Պաշտպանը ընդունում է քաղաքացիներին մարզերում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացիների ընդունելություններ կանցկացնի Հայաստանի 6 մարզերում։ Պաշտպանը և իր անձնակազմը քաղաքացիներին կընդունեն  նոյեմբերի 17-ին Կապանում, նոյեմբերի 18-ին՝ Եղեգնաձորում,  նոյեմբերի 22-ին՝ Գյումրիում, նոյեմբերի 24-ին՝ Իջևանում, նոյեմբերի 25-ին՝ Վանաձորում, նոյեմբերի 29-ին՝ Գավառում։

Պաշտպանը նախատեսում է նաև 2012թ. հիմնել մարզային գրասենյակներ։ Այս այցելությունների շղթան կծառայի նաև որպես այդ նախաձեռնությունն իրականացնելու նախապատրաստական փուլ, որի ընթացքում կկատարվի 6 մարզկենտրոններում բացվելիք մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչությունների համար աշխատակազմի հավաքագրում և գրասենյակային տարածքների ընտրություն։ 

Պաշտպանի այցի շրջանակներում կազմակերպվելու են նաև կլոր սեղաններ հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ներկայացվելու է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը։