«Հետևողական ենք լինելու, որ ընտրախախտումների մեջ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»

2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան վարչական շրջանը և Նոր Նորքի մի հատվածը: ՔՀԻ դիտորդները տեղամասերում հերթափոխով դիտորդություն են իրականացրել առավոտյան 07:30-ից մինչև հաշվարկի ավարտը: Գործել է անվճար իրավական խորհրդատվության 080 080 804 թեժ գիծը:

Դիտորդներից խախտումների մասին հաղորդագրություն ստանալուց անմիջապես հետո դրանք հրապարակվել են ՔՀԻ ֆեյսբուքյան պաշտոնական էջում (https://www.facebook.com/csi.arm) և Մարդու իրավունքները Հայաստանում կայքում (http://hra.am/hy/events/2015/12/06/referendum): Դիտարկման արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն առաջիկայում:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը գրանցել է բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ դիտորդների և լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքեր, նրանց նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ: Դիտորդներն արձանագրել են ուղղորդման մի շարք դեպքեր, ինչպես նաև՝ կրկնակի քվեարկության փորձեր և ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր: Հավելենք, որ տեղամասային հանձնաժողովի նախագահները ոչ բոլոր դեպքերում են արձանագրել դիտորդների բարձրաձայնած խախտումները կամ քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ:

Հրապարակված խախտումների հիման վրա ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում և Ոստիկանությունում 30-ից ավելի դրվագներով նյութեր են նախապատրաստվում, և ՔՀԻ դիտորդները բացատրություններ են տալիս:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հետևողական է լինելու, որպեսզի արձանագրված խախտումները պատշաճ քննվեն, և մեղավորները օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ