«Բացառված է, որ տրանսպորտի գինը չթանկանա». փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն այսօր տեսակետ է հայտնել, որ տրանսպորտի թանկացումն անխուսափելի է։

«Առայժմ իրականացվում են հաշվարկներ... Իհարկե միտումը դեպի թանկացումն է... Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա։ Բացառված է, որ տրանսպորտի գինը չթանկանա, քանի որ այս սակագնով տրանսպորտ շահագործելն ուղղակի անհնար է։ Իսկ թե ինչպես պետք է թանկանա, ինչ մեխանիզմներ պետք է կիրառվեն, այս ամենը դեռ հանձնաժողովը քննարկում է»,- Ազգային ժողովում լրագրողներին տված հարցազրույցում ասել է փոխքաղաքապետը` հավելելով, որ մետրոյի վրա չի ազդի թանկացումը:

Նա նաև կարծիք է հայտնել, որ թանկացման պարագայում պետք է գնալ սպասարկման որակի բարձրացման ճանապարհով և դա նաև հասարակական պահանջ է։ Պետք է վերանայվի երթուղիների ցանցը, շահագործվող մեքենաների ֆիզիկական վիճակը, մաքրությունը, սպասարկման ժամատախտակը և այլն։

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամից ավելի լինի, Կամո Արեյանը պատասխանել է, որ ինքը չի կարող ասել, հանձնաժողովն իր մասնագետներով քննարկում է այդ և մնացյալ հարցերը։

Փոխքաղաքապետի խոսքերով՝ քաղաքային տրանսպորտի սակագնի հարցով զբաղվող հանձնաժողովը մոտ մեկ ամսից կավարտի իր աշխատանքները:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 19-ին Երևանի քաղաքապետի անհատական որոշմամբ քաղաքային տրանսպորտի սահակագինը բարձրացավ՝ 100 դրամից դառնալով 150 դրամ (տրոլեյբուսինը՝ 50-ից 100 դրամ)։ Քաղաքացիական ընդվզման և պայքարի շնորհիվ հուլիսի 25-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց օրեր առաջ ընդունած որոշման գործողությունը և հանձնարարեց ստեղծել մասնագիտական հանձնաժողով տրանսպորտի սակագնի վերանայման հնարավորություններն ուսումնասիրելու համար։