NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բաց նամակ Ռիտա Սարգսյանին
Դիմում ենք Ձեզ, որպես երկրի առաջին տիկին, օրըստօրե դրսևորվող նոր զազիր երևույթի առաջն առնելու մտահոգությամբ։ Խոսքը վերաբերում է քաղաքական նպատակներով հայ կնոջ պատիվն ու արժանապատվությունը անարգելու և վիրավորելու «Ազատամտություն» թերթի սովորությանը։
Ներկա քաղաքական թոհուբոհի մեջ կուլ են գնացել օրինականության, չափ ու սահմանի ամեն զգացողություն։ Ցավոք այլևս չենք կարող խոսել հայ տղամարդու կնամեծարության կամ հայ մոր սրբազանության մասին։
Գարշահոտ բերանով մի արարած (չի կարելի նրան տղամարդ անվանել) այնպիսի վիրավորական արտահայտություններ է տեղում հանրությանը հայտնի Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և մտավորական Կարինե Խոդիկյանի հասցեներին, որ ակամա մտատանջվում ես. «Միթե քաղաքական հակառակությունը կարող է այս աստիճան սրիկայի վերածել հայ տղամարդուն, կամ միթե՞ հայ տղամարդու ծախվածությունը կարող է այնքան մթագնել նրա գիտակցությունը, որ հայ կնոջ հասցեին նման նսեմ զրպարտություններ կատարի»։ Մենք չեն ցանկանում ենթադրություններ անել, որ հոդվածի իսկական հեղինակը տղամարդու անվան տակ թաքնվող կին է, որովհետև հնարավոր չի, որ հայ կինն ընդունակ լինի այդպիսի անկումի։
Գուցե Արևմուտքում ընդունված է սեռական բնույթի որակումները քաղաքական պայքարի միջոց դարձնել, սակայն մեզ համար դա անընդունելի է։ Չէ որ դիմացը հայ կին է, մայր, որը ընտանիք ունի, ամուսին, երեխաներ։ Միթե՞ մենք, հայ կանայքս, պիտի հանդուրժենք, որ ընտանեկան սրբությունը քաղաքական պայքարի մանրադրամ դարձնելու պրակտիկա ձևավորվի։ Եթե դա տեղի ունենա, էլ ոչ մի դատարան դա չի կանգնեցնի և ոչ մի կին ապահովագրված չի լինի վարկաբեկումից։
Զարհուրելի է և այն, որ թերթում կան նաև անվեյելուչ պասկվիլներ հանգուցյալ վարչապետի հասցեին։
Քանի որ թերթը իշխանական անհայտ ուժի հովանավորությունն է վայելում և նրանց քաղաքացիական գիտակցության վրա հույս դնելը անօգուտ է, խնդրում ենք ձեզ, ձեր ամուսնու ուշադրությունը հրավիրելու այս նողկալի իրողության վրա: Փորձեք նրա միջոցով սանձել այդ թերթի դուրսպրծուկներին, պաշտպանեք հայ կանանց պատիվը, թույլ մի տվեք, որ քաղաքականության ախտերը թիրախ դարձնեն հայ ընտանիքը ու նոր ավերներ բերեն։
Թույլ մի տվեք, որ «Ազատամտություն» բառը նողկանք առաջացնի։
Մի խումբ հայ կանայք
09.09.09թ. Երևան
