ԱԺ նիստը տապալվեց, բայց կենսաթոշակային նոր համակարգի դեմ պայքարը շարունակվում է

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Ազգային ժողովի ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների և անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Խաչատուր Քոքոբելյանի նախաձեռնությամբ պետք է տեղի ունենար արտահերթ նիստ։ Օրակարգում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների «պարտադիր» բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու հարցն էր։ Սակայն կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը, որոնք ԱԺ–ում կազմում են մեծամասնություն, չներկայացան նիստին, և քվորում չլինելու պատճառով նիստը չկայացավ (անհրաժեշտ էր առնվազն 66 պատգամավորի մասնակցություն, բայց գրանցվել էր միայն 50–ը)։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորների կողմից անցած քառօրյային առաջարկություն եղավ մեկ տարով հետաձգել նոր կենսաթոշակային համակարգի գործարկումը՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ համակարգի հակասահմանադրական լինելը։

Այսօր «Ֆեյսբուք» սոցցանցում ստեղծված՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնությունը ԱԺ շենքի առջև կազմակերպել էր հավաք։ Նախաձեռնության կողմնակիցները 2014թ.–ից գործարկվելիք կուտակային կենսաթոշակային նոր համակարգը ռիսկային են համարում, դեմ են պարտադիր կուտակումներին և ցանկանում են ունենալ ընտրության հնարավորություն։

Իմանալով, որ իշխանական կոալիցիան տապալել է նիստը՝ հավաքի մասնակիցները խորհրդարանի առջևից երթով և «ամոթ» վանկարկելով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, այնուհետև՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ հանրապետական պատգամավորներից պահանջելով ներկայանալ նիստին։ Երթի մասնակիցները ցրվել են միայն այն բանից հետո, երբ ՀՀԿ գրասենյակից խոստացել են պաշտոնապես պարզաբանում հրապարակել ԱԺ նիստին չմասնակցելու պատճառների մասին։

Նիստի տապալումից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասել է, որ չի բացառվում, որ կրկին պատգամավորները կնախաձեռնեն ստորագրահավաք՝ հաջորդ շաբաթ նույն հարցով արտահերթ նիստ գումարելու համար։

Ավելի ուշ կենսաթոշակային նոր համակարգի գործարկումը հետաձգմանը կողմնակից խորհրդարանական չորս ուժերը հայտարարություն են տարածել՝ դատապարտելով քաղաքական մեծամասնության՝ նիստը բոյկոտելու քայլը և այն գնահատելով որպես «բացահայտ արհամարհանք սահմանադրության նկատմամբ, քաղաքական փոքրամասնության սահմանադրական իրավունքներն իրացնելու հնարավորությունը ի չիք դարձնող և բաց քննարկումներից խուսափելու քայլ, անհանդուրժողականության դրսևորում, Ազգային ժողովի դերը նսեմացնելու հերթական փորձ»։

Պատգամավորները հայտարարում են, որ համակարծիք են բազմահազար քաղաքացիների և տասնյակ կազմակերպությունների` կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ արտահայտված մտահոգությունների հետ, կարծում են, որ այս համակարգի ներդրման բացասական հետևանքները կրելու են Հայաստանի բոլոր քաղաքացիները, ներկա և ապագա սերունդները։

«Պահանջում ենք կասեցնել պարտադիր բաղադրիչի կիրառումը, իրականացնել հանրային և մասնագիտական լայն քննարկումներ, ստեղծել բացահայտված ռիսկերի լիարժեք չեզոքացման մեխանիզմներ, կատարել համապատասխան փոփոխություններ և վերջնական տարբերակը դնել հանրաքվեի»,– ասված է հայտարարության մեջ։

Պատգամավորները հավելում են, որ շարունակելու են պայքարել համակարգի դեմ և կոչ են անում ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել պայքարին: «Այն ուղղված է արժանապատիվ ծերություն ունենալու ՀՀ քաղաքացու իրավունքի ապահովմանը»,– համոզված են խորհրդարանական չորս ուժերը: