NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քաղաքացիական հագուստով ոստիկանն իրավունք ունի՞ բերման ենթարկելու հավաքի մասնակցին

Մայիսի 23-24-ը Ծաղկաձորում Ոստիկանության և ԵԱՀԿ կողմից կազմակերպված երկօրյա աշխատաժողովի ժամանակ անդրադարձ եղավ ոստիկանության և լրագրողների գործունեությանը խաղաղ հավաքների ընթացքում։
www.hra.am –ի լրագրողը, ով նույնպես մասնակցում էր աշխատաժողովին, բարձրացրեց այն հարցը, թե քաղաքացիական հագուստով անձը, ներկայանալով որպես ոստիկան, արդյո՞ք իրավունք ունի բերման ենթարկելու հավաքին մասնակցող քաղաքացուն։
Ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը պատասխանեց, որ, եթե անկարգություն է տեղի ունենում, ապա՝ իրավունք ունի։
«Միանշանակ՝ այո՛, իրավունք ունեն։ Եթե ես երեկոյան՝ իմ աշխատանքային ժամից հետո, Հյուսիսային պողոտայով քայլում եմ և անկարգություն եմ տեսնում, արդյո՞ք իրավունք ունեմ միջամտելու, թե՝ ոչ...Պիտի գնամ տուն, փոխվեմ, հե՞տ գամ... Հասարակական կարգի պահպանությունը և խախտման դեպքում անձին բերելը բաժին տարբեր բաներ են: Պահպանելու դեպքում ոստիկանները պետք է լինեն, որ դուք իմանաք ովքեր են, իսկ տանելու դեպքում, այո՛, կարող են տանել»:
www.hra.am -ը փորձեց պարզել, թե ՀՀ օրենսդրությամբ ինչպես է ամրագրված այս դրույթը:
Համաձայն ՀՀ ոստիկանության մասին օրենքի 12-րդ հոդվածի (Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս)`
«Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում, այլ հասարակական վայրերում, դատական նիստերի ընթացքում (դատարանների միջնորդությամբ):
Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ» [ընդգծումը մերն է]։
Սակայն, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն, Ոստիկանը նաև իրավունք ունի գաղտնի իրականացնել գործողությունները, այսինքն՝ չկրել համազգեստ: Այդուամենայնիվ, օպերատիվ աշխատողը նաև համարվում է ոստիկանության ծառայող, իսկ ոստիկանության մասին օրենքով սահմանվում է, որ «Ոստիկանության ծառայողը ՀՀ տարածքում, անկախ զբաղեցրած պաշտոնից, գտնվելու վայրից և ժամանակից, պարտավոր է` անձի կամ հասարակության անվտանգությանն սպառնացող դեպքի մասին քաղաքացիներից տեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք հայտնաբերելիս միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու, իրավախախտումը կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալելու, դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ և այդ մասին անմիջապես հայտնել մոտակա ոստիկանության»։
Միևնույն ժամանակ, նույն օրենքի 5-րդ հոդվածում նշվում է, որ «Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը»:
Վերոգրյալից ենթադրվում է, որ որպեսզի անձը իմանա, թե արդյո՞ք իրեն օրինական պահանջ են ներկայացնում, նախ պետք է համոզվի, որ պահանջողը ոստիկան է: Հետևաբար, ոստիկանը պետք է պատշաճ ներկայանա, ասի իր անուն–ազգանունը, ներկայացնի վկայական և հայտնի արգելանքի վերցնելու իրավական հիմքերը կամ պատճառները։ Ընդ որում, իրավական հիմքը պետք է լինի հիմնավոր, այլ ոչ թե կամայական, հակառակ դեպքում ոչ իրավաչափ պատճառներով անձին բերման ենթարկող ոստիկանը կարող է պատասխանատվության ենթարկվել։
Տեսանյութի հեղինակը՝ Թեհմինե Ենոքյան, lragir.am
