NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կեղծ օգտատերերի վիրավորանքների համար կարող են պատասխանատվություն կրել ԶԼՄ-ները

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ Ազգային ժողովի բոլոր 6 խմբակցությունների առանձին պատգամավորների համահեղինակությամբ: Նոր օրինագիծը ԶԼՄ-ների համար պատասխանատվություն է սահմանում անհայտ կամ կեղծ (fake) աղբյուրների վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանությունների համար։
Նախագծի հեղինակները խնդիրը կարևորվում են նրանով, որ մի շարք լրատվական միջոցներ վերարտադրում և տարածում են կեղծ օգտատերերի՝ զրպարտություն կամ վիրավորանք պարունակող կարծիքներն ու մեկնաբանությունները՝ դրանք առավել հանրայնացնելով և հասանելի դարձնելով նույնիսկ այն անձանց, ովքեր գրանցված չեն սոցիալական ցանցերում: Հետևաբար, ԶԼՄ-ն պետք է կարողանա տարբերել իրական և կեղծ օգտատերերին, և «ֆեյքերի» վիրավորական գրառումները հրապարակելու դեպքում պատասխանատվություն կրի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը վերաբերում է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգին և պայմաններին։ Այդ հոդվածի 9-րդ կետը սահմանում է, որ եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա պատասխանատվությունը կրում է լրատվական գործունեություն իրականացնողը:
Նոր նախագծով պատգամավորներն առաջարկում են 9-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ․ «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը»:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում գրում է. «Այս պահին մեր օրենսդրությունը նորմալ չի բացատրում, թե ինչ է լրատվամիջոցը։ Նման իրավիճակում դնել այսպիսի պահանջներ, նշանակում է հարվածի տակ դնել գրեթե բոլոր մարդկանց, ովքեր ցանցում գրում են՝ Ֆեյսբուքում, Թվիթերում, բլոգում և այլն։ Այս սահմանման տակ ընկնում են առնվազն մեկ միլիոն հայերի պրոֆիլներ տարբեր ցանցերում: Սոցցացների հարթակները գտնվում են ՀՀ իրավասությունից դուրս, իսկ մեր ոչ մի մարմնին իրենք չեն տրամադրի անհատական տվյալներ՝ եթե տակը չկա քրեական գործ։ Ավելին, անանուն լինելը, ըստ Եվրոպայի Խորհրդի, որի անդամ է նաև Հայաստանը, ունի հատուկ հռչակագիր․ DECLARATION on freedom of communication on the Internet, որի 7 սկզբունքը հենց անանուն լինելն է․ ԵԽ անդամ երկները պետք է հարգեն մարդու անանուն լինելու իրավունքը»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ նախագիծը փորձել է մանրամասնել առկա իրավակարգավորումը:
«Այսօր էլ լրատվամիջոցի դեմ կարելի է դիմել դատարան, եթե տեղակատվության աղբյուրն անհայտ է: Նախագծի կարգավորման նպատակը հենց այն է, որպեսզի լրատվամիջոցի վրա լրացուցիչ պարտավորություն չդնենք նախնական մոդերացիա անելու: Մեկնաբանության առումով՝ անհայտ կամ հայտնի անձի կողմից, տարանջատում չկա, ուղղակի խոսքը գնում է այն մասին, որ անձը իրավունք ունի դիմել և պահանջել հեռացնել վիրավորական համարող մեկնաբանությունը. Լրատվամիջոցի իրավունքն է դա հեռացնել կամ ոչ: Եթե, օրինակ, լրատվամիջոցը վստահ է որ դա սովորական քննադատություն է, այլ ոչ թե վիրավորանք կամ զրպարտություն, կարող է և չհեռացնել»,- aravot.am-ին ասել է պատգամավորը:
Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան Արա Ղազարյանի պնդմամբ, փոփոխություն կատարելու անհրաժեշտություն կամ հասարակական պահանջ չկա, քանի որ հայաստանյան օրենսդրական դաշտն այդ առումով կարգավորված է:
«Այն, ինչ առաջարկվում է, դրա կարիքը չկա, դա արդեն եղածի կրկնությունն է, իսկ դաշտը կարգավորված է ամբողջությամբ»,- նախադեպային որոշումները հիշատակելով՝ ասում է իրավաբանը՝ հավելելով:- Մենք նաև ունենք դատարանի որոշում, որն ավելի բարձր պաշտպանություն է տալիս ԶԼՄ-ին՝ ասելով, որ քանի դեռ անձը չի ծանուցել ԶԼՄ-ին քոմենթը հանելու մասին, ապա ԶԼՄ-ն պատասխանատվություն չի կրում: Հետևաբար կարիք չկա նոր փոփոխություններով կարգավորել այն, ինչը վաղը մյուս օրը հնանալու է, քանի որ ինտերնետը արագ զարգացող տիրույթ է»,- փորձագետն այս մասին ասել է panorama.am-ին տված հարցազրույցում:
