Հայաստան․ փորձագիտական զեկույցը չպետք է կանաչ լույս լինի վնասաբեր հանքարդյունաբերությունը վերսկսելու համար

Երևան - Փարիզ. Անցած շաբաթ հրապարակվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի ջրային ռեսուրսների, երկրաբանության, կենսաբազմազանության և օդի որակի վրա շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ Հայաստանի կառավարության հանձնառությամբ իրականացված անկախ երրորդ կողմի երկար սպասված փորձագիտական գնահատականը, որը, հավանաբար, նպատակ ունի ճանապարհ հարթեցնելու ոսկու վնասաբեր հանքահանությունը վերսկսելու համար: Թեև զեկույցը մեկնաբանվել է որպես հաստատում նրա, որ Ամուլսարի հանքավայրը շրջակա համայնքներին չի հանգեցնի բնապահպանական և մարդկային առողջության ռիսկերի, զեկույցի բազմաթիվ եզրակացություններում նկարվում է մեկ այլ պատկեր ՝ հաստատելով հանքարդյունաբերական ընկերության ազդեցության գնահատման և մոնիթորինգի պլանում առկա խիստ թերացումները։

«Լիդիան Ինթերնեյշնլի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը հայտարարել էր. «Մենք [...] վստահ ենք, որ աուդիտը կհաստատի շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ «Լիդիանի» խիստ ուշադիր մոտեցումը»:

Մինչդեռ, աուդիտի զեկույցի ոչ ամբողջությամբ է պաշտպանում շրջակա միջավայրի պատասխանատու կառավարման վերաբերյալ Լիդիանի պնդումը։

Զեկույցը, ըստ էության, Լիդիանի կողմից իրականացված ՛շրջակա միջավայրի վրա ազդեցության նախորդ գնահատման (ՇՄԱԳ) վերանայումն է և հաշվի չի առնում նախագծի սոցիալական ազդեցությունը մարդու իրավունքների համատեքստում:

Չնայած զեկույցը բացառում է Ջերմուկի աղբյուրների ջրերի աղտոտման ռիսկը, այն միաժամանակ պարունակում է մի շարք մտահոգիչ եզրակացություններ ընկերության կողմից իրականացված և մշակված բնապահպանական գնահատման և մոնիթորինգի պլանի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ

  • «ՇՄԱԳ / ԲՍԱԳ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները՝ անվստահելի։ Հետևաբար հարցին, թե արդյոք հանքավայրի շահագործումը կարող է վերջնականապես համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել»։
  • «Միջոցների և ծրագրերի մի մասը մասնակի են, ունեն ոչ բավարար պաշտպանելիություն, և/կամ ոչ վստահելի են, ունեն անորոշության բարձր մակարդակ, մասնավորապես՝ տվյալների, մոդելների, մոդելների սիմուլացիաների, նախագծման հիմքերի և/կամ գնահատման թերի և վիճարկելի լինելու պատճառով։»
  • «Ապարների թթվագոյացման հավանականությունը սխալ է հաշվարկված»: «Առկա է բացահանքի արտահոսքի թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ջրերի կողմից ստորգետնյա ջրերի աղտոտման հստակ հավանականություն, հատկապես աղբյուրների մոտակայքում, որոնք կարևոր են ընտանի և վայրի կենդանիների համար»:
  • «Գնահատման մեջ ընդգրկված չէ ջրային պաշարներին պատճառած վնասը՝ հիմնվելով այն ենթադրության վրա, որ ոչ մի աղտոտում տեղի չի ունենա։ Այսպիսի հիմքով պոտենցիալ վնասի գնահատումն աննիրական է»։
  • «Աղետալի երկրածարժերը կարող են առաջացնել հանքի կոնտակտային ջրերի և բացասական ազդեցություն կրած ստորգետնյա ջրերի և մակերևութային արձակում Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, մասնավորապես՝ շահագործման փուլում, երբ մեծ քանակությամբ կոնտակտային ջրեր են կուտակվում ավազաններում։ Ջրերի նման արձակումը կաղտոտի մոտակա աղբյուրները և Արփա գետը։ Ազդեցությունների կարևորության աստիճանը Կեչուտի ջրամբարի, Որոտան և Դարբ գետերի վրա (և Սևանա լճի վրա) անորոշ է, քանի որ ԲՍԱԳ-ի մոդելները չեն գնահատում և քանակապես չեն չափում այդ ազդեցությունները»։

Աուդիտի զեկույցը, այսպիսով, հարցի տակ է դնում Լիդիանի ՇՄԱԳ-ի անցկացման եղանակի, հնարավոր ազդեցությունների գնահատման, և կազմակերպության կողմից այդ ազդեցությունների մոնիթորինգի համար առաջարկվող միջոցների վերաբերյալ։ Բացի այդ այն չի անդրադառնում Միջազգային ֆինանսական կորպորացիայի համապատասխանության պաշտպան-խորհրդականի 2017 թ․-ի զեկույցում մատնանշած խնդիրներին՝ կապված հողերի ձեռքբերման, ինչպես նաև տուժող համայնքների հետ պատշաճ խորհրդակցության բացակայության հետ, մասնավորապես՝ Ջերմուկ համայնքի հետ (որի վրա հանքարդյունաբերական գործունեությունը ունենալու է հիմնովին ազդեցություն)։

Այս պատճառներով այս աուդիտի զեկույցը, թեև տրամադրում է հավելյալ հետաքրքրություններ և օգտակար տեղեկատվություն, չի կարող դիտարկվել որպես պարզապես «կանաչ լույս» Ամուլսարի շրջանում ընկերության գործունեությունը շարունակելու համար։

Անցած տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Եթե պարզվի, որ Սևանա լճին, Ջերմուկի ջրերին և ջրամբարին վտանգ չի սպառնում, մենք թույլ կտանք, որ հանքը գործի, հակառակ դեպքում՝ մենք կընտրենք այլ ճանապարհ»։

Աուդիտի զեկույցը հաստատում է, որ Ամուլսարի ոսկու հանքի գործունեությունը բոլորովին անվտանգ չէ շրջակա միջավայրի և շրջակա համայնքների համար։

«Մենք հորդորում ենք վարչապետին հավատարիմ մնալու իր հայտարարությանը և Ամուլսարի և Հայաստանի բնությունն ու մարդկանց ավելի բարձր դասել ներդրողների շահերից»,- ասում է FIDH փոխնախագահ և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը։