NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Միջազգային հանրությունը պետք է աչք չփակի կոնֆլիկտային գոտիներում մարդու իրավունքների խնդիրների վրա
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 39-րդ համագումարի ժամանակ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանն ընտրվել է կառույցի փոխնախագահ: Համագումարի ժամանակ ընդունված հռչակագրերից մեկում անդրադարձ կա նաև իրադրությանն Արցախում: Ընդունված հռչակագրի նշանակության, ինչպես նաև FIDH-ի փոխնախագահի պաշտոնում նախատեսվող գործողությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանի հետ:
- Պարոն Կիրակոսյան, ի՞նչ նշանակություն ունի Հռչակագիրը կամ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:
- Այս հռչակագիրը նաև աշխատանքային ուղղություն է Ֆեդերացիայի համար վիճելի սուբյեկտներում մարդու իրավունքների խնդիրների շուրջ: Համագումարի ժամանակ, որպես ռազմավարական ուղղություն՝ ընդգծվեց չճանաչված կոնֆլիկտային գոտիներում աշխատանքի անհրաժեշտությունը, որովհետև այսօր, ըստ էության, շուրջ 4,5 միլիոն մարդ ապրում է այնպիսի իրավիճակում, երբ մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքն ամբողջովին չի աշխատում:
- Ի՞նչ մեխանիզմներ կարող են լինել ԼՂՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:
- Առաջին հերթին, պետք է գործեն տեղական մեխանիզմները: Մենք արդեն նոր օմբուդսմեն ունենք, և կարծում եմ՝ նա՝ որպես մասնագետ, ավելի արդյունավետ աշխատանք կծավալի:
Երկրորդ՝ ԼՂՀ-ն՝ որպես պետություն, միակողմանիորեն միացել է ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի մի շարք կարևորագույն կոնվենցիաների, և շատ կարևոր է, որ դրանք իսկապես ի կատար ածվեն, պետության կողմից դրանք գործի դնելու մեխանիզմներ մշակվեն: Այդպիսին, օրինակ, կարող են լինել ԼՂՀ-ի կողմից հրապարակային հաշվետվությունները ՀՀ-ի նմանությամբ: Եվրոպական դատարանի հետ աշխատելու որոշակի հնարավորություն ևս կա:
Մեր կարծիքով պետք է աշխատանք տարվի երկու կողմից: Առաջինը՝ ԼՂՀ իշխանությունների կողմից: Ստանձնելով այդ պարտավորությունները՝ անգամ չճանաչված պետությունները միջազգային ասպարեզում հանդես են գալիս որպես սուբյեկտ, որն ընդունակ է և կարող է միջազգային տարբեր նորմեր պահպանել:
Իսկ մյուս կողմից պետք է աշխատի նաև միջազգային հանրությունը, աչք չփակի կոնֆլիկտային գոտիներում մարդու իրավունքների խնդիրների վրա և աշխատի գործող իշխանությունների հետ:
- Հնարավոր մեխանիզմների շարքում դիտարկվո՞ւմ է արդյոք ԼՂՀ-ում ԵԽ ներկայացուցչության հիմնումը:
- Ես անձամբ խոսել եմ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ: Սա ևս պետք է երկկողմանի գործընթաց լինի: Քննարկումներ եղել են նաև ԼՂՀ Արտգործնախարարության, մարդու իրավունքների պաշտպանի հետ, որ որպես առաջին քայլ լինի Ստեփանակերտում ԵԽ տեղեկատվական կենտրոնի հիմնումը, որը հնարավորություն կտա ծանոթանալու ԵԽ գործունեության, փաստաթղթերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հետ և այլն: ԵԽ-ում սա ավելի շատ որպես տեխնիկական խնդիր էին ընկալում:
Կարծում եմ, որ սա լուծելի խնդիր է: ԼՂՀ իշխանությունները և հասարակությունը առաջին հերթին պետք է շահագրգռվածություն ցուցաբերեն նման տեղեկատվական կենտրոնի բացման հարցում: Չմոռանանք նաև, որ ՀՀ-ում ևս ԵԽ գրասենյակը հիմնվել է տեղեկատվական կենտրոնի հիմքի վրա: Նույնը կարելի է փորձել անել ԼՂՀ-ում: Արդյունավետ կլինի նաև ԵՄ-ի մասին տեղեկատվության տարածումը, համանման տեղեկատվական կենտրոնի ստեղծումը: Պետք է հող նախապատրաստել հետագա հարաբերությունների կառուցման համար:
- Որքանո՞վ են ԼՂՀ քաղաքացիական հասարակության ինստիտուտները ներգրավված միջազգային կազմակերպությունների ծրագրերում, ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել նրանց ներգրավվածությունը մեծացնելու համար:
- Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կոչերից մեկը, որն արտացոլված էր նաև ընդունված հռչակագրում, այն է, որ միջազգային հանրությունն աշխատի տեղական հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների հետ: Այդ մասնակցությունն այսօր շատ քիչ է: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ևս ջանքեր գործադրում է տարբեր ծրագրերում Ղարաբաղի գործընկերներին ներգրավելու համար:
Բայց այստեղ մեկ այլ խնդիր ևս կա: Չի կարելի հույս դնել միայն միջազգային հանրության վրա: Արդեն վաղուց հասունացած խնդիր է այն, որ լինեն Ղարաբաղի քաղհասարակության աջակցության ֆոնդեր նաև Հայաստանում: «Մեկ ազգ, երկու պետություն» սխեմայի մեջ չպետք է լինի «մեկ ազգ, երկու հասարակություն» երևույթը. ամեն ինչ պետք է անել Հայաստանի և ԼՂՀ-ի հասարակությունների ներդաշնակեցման համար:
- Ի՞նչ անելիքներ եք տեսնում Ձեզ համար Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում:
- Պատասխանատվությունս մեծացել է ամբողջ տարածաշրջանի համար, հիմնականում հետխորհրդային երկրների մասով: Կփորձեմ աջակցել Թուրքիայի մեր գործընկերներին, իրավապաշտպաններին՝ հաշվի առնելով այնտեղ տիրող ծանր վիճակը:
Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը հենց կոնֆլիկտային գոտիներն են և այնտեղ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները:
Քայլեր պիտի արվեն նաև պատերազմական իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանության խնդիրների հարցում, որովհետև այն արձագանքը, որ մենք ունեցանք ապրիլյան դեպքերի հետ կապված միջազգային հանրության կողմից պատերազմական հանցագործությունների մասով, շատ թույլ էր:
Սկզբնաղբյուրը՝ armedia.am