Օմբուդսմենը այցելել է հացադուլավորներին

2008 թվականի ապրիլի 2- ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողականա հիմնարկ եւ հանդիպել հացադուլ հայտարարած 12 կալանավորված անձանց:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյալը, կալանավորվածների մեծամասնությունը կալանավորված է մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Վերջիններս Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնեցին, որ հացադուլի պատճառ է հանդիսացել այն, որ հեռուստատեսությամբ նրանց հայտարարել են քրեական հանցագործներ, այնինչ նրանք իրենց համարում են քաղաքական բանտարկյալներ:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները փաստեցին, որ հացադուլ հայտարարած կալանավորները գտնվում են բժշկի վերահսկողության տակ և ՔԿՀ-ի վարչակազմից բողոք չունեն:

ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանն էլ հայտարարել է, որ հացադուլավորների «իրավունքների տեսակետից, բժշկի վերահսկողության տեսակետից ամեն ինչ նորմալ է, նրանք մշտապես բժշկի վերահսկողության տակ են գտնվում: Մշտապես այդ դինամիկան մեր վերահսկողության տակ է: Մի երկու օրից նույնպես անպայման կայցելենք նրանց։ Բայց բավական երկար ժամանակ է, որ Սուրեն Սուրենյանցն է հացադուլ անում, եւ այդ տեսակետից, ճիշտ է, բժշկի վերահսկողությունը կա, բայց, այնուամենայնիվ, առողջականի հետ կապված որոշակի խնդիրներ, կարծում եմ, որ կային»:

Հայաստանի արդարադատության նախարարության տվյալներով արդեն 11-րդ օրը հացադուլը շարունակող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի առողջական վիճակը բավարար է:

Երեկ Սուրենյանցի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը ասել էր, որ Սուրենյանցի առողջական վիճակը մտահոգիչ է:

Միաժամանակ, Արսեն Բաբայանը փոխանցել է, որ այս շաբաթ հացադուլ հայտարարած կալանավորներ Խաչիկ Գասպարյանը, Ռաջա Պետրոսյանը եւ Արամ Բարեղամյանը այսօր հացադուլը դադարեցնելու մասին հայտարարություններ են տվել: