Ինչ կա–չկա դատարաններում

ՀՀ վճռաբեկ դատարանը տեղեկանք է տարածել 2008 թվականի փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի ընտրությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատարաններում քրեական գործերի ընթացքի մասին։

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի փետրվարի 29-ի դատավճռով Երևան քաղաքի Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքի թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Գուրգենի Աղաջանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը») նախատեսված հանցագործության կատարման մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ («Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը») դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով։

2. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մարտի 27-ի դատավճռով ընտրության ընթացքում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմած, իր ստորագրությամբ ու տեղամասի կնիքով հաստատած քաղվածքն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու համար Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընտրատարածքի թիվ 22/22 տեղամասի հանձնաժողովի քարտուղար Անժիկ Նորիկի Դաբաղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման։

3. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործ, ըստ որի՝ Գավառ քաղաքի թիվ 22/21 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Լևիկի Հայթյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ, թիվ 22/18 ընտրատեղամասում Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սիմոն Հենրիկի Ամիրխանյանը և թիվ 22 ընտրատարածքային հանձնաժողովում Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սամվել Սարգսի Կարապետյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 38-150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ։ Սույն քրեական գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2008 թվականի ապրիլի 10-ին, ժամը 14։00-ին։

4. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր 2008 թվականի մարտի 21-ի դատավճռով ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Արշալույսի Քալանթարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով («Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը») նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտել 300 հազար դրամ տուգանքի։

5. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի փետրվարի 25-ի դատավճռով ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Էդմոն Վաչագանի Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել 500 հազար դրամ տուգանքի։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել, այն մտել է օրինական ուժի մեջ 26.03.2008 թվականին։

6. Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իավասության դատարանն իր 2008 թվականի մարտի 19-ի դատավճռով Արմեն Միրզոյանին և Գեղամ Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Խուլիգանություն») և յուրաքանչյուրին դատապարտել տուգանքի 100 հազարական դրամի չափով։

7. Հյուսիսային քրեական դատարանն իր 2008 թվականի մարտի 12-ի դատավճռով Հարություն Ուռուտյանին (Մարալիկ քաղաքի 36/34 ընտրական տեղամասի Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ) մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») նախատեսված հանցանքներ կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով։

8. 2008 թվականի ապրիլի 3-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Աշոտ Ռուբենի Զաքարյանը, Շոթա Ագունի Սաղաթելյանը, Պետրոս Ստեփանի Մակեյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ։

9. 2008 թվականի ապրիլի 3-ին Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի՝ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ։