«Մեմորիալ» հակախտրականության կենտրոնը նախաձեռնել է նոր արշավ՝ բոլոր աշխատանքները բոլոր կանանց համար

Մարտի 8-ը կանանց իրավունքների համար պայքարի միջազգային օրն է և նվիրված է կյանքի քաղաքական, տնտեսական ու սոցիալական ոլորտներում կանանց ձեռքբերումներին։ Ներկայումս Հայաստանում այս տոնը կորցրել է իր իսկական իմաստը ու վերածվել պարզապես բոլոր կանանց օրի, երբ տղամարդիկ նվերներ ու ծաղիկներ են նվիրում իրենց մայրերին, կանանց, քույրերին ու դստրերին: Ցավոք, դրա պատճառը այն չէ, որ կարիք չկա հիշելու հավասարության համար կանանց պայքարի մասին։ Իրադրությունը լիովին հակառակն է. Հայաստանի կառավարող էլիտան գերադասում է ականջալուր չլինել ժամանակի ու սոցիալական հավասարության հրամայականին` որպես ժողովրդավարության ու առաջընթացի նախապայման։ Այս երևույթը առավել ակնհայտ երևում է կանանց աշխատանքային կյանքում։ Ակնառու վկայություններից մեկը կանանց համար արգելված մասնագիտությունների ցանկի առկայությունն է։

Օրենքը (կառավարության 1994թ. նոյեմբերի 9 N 520 որոշումը) վերաբերում է անչափահասներին, հաշմանդամություն ունեցող անձանց, հղի և վերարտադրողական տարիքում գտնվող կանանց: Վերջին կատերգորիան հաջողությամբ սահմանափակում է դնում Հայաստանում բնակվող բոլոր կանանց վրա, քանի որ տրամաբանորեն ոչ ոք նոր մասնագիտություն չի սովորի իր "վերարտադրողական տարիքի" ավարտից հետո։ Այս ցանկը ներառում է շուրջ 400 անուն մասնագիտություններ, ինչը բավականին ազդեցիկ ցուցակ է: Ատաղձագործ, գնացքավար, պրոֆեսիոնալ վարորդ, ավտոբուսի վարորդ. սա միայն հայ տղամարդկանց թույլատրված աշխատանքների միայն մի փոքր մասն է:

Օրենքը նույնությամբ կրկնում է նմանատիպ ռուսական օրենքը և հանդիսանում է դրա՝ ուղղագրական սխալներով հագեցած, ոչ այնքան ճշգրիտ թարգմանությունը։ Առավել զավեշտալի փաստն այն է, որ Հայաստանում օրենքը մշակողները ցուցակը ոչ միայն չեն հարմարեցրել հայկական իրականությանը, այլև մասնագիտությունները չեն էլ դասակարգել այբբենական հերթականությամբ։ Ստացվում է, որ օրենքը գոյություն ունի հայերենով, սակայն մասնագիտությունները դասավորված են ռուսերենի այբբենական կարգով: Այսպիսով, այս ցանկի ու այս մոտեցման չեղարկմանն ուղղված մեր կողմից առաջ քաշվող փաստարկներից մեկը այն է, որ օրենքը հիմնված չէ տեղական ուսումնասիրությունների, սոցիալական կարիքների ու փաստացի տվյալների վրա։ Այն բոլորովին այլ երկրի օրենքի տառացի վերարտադրումն է:

Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կանանց և տղամարդկանց աշխատանքային հավասար իրավունքները: Մենք համոզված ենք, որ աշխատանքային իրավունքի լիարժեք կիրառման դեպքում ՀՀ Կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի կանանց համար արգելված մասնագիտությունների ցանկը և երաշխավորի բարձրագույն ուսումնական հաստատությունների կոնկրետ մասնագիտացումների համար դիմելու կանանց հավասար հնարավորությունները: Մայրության պաշտպանությունը չպետք է կանանց լրացուցիչ խոցելիություն հաղորդի աշխատանքի դիմելիս, մասնագիտություն ընտրելիս, կամ իրենց կարիերայում առաջ շարժվելիս: Կանայք պետք է ունենան տղամարդկանց հավասար հնարավորություններ գործունեության բոլոր ոլորտներում:

Այս խնդիրը լուծելու համար «Մեմորիալ» հակախտրականության կենտրոնը մեկնարկում է նոր արշավ, որը միտված է բոլոր կանանց համար բոլոր մասնագիտությունները հասանելի դարձնելուն՝ առանց օրենքով ամրագրված որևէ սահմանափակումների և արգելված մասնագիտությունների ցանկի: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հպարտ է արշավի մի մասը լինելու համար:

Կարդացեք ավելին՝All Jobs for All Women ADC Memorial

Այս ոլորտում ՔՀԻ գործունեության մասին ավելին` «Մեմորիալ» հակախտրականության կենտրոնի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հայտարարությունը

Աղբյուրը՝ ADC Memorial