«Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հիմնախնդիրներ» թեմայով համաժողով

CSI

2022թ․ Ապրիլի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հիմնախնդիրներ» թեմայով համաժողով:

Համաժողովի բանախոսներն էին ՀՀ Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը, Սոցիալական արդարություն ՀԿ-ի տնօրեն Արշակ Գասպարյանը։ Համաժողովին մասնակցում էին ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Համաժողովի ընթացքում փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության 2021թ․ տարեկան հաշվետվությունը։ Քննարկվեց Կառավարության որոշմամբ հաստատված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության 2021 թվականի համար նախատեսված 23 միջոցառումների կատարողականը (հղումը՝ https://www.moj.am/page/620), այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման, քրեակատարողական հիմնարկներն արդի ինժեներատեխնիկական միջոցներով վերազինելու, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, կրթական ծրագրերի, հաշմանդամություն ունեցող ազատությունից զրկված անձանց համար մատչելի պայմանների ապահովման, ազատությունից զրկված անձանց որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման, ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման նպատակով իրականացված աշխատանքների, Պրոբացիայի ծառայությանն էլեկտրոնային հսկողության համակարգերով զինելու, հասարակության շրջանում քրեական ենթամշակույթի նկատմամբ զրո հանդուրժողականության ապահովմանն ուղղված իրազեկման ծրագրերի  և այլնի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ քննարկվել են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի գործող ռազմավարության սպասվող փոփոխությունները, ինչպես նաև նախանշվել են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ապագա երկարաժամկետ ռազմավարության ուղղություններն ու թիրախները:

Համաժողովի ընթացքում Արտակ Կիրակոսյանը ներկայացրեց AISPIRA ծրագրի շրջանակներում մշակված ռազմավարական ուղենիշները, իսկ Արշակ Գասպարյանը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA) ծրագրի նպատակները և խնդիրները, ինչպես նաև առկա ռազմավարության խնդիրներն ու առաջարկվող փոփոխությունները։

Միջոցառումն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և AISPIRA ծրագրի համաֆինանսավորմամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության հիմնախնդիրները