NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նախաձեռնող խումբն առաջարկում է սկսել ցմահ դատապարտյալների գործերի անհատական վերանայումներ

Արցախյան պատերազմի մասնակից, ցմահ դատապարտյալ և 19 տարի անազատության մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանի դստեր՝ 18-ամյա Սյուզի Քոչարյանի ինքնասպանությունը պատճառ դարձավ ևս մեկ անգամ անդրադառնալու ցմահ դատապարտվածների խնդիրներին։
Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 6-ին դիմում-առաջարկ է ուղղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին։
Դիմումի մեջ մասնավորապես ասվում է, որ տարիներ շարունակ մի խումբ ցմահ դատապարտյալներ բարձրացնում են իրենց գործերի վերաբացման և պատժաչափերի վերանայման համար օրենսդրական նոր մեխանիզմների մշակման անհրաժեշտության մասին։
Քաղաքացիական նախաձեռնությունն առաջարկում է ձևավորել ժամանակավոր հանձնաժողով կամ միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու 104 ցմահ դատապարտյալների գործերը, առանձնացնելու վիճելի, կասկածելի գործերը։
Մասնավորապես առաջարկվում է՝
•առանձնացնել և ուսումնասիրել 18-21 տարեկանում ցմահ դատապարտվածների գործերը՝ հաշվի առնելով, որ եվրոպական մի շարք երկրներում հանցանքը կատարելու պահին 21 տարին չլրացած երիտասարդների նկատմամբ կիրառվում են ավելի մեղմ պատիժներ,
•ուսումնասիրել, թե ինչու չի կիրառվում պայմանական վաղակետ ազատման ինստիտուտը, պատժի չկրած մասն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու դրույթը, չի գործում պահման ռեժիմների փոփոխման համակարգը,
•օրենքում վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգը և կյանքի կոչել նրանց պահման ռեժիմների փոփոխման համակարգը` փակից անցում կիսափակի, հետո նաև` կիսաբացի, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում,
•ուսումնասիրել, թե ինչու համաներման ու ներման ինստիտուտների միջոցով երբևէ անդրադարձ չի կատարվում դատապարտյալների այս խմբին,
•յուրաքանչյուր 5 տարին մեկ կարելի է ավելացնել տեսակցությունների ու հեռախոսազանգերի թիվը՝ խթանելով ընտանեկան կապերը,
•սկսել գործերի ռեալ և անհատական վերանայումներ։
Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնությունը դիմումի մեջ նշում է, որ ցմահ դատապարտյալների մեջ կան մարդիկ, ովքեր մեղադրվել են 1-ից մինչև 8 անձանց սպանության մեջ կամ հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաև բազմակի դատվածություններ ունեցողներ: Այդ գործերից 35-ը քննվել են 1991-2003թթ.-ն ընկած ժամանակահատվածում, երբ դեռ նոր էր ձևավորվում դատական համակարգը, երբ մարդկանց դատապարտում էին 1961թ. խորհրդային քրեական օրենսգրքով:
Քրեական օրենսգրքի փոփոխություններից հետո 104 ցմահ դատապարտյալներից 97-ը դիմեցին դատարաններ` իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով, սակայն և ոչ մի գործով պատժաչափի փոխարինում տեղի չի ունեցել։
«Համոզված ենք, որ ցմահ դատապարտյալների գործերի ուսումնասիրմամբ, օրենսդրական մեխանիզմներ մշակելով և գործերի, պատժաչափերի վերանայմամբ հնարավոր կլինի մեղմել Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրը, որը բարձրաձայնվում է տասնյակ տարիներ»,– նշված է նախաձեռնող խմբի դիմում–առաջարկությունում:
Այն ամբողջությամբ կարող եք ընթերցել hetq.am կայքում:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ինքնասպանություն էր գործել ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի դուստրը՝ 18-ամյա Սյուզի Քոչարյանը։ Աղջկա տատիկը պատմել է, որ նա հոգեկան ծանր վիճակում է եղել. մայրը մահացել էր ծանր հիվանդության հետևանքով, իսկ հայրը՝ կողքին չի եղել ծնված օրվանից:
Սողոմոնին թույլ չեն տվել ներկա գտնվել աղջկա հուղարկավորությանը։ ՀՀ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության պետը «Հետքին» տված պարզաբանման մեջ նշել է, որ Քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին կետով սահմանափակվում է կարճատև մեկնման իրավունքը առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձանց պարագայում:
