունը վերացական է ձևակերպված և միանշանակ չէ, միևնույն ժամանակ, այն չի բացառում, որ Ֆելիքս Գևորգյանը ոստիկանության Մաշտոցի բաժին բերվելուց հետո, իր կողմից նկարագրված հանգամանքներում ստացել է մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ Ֆելիքս Գևորգյանի հայտարարության հիման վրա «հետագա քննությունը եղել է ոչ արդյունավետ, քանի որ նրա նկատմամբ ենթադրաբար խոշտանգում կատարած անձանց հարցաքննել է այն քննիչը, ով վերջիններիս հետ աշխատում է նույն շենքում և ում վարույթում է գտնվել Ֆելիքս Գևորգյանին վերագրվող գողությունների վերաբերյալ գործը», չի ապահովվել արդյունավետ քննության նվազագույն չափորոշիչներից մեկը՝ քննություն իրականացնող անձանց աստիճանակարգային, համակարգային և գործնական անկախությունը քննվող դեպքին առնչվող անձանցից:
Արդյունքում Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Դավիթ Բալայան) 2012թ. ապրիլի 28-ի դատավճռով ամբաստանյալ Ֆելիքս Գևորգյանը Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքներում ճանաչվել է անմեղ և արդարացվել:
Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը
Դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել, և 2012թ. հուլիսի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան) բեկանել է առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման վճիռը և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ քրեական գործի քննության շրջանակներում առաջին ատյանի դատարանը բավարար հիմքեր և իրավասություն չի ունեցել հաստատված համարելու ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների միջոցով Ֆ.Գևորգյանից խոստովանական ցուցմունքներ կորզելու հանգամանքը։ Խոշտանգումների վերաբերյալ վստահելի հայտարարության առկայության դեպքերում դատարանը քրեական գործ հարուցելու միջնորդությամբ պետք է դիմեր դատախազին:
Միևնույն ժամանակ, դատարանը գտել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել կիրառված ֆիզիկական բռնությունների վերաբերյալ մեղադրյալի հայտարարությունների ստուգման և նրան ենթադրաբար խոշտանգած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, իսկ կատարած քննությունը թերի և միակողմանի է եղել: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ միայն դեպքին առնչվող անձանցից անկախ մարմնի` ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացված քննությունը կարող է պատասխանել այն հարցին` Ֆ.Գևորգյանի նկատմամբ խոշտանգումներ կիրառվե՞լ են, թե՞՝ ոչ:
Ֆելիքս Գևորգյանի գործը ՀՀ-ում անձին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացում արդեն իսկ ավանդույթային դարձած խախտումների հերթական վառ օրինակն է: Այն իր մեջ ներառում է խախտումների փունջ՝ օրենքի խախտմամբ բերման ենթարկելը, երկարատև ժամանակով ապօրինի ազատությունից զրկելը, բերման ենթարկելուց ժամեր կամ օրեր անց բերման ենթարկվածների գրանցամատյանում գրանցելը, պաշտպանից հրաժարվելուն դրդելը, քրեակատարողական հիմնարկ ընդունելիս ոչ լիարժեք բուժզննություն անցկացնելը, դատաբժշկական եզրակացությունների վերացական կամ ոչ միանշանակ ձևակերպված լինելը։ Այս բոլոր խախտումները խոշտանգողներին հնարավորություն են տալիս խուսափել պատասխանատվությունից:
Հեղինակը՝ Աննա Մելիքյան
