NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Հայաստանում չկա կառուպցիայի դեմ լուրջ պայքար». Վ.Հոկտանյան

Փետրվարի 19-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ստեղծելու կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ։ Խորհուրդը պետք է ղեկավարի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կազմում կընդգրկվեն կառավարության աշխատակազմի ղեկավարը-նախարարը, արդարադատության և ֆինանսների նախարարները, գլխավոր դատախազը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը։ Նմանատիպ հակակոռուպցիոն մարմին ստեղծվել էր նաև մոտ 10 տարի առաջ՝ 2004-ին: Միակ տարբերությունն այն է, որ նորաստեղծ խորհրդում նախատեսվում է ներգրավել նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։
Խորհուրդը խորհրդատվական մարմին է, որի նպատակն է աջակցել ՀՀ–ում հակակոռուպցիոն պետական քաղաքականության իրականացմանը: Որքանո՞վ այն կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները, ցույց կտա ժամանակը։ Սակայն, դատելով անցյալի փորձից, նման մարմինների ստեղծումը զուտ ձևական բնույթ է կրում և, թերևս, նպատակ ունի ցույց տալու միջազգային հանրությանը, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը օրակարգային հարց է։
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ այսօրվա դրությամբ Հայաստանում կոռուպցիայի դեմ լուրջ պայքար չկա, հետևաբար չկա նաև առաջընթաց այս ոլորտում, փոխարենը գործում է «համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները չտուժեն» մոտեցումը:
Ըստ փորձագետի՝ վերջին տարիներին պահպանվում է կոռուպցիայի նույն, բարձր մակարդակը։ Թեև փորձ է արվում կոսմետիկ միջոցառումներ ձեռք առնել, օրինակ, էլեկտրոնային կառավարման միջոցով քչացնել քաղաքացի-պաշտոնյա անմիջական շփումը, բայց դա խնդրի հիմնավոր լուծում չէ, եթե չկա կառուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք։
Հոկտանյանի համոզմամաբ՝ այս մակարդակի կոռուպցիա ունեցող երկրներում կոռուպցիան նվազեցնելու երեք ճանապարհ կա, մեկը` իշխանափոխություն, որը, սակայն, միշտ չէ, որ դրական արդյունք է տալիս, մյուսը` քաղաքական կամքի դրսևորում, ինչպես եղավ Սինգապուրում, երրորդը՝ պետության ժողովրդավարացում, կառավարման թափանցիկություն և հաշվետվողականություն։
Հավելենք, որ ըստ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի՝ Հայաստանը համարվում է կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկիր, որտեղ կոռուպցիայի ընկալման համաթիվը 36 է: 100 բալանոց սանդղակում 50-ից ցածր ցուցանիշի դեպքում արդեն կոռուպցիան լուրջ հիմնախնդիր է համարվում տվյալ երկրում։ Ըստ վերջին հետազոտությունների արդյունքների, Հայաստանում կոռուպցիայի ընկալման առումով ամենավատ վիճակում են գտնվում դատական համակարգն ու առողջապահության ոլորտը:
