NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հաշմանդամներին աշխատանքի ընդունելուն խրախուսող ծրագիրը փոխվել է և դարձել ոչ գրավիչ գործատուների համար

Մայիսի 5-ը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։
Խոսելով Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին՝ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը նշել է, որ այսօր առաջնահերթ խնդիրներից է աշխատանքը։ Այդ մասին նա ասել է մայիսի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ։
Ալավերդյանի խոսքերով՝ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման» ծրագիրը նախկինում շատ էր աջակցում հաշմանդամություն ունեցող անձանց, սակայն կառավարության որոշմամբ փոփոխման է ենթարկվել։
«Այն շատ արդյունավետ ծրագիր էր և մեծ թափ էր առնում: Նախկինում առավելությունն այն էր, որ նախատեսված էր 2 տարով, այսինքն՝ երկու տարի շարունակ պետությունը պարտավորվում էր գործատուին փոխհատուցում տալ հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքի համար, և հիմնականում այն ձեռնտու էր փոքր ձեռնարկություններին, բայց ներկայումս փոփոխվել է ժամկետը և դարձել 6 ամիս, ինչը հետաքրքրություն չի կարող առաջացնել գործատուների շրջանում»,- ասաց նա:
Բացի ժամկետների կրճատումից, կրճատվել է նաև պոտենցյալ շահառուների թիվը։ Եթե նախկինում ծրագրից կարող էին օգտվել հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք, ապա ներկայումս ծրագիրը տարածվում է միայն 1-ին խմբի հաշմանդամների վրա։
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց այլ խնդիրներին՝ Արմեն Ալավերդյանը նշեց, որ շարունակում են չլուծված մնալ մատչելի տրանսպորտային միջոցների և կրթական-մշակութային օջախները և այլ հաստատությունները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու խնդիրները։
«Ունիսոն» ՀԿ-ն պատրաստվում է հանրային հաստատությունների մատչելիության վերաբերյալ մշտադիտարկում իրականացնել:
