NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հռոմի պապը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը և տիտղոս շնորհեց սուրբ Գրիգոր Նարեկացուն

Ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցել, որին ներկա են եղել հայկական քրիստոնեական եկեղեցիների հոգևոր առաջնորդները՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև՝ հայ կաթոլիկ պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այլ պաշտոնատար անձինք:
Պատարագի ընթացքում Հռոմի Պապն ասել է, որ մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել. «Առաջինը համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի համընդհանուր առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուններն են նացիզմն ու ստալինիզմը»:
Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացումն անվանելով «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»՝ Հռոմի պապը նշել է, որ Հայոց ցեղասպանության ողբերգության 100-ամյակը հիշելը պարտադիր է, «որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա։
Մյուս կարևոր իրադարձությունն այն է, որ պատարագի ընթացքում Հռոմի պապը մեծարել է սուրբ Գրիգոր Նարեկացուն՝ նրան շնորհելով «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը, որին մինչ օրս արժանացել է ընդամենը 35 մարդ։
Նշենք, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդի կողմից ի հիշատակ Ցեղասպանության զոհերի առաջին անգամ է պատարագ մատուցում։
Ֆրանցիսկոս պապը հայերի հետ կատարված ողբերգության առնչությամբ ցեղասպանություն բառն առաջին անգամ օգտագործել է երկու տարի առաջ՝ հարուցելով Թուրքիայի զայրույթը։ Նման արձագանք տեղի ունեցավ նաև այս անգամ։
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե խորապես հիասթափված և վշտացած է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարություններից։
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, Պապի հայտարարություններից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարարությունն Անկարա է հրավիրել Վատիկանում Թուրքիայի դեսպանին՝դժգոհություն հայտնելու։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
