ՀԿ–ն հրապարակել է այս տարի զինված ուժերում գրանցված մահացության դեպքերի վիճակագրությունը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2014 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում գրանցված մահացության դեպքերի վիճակագրությունն՝ ըստ իր կողմից կատարված ուսումնասիրությունների։

Նշված ժամանակահատվածում ՀԿ–ն գրանցել է 22 միջադեպ, որի արդյունքում մահացել է 23 զինծառայող։ Մահվան 11 դեպքը եղել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 2-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման, 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով: 

Համեմատության համար ՀՔԱՎ գրասենյակը ներկայացրել է նախորդ տարվա վիճակագրությունը, համաձայն որի՝ 2013թ. ամբողջ ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացել է 5 զինծառայող, իսկ 2014թ. միայն առաջին կիսամյակում արդեն զոհվել է կրկնակի թվով զինծառայող՝ 11 հոգի, որից 3-ը՝ հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով, մյուսները, ըստ լրատվամիջոցների տրամադրած տեղեկատվության, դիպուկահարների կողմից: 

Նախորդ տարվա առաջին կիսամյակում ՀՀ ԶՈՒ–ում մահացության 15 դեպք էր գրանցվել, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում՝ 30 տոկոսով ավելի:

Կազմակերպության հրապարակած տեղեկանքին կարող եք ծանոթանալ այստեղ։