Ինը ամսում՝ 79 քրեական գործ

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը հրապարակել է 2008 թվականի ինն ամիսների ընթացքում ոստիկանության քննչական գլխավոր վարչության կատարած աշխատանքները։

Դատաիրավական բարեփոխումների շրջանակներում` նախաքննություն իրականացնելու լիազորությունը տարեսկզբից դատախազությունից անցել է ոստիկանությանը: Այդ ընթացքում համակարգ է ընդունվել շուրջ 200 քննիչ. նրանցից 45-ը տեղափոխվել է դատախազությունից: Գագիկ Համբարձումյանի դիտարկմամբ` «Թվում էր, թե քննության որակի խնդիր կլինի, քանի որ կադրերը նոր էին, բայց այդպես չեղավ: Ու թեև նոր քննիչներն աշխատեցին լարված և փոքր ինչ էքստրեմալ պայմաններում` քրեական գործերի քննության որակի թերացումներ չեղան», նշել է Գագիկ Համբարձումյանը:

Նրա հավաստիացմամբ` ներկայումս նախաքննության փուլում է 79 քրեական գործ, իսկ քննությունը կայացած, բայց կասեցված քրեական գործերի թիվը հասնում է 13 հազարի: Ընդհանուր առմամբ, այս տարվա ինն ամիսների ընթացքում քննչական գործերի վարույթում է գտնվում 7128 քրեական գործ, ինչը 2300-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բացահայտվել է 962 հանցագործության նոր դեպք, ավարտին է հասցվել սպանության փաստով հարուցված 60 քրեական գործ, որոնցից 49-ը` մեղադրական եզրակացություններով (մոտ 57-59 անձի նկատմամբ), արդեն ուղարկվել է դատարան: Բացի այդ, այս տարվա ինն ամիսներին քննիչների վարույթում գտնվող նյութերի քանակը կազմել է 3.500:

Գագիկ Համբարձումյանը տեղեկացրել է,, որ անբարեխիղճ աշխատանքի համար ոստիկանության քննչական պարատի 30 աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժերի: