Լեռնային Ղարաբաղ. Իրավիճակի գնահատում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կողմից

Լեռնային Ղարաբաղ. հակամարտության մեջ գտնվող երկու կողմերի տուժած քաղաքացիական անձինք սպասում են խաղաղության և արդարադատության

Խորհրդային Միության փլուզումից հետո, վերջին երեսուն տարիների ընթացքում տարածաշրջանի առավել աղետալի հակամարտություններից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի[1] կարգավիճակի շուրջ հակամարտությունը, շարունակում է մարդկային կյանքեր խլել: 2016 թվականի ապրիլին բռնության էսկալացիայից հետո, որը ամենաթեժն էր 1994 թվականի հրադադարից հետո, ինչպես նաև 2016 թվականի մայիսին Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների միջև Վիեննայում տեղի ունեցած դռնփակ հանդիպումից հետո կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարի խախտումների և խաղաղության հասնելու գործում առաջընթաց չարձանագրելու համար:

2016 թվականի ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում (Հարավային Կովկաս) և դրա շուրջ մարտական գործողությունների նոր ալիքը մի քանի տասնյակ մարդկային կորուստների պատճառ դարձավ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում: Զոհերի ճշգրիտ թիվը հնարավոր չեղավ հաստատել անկախ աղբյուրներից: Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պաշտպանության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 2-5-ը 92 անձ է սպանվել, ներառյալ` 4 քաղաքացիական անձինք[2]: Ավելի ուշ հաստատվեց ևս մեկ անհայտ կորած սպայի մահվան փաստը, և զոհերի թիվը հասավ 93-ի[3]: Ադրբեջանական կողմը հաղորդել է նույն ժամանակահատվածում 6 քաղաքացիական անձանց[4] և 31 զինվորական ծառայողների[5] սպանված լինելու մասին:

2016 թվականի ապրիլին տեղի ունեցած բռնի գործողությունների այս լուրջ ակտիվացումն առաջինը չէր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կազմավորման և Ադրբեջանի միջև 1994 թվականին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրից հետո: Քանի որ դրան չհաջորդեց հակամարտության խաղաղ կարգավորումը, և՛ Լեռնային Ղարաբաղի շփման գծի, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի թիվը տարիների ընթացքում աճեց: 2014-2015 թվականներին ամեն օր տեղի են ունեցել գնդակոծություններ և բռնի գործողություններ՝ իրավիճակի մի քանի լուրջ սրացումներով, որոնց արդյունքում սպանվեցին տասնյակ զինծառայողներ, վիրավորվեցին կամ սպանվեցին քաղաքացիական անձինք, վնասվեց քաղաքացիական անձանց պատկանող գույքը: Ըստ հրապարակված տվյալների, անցած տարվա ընթացքում քաղաքացիական զոհերը հիմնականում եղել են հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի գնդակոծության պատճառով, մինչդեռ մարտական կորուստները հիմնականում գրանցվում են Լեռնային Ղարաբաղի սահմանին:

Չնայած լայնամասշտաբ պատերազմի վերածվելու մշտական վտանգին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպառազինման՝ մտահոգություններ առաջացնող մրցավազքին, հակամարտությունը շարունակում է միջազգային հանրության մոտ սահմանափակ հետաքրքրություն առաջացնել: Այս գործոնը, ինչպես նաև հրադադարի պահպանման մշտական մոնիթորինգի մեխանիզմի բացակայությունը և հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի վերաբերյալ քննության չիրականացումը հանգեցրեցին նրան, որ 2016 թվականի ապրիլի 2-5-ին տեղի ունեցավ ռազմական գործողությունների նոր բռնկում: Ապրիլի 5-ին ձեռքբերված և 2016 թվականի մայիսին Վիեննայում վերահաստատված հրադադարի պահպանման մասին բանավոր պայմանավորվածությունը, ինչպես հաղորդվում է, երկու կողմերն էլ ամեն օր խախտում են՝ իրավիճակը դարձնելով առավել անկայուն: Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո Պաշտպանության նախարարության հաղորդած և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաստատված տվյալների համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով առնվազն 17 ԼՂ դե ֆակտո զինծառայող է սպանվել[6]: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է ապրիլի 5-ից հետո ԼՂ շփման գծում առնվազն 5 զինծառայողի[7] մահվան մասին: Եթե միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկի, ապա վտանգ կա, որ հակամարտությունը կդառնա լայնածավալ՝ հանգեցնելով նոր քաղաքացիական կորուստների և Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների՝ միևնույն ժամանակ սրելով տարածաշրջանում չափազանց անկայուն իրավիճակը:

Միջազգային անկախ դիտարկման բացակայության պատճառով կա հավաստի աղբյուրների պակաս, ինչի հետևանքով ասեկոսեներ և քարոզչություն է տարածվում զոհերի թվի և կարգավիճակի մասին: FIDH-ը բազմակողմանիորեն ուսումնասիրել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական աղբյուրները և, հիմնվելով երկու կողմերի հաստատած թվերի և փաստերի վրա, ճշգրիտ է համարում ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերի կողմից քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորման դեպքերի մասին տեղեկատվությունը:

Հարձակումներ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա

Քաղաքացիական զոհերի և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ դպրոցների թիրախավորման մասին հաղորդումներն փաստում են այնպիսի իրավիճակի մասին, որը միջազգային իրավունքի տեսանկյունից կարող է որակվել որպես անհամաչափ և անօրինական հարձակում: Այս մտահոգությունները հաստատվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնի կողմից՝ 2016 թվականի հունիսի 13-ի ելույթում[8]:

Ադրբեջանական կողմը հաղորդել է, որ հարձակումների արդյունքում լուրջ վնաս է պատճառվել մասնավոր սեփականությանը և հանրային ենթակառուցվածքներին: Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության, 232 մասնավոր տուն, 99 էլեկտրական սյուն, 3 էլեկտրաենթակայան, ջրատար և գազատար խողովակաշարերի նշանակալի հատվածներ ոչնչացվել են: Հաղորդվում է, որ հեռակառավարվող հրթիռներով թիրախավորվել են դպրոցներ, հիվանդանոցներ և սոցիալական հաստատություններ, այդ թվում`պաշտամունքի վայրեր[9]:

Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները, որոնք ստանում են ՀՀ կառավարության աջակցությունը, նույնպես հաղորդել են ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց հասցված էական վնասների մասին[10], որը հանգեցրել է քաղաքացիական անձանց զանգվածային տեղահանման Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում[11]: Դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Գլխավոր դատախազությունը հաղորդել է ռազմական էսկալացիայի արդյունքում որպես տուժող ճանաչված 550 քաղաքացիների մասին[12]: Երկու կողմերն էլ հաղորդել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին, որոնց թվում կան երեխաներ[13],, ինչպես նաև՝ վիրավորների, այդ թվում՝ վիրավորված երեխաների մասին[14]: Հաշվի առնելով շարունակական հրետակոծությունների պատճառով ձգձգվող անկայուն իրավիճակը և սեփականությանը հասցվող վնասները՝ շատերը շարունակում են մնալ տեղահանված: 2016 թվականի. հունիսի 20-ին տարածած հաղորդագրության մեջ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը հայտարարել է, որ թեև գնալով ավելի մեծ թվով տեղահանված անձինք են վերադառնում իրենց բնակության վայրեր, սակայն ՄԱԿ-ը շարունակում է օգնություն տրամադրել առնվազն 1429 անձանց, ովքեր շարունակում են տեղահանված մնալ դե ֆակտո Լեռնային Ղարաբաղից[15]: Տեղահանված համայնքներին անհրաժեշտ է մարդասիրական պաշտպանություն, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց բնակության վայրեր:

FIDH-ը հիշեցնում է, որ ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է խուսափեն ռազմական էսկալացիայից: Ցանկացած դեպքում և անկախ այն հանգամանքից, որ այդ տարածքի կարգավիճակը ճանաչված չէ կամ որ առկա է շարունակվող զինված ընդհարում, բոլոր կողմերը պետք է մշտապես տարբերակում դնեն քաղաքացիական անձանց և կոմբատանտների, քաղաքացիական և ռազմական օբյեկտների միջև, որպեսզի ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը և նրանց սեփականությունը պաշտպանեն հարձակումներից: Մարդկանց որպես կենդանի վահան օգտագործելը բացարձակապես և անվերապահորեն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի թե՛ պայմանագրային, թե՛ սովորութային նորմերով:

Վերաբերմունքը քաղաքացիական անձանց, նրանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց (hors de combat) և մահացածների նկատմամբ

Հրապարակված որոշ մարդկային կորուստներ հնարավոր է, որ տեղի ունեցած լինեն կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու և զինված հարձակման հետևանքները քաղաքացիական բնակչության համար ճիշտ չգնահատելու պատճառով, այդուհանդերձ, ըստ հրապարակված տվյալների, Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի առնվազն երեք տարեց քաղաքացիական անձինք կանխամտածված սպանվել են և նրանց մարմինները խեղվել են, երբ ադրբեջանական զորքերը մտել են գյուղ և վերահսկողության տակ վերցրել այն[16]: Վերը նշված երեք քաղաքացիական անձանց ականջները կտրվել են: Խաղաղ բնակիչների սպանությունն արգելված է ինչպես Ժնևի կոնվենցիաներով, այնպես էլ Միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերով: Քաղաքացիական անձանց սպանությունը և նրանց կամայականորեն կյանքից զրկելն արգելված է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերով, և այս արգելքը վերապահումներ թույլ չի տալիս, հետևաբար կիրառելի է բոլոր ժամանակներում[17]:

2016 թվականի ապրիլի 4-ին հաղորդվեց, որ ադրբեջանական զինված ուժերը գլխատել են ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի ազգությամբ եզդի զինվոր Քյարամ Սլոյանին, ով սպանվել է մարտի ժամանակ: Ավելի ուշ, նրա կտրված գլխի նկարները և տեսանյութը հայտնվեցին սոցիալական ցանցերում: Երևում էր, որ զինվորները և քաղաքացիական անձինք նրա գլուխը վեր էին պարզել՝ որպես ռազմական ավար և հաղթական գործողության ապացույց: Հետագայում հաղորդվեց ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի երկու այլ գլխատված զինվորների մասին: Բոլոր երեք դեպքերում ընտանիքները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան[18]:

Ըստ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո Մարդու իրավունքների պաշտպանի[19], Քյարամ Սլոյանի գլուխը վերադարձվել է և հուղարկավորվել նրա մարմնի կողքին, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել մյուս երկու զինվորների գլուխները վերադարձնելու ուղղությամբ: Բացի ազգային և միջազգային իրավունքով բացարձակապես արգելված լինելուց, նման անմարդկային վերաբերմունքը միայն ամրապնդում է ազգամիջյան ատելությունը և նպաստում է ընդհարման հետագա էսկալացիային:

2016 թվականի ապրիլի 8-ին, 9-ին, 10-ին[20] և 20-ին[21] Կարմի խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ կողմերը միմյանց հանձնեցին շփման գծի երկայնքով տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինները: ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի առնվազն 18 զինծառայողի մարմին է վերադարձվել հայկական կողմին[22]: Հաղորդվել է, որ հանձման պահին մարմինները եղել են խեղված[23]։ Այս պահի դրությամբ հնարավոր չի եղել անկախ աղբյուրի միջոցով հաստատելու խեղման մասին հաղորդումները, ինչպես նաև՝ արդյո՞ք նրանք խոշտանգման են ենթարկվել կենդանության օրոք: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են հայկական ուժերի կողմից իրականացված նմանատիպ հանցագործությունների մասին՝ նշելով, որ հայկական կողմը հրաժարվել է վերադարձնել ադրբեջանցի սպանված զինվորի մարմինը[24]: Հնարավոր չի եղել անկախ աղբյուրի միջոցով հաստատելու այս հաղորդումները, և ոչ էլ ԿԽՄԿ է հրապարակավ հաստատել այս տեղեկությունները:

Զինված ընդհարման ժամանակ ակտիվորեն տարածվող չստուգված և ոչ հավաստի տեղեկատվությունն էլ ավելի է սրում իրավիճակը և ևս մեկ անգամ ապացուցում է, որ անկախ միջազգային մոնիթորինգ և հետաքննություն է անհրաժեշտ:

Եթե այս հաղորդումները ճշգրիտ են և կհաստատվեն, ապա դրանք վկայում են պատերազմական հանցագործությունների մասին։ Խոշտանգումը, վատ վերաբերմունքը և մահացածների մարմինների խեղումը խստիվ արգելված է և՛ միջազգային մարդասիրական իրավունքի պայմանագրային, և՛ սովորութային նորմերով: FIDH-ը հորդորում է երկու կողմերին նշված ենթադրյալ խախտումների վերաբերյալ իրականացնել անկողմնակալ քննություն, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և համագործակցել միջազգային միջնորդների հետ՝ զինծառայողների մարմիններն ընտանիքներին վերադարձնելու նպատակով:

FIDH-ն ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերին կոչ է անում.

  • հարգել և կիրառել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերը,
  • լիարժեք ապահովել ընդհարումից տուժած մարդկանց կյանքի և անվտանգության իրավունքը,
  • պատասխանատվության ենթարկել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների համար բոլոր պատասխանատուներին և պայքարել անպատժելիության դեմ,
  • հարգել 1994 թվականի հրադադարը, զերծ մնալ ուժի կիրառումից, չխրախուսել այն, վերջ դնել տարածաշրջանում սպառազինության մրցավազքին,
  • զերծ մնալ ատելություն և պատերազմ քարոզելուց,
  • հակամարտության գոտում թույլատրել անկախ փաստահավաք առաքելության իրականացումը և առաքելության խմբի անդամների համար ապահովել ընդհարումից տուժած վայրերի և մարդկանց լիարժեք հասանելիություն։

FIDH-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:

FIDH-ը կոչ է անում Ադրբեջանին վավերացնել 1949 թվականի Ժնևի կոնվենցիաներին կից երկու Լրացուցիչ արձանագրությունները (1977թ.):

[1]Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը չլուծված վեճի առարկա է Ադրբեջանի, որի իրավական սահմաններում է այն գտնվում, և տարածքում բնակվող հայ ազգային մեծամասնության միջև, որին աջակցում է հարևան Հայաստանը: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը կորցրել է 1988 թվականին արյունալի պատերազմի բռնկումից հետո։ 1994 թվականին ստորագրած հրադադարից հետո դե ֆակտո պետությունը ստանում է Հայաստանի աջակցությունը, բայց պաշտոնապես չճանաչվեց նրա կողմից:

[2]Տե՛ս ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 13.04.2016թ. հրապարակված պաշտոնական տեղեկատվությունը http://www.mil.am/hy/news/3990 (հասանելի է միայն հայերենով): Տե՛ս նշված տեղեկատվության անգլերեն թարգմանությունը հայկական լրատվամիջոցներում 13.04.2016թ.՝ http://news.am/arm/news/322142.html

[3]Տե՛ս «Հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը պարզվել է», 20.04.2016թ.,
https://armenpress.am/arm/news/844286/body-of-armenian-soldier-transferr....

[4]Տե՛ս «Տեղեկատվություն Հայաստանի կողմից միազգային մարդասիական իրավունքի խախտումների վերաբերյալ 2016թ. ապրիլի 2-ից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված ընդհարման ակտիվացման համատեքստում, 06.04.2016թ., http://www.mfa.gov.az/news/879/4030

[5]Տե՛ս «Բաքուն հաղորդել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 31 զինվորի մահվան մասին» (ռուսերեն), 6.04.2016թ., http://www.kavkaz-uzel.ru/articles/280377/: Տե՛ս նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը՝ «Վերջին նորությունները առաջնագծում իրավիճակի մասին», 02.04.2016թ. (ադրբեջաներեն, հաստատում 12 զոհված զինվորի մասին), http://mod.gov.az/index2.php?content=news/2016/20160402_melumat_cebheson, «Վերջին նորությունները առաջնագծում իրավիճակի մասին», 04.04.2016թ., http://mod.gov.az/index2.php?content=news/2016/20160404_cebheson#ru, «Վերջին թարմ նորությունները առաջնագծից», 05.04.2016թ., http://mod.gov.az/index2.php?content=news/2016/20160405_melumat_cebhe

[6]ՀՀ պաշտպանության նախարարության (mil.am) և ԼՂ պաշտպանության բանակի (nkrmil.am) կայքերում հրապարակված պաշտոնական մամուլի հաղորդագրությունների հիման վրա hra.am-ի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն, http://new.csi.am/hy/events/2016/05/31/NKR

[7]Տե՛ս Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ «Զինվորներ են սպանվել» (ադրբեջաներեն), 03.05.2016թ., http://mod.gov.az/index2.php?content=arxiv/2016/may-16%; «Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող է զոհվել», 08.05.2016թ., http://mod.gov.az/index2.php?content=news/2016/20160508_shehid; «Ադրբեջանի Զինված ուժերի վիրավոր զինծառայողը մահացավ», 09.05.2016թ., http://mod.gov.az/index2.php?content=news/2016/20160509_shehid; «Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող է զոհվել», 13.05.2016թ., http://mod.gov.az/index2.php?content=news/2016/20160513_shehid#en; «Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողը զոհվել է Հայաստանի կողմից հադադարի խախտման արդյունքում, որը չի կարևորում հակամարտության բանակցությունները», 17.05.2016թ., http://mod.gov.az/index2.php?content=news/2016/20160517_shehid

[8] «Ատելությունը շարունակում է գերիշխել». Մարդու իրավունքների խորհրդի 32-րդ նստաշրջանում Գերագույն հանձնակատարի գլոբալ անդրադարձը, 13.06.2016, http://www.ohchr.org/EN/NewsEvents/Pages/Media.aspx#sthash.YYDsS1NA.dpuf:

[9]Տե՛ս «Տեղեկատվություն Հայաստանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ 2016թ. ապրիլի 2-ից սկսած Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված ընդհարման ակտիվացման համատեքստում» (հասանելի է անգլերենով), 06.04.2016թ., http://www.mfa.gov.az/news/879/4030

[10]Դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձանագրել է գազատար խողովակին և բնակելի տներին հասցված վնասը: Տե՛ս http://www.ombudsnkr.am/Interim_Public_Report_NKR_Omb_FINAL.pdf, էջ 19-20: Ըստ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո Գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանի՝ 850 անձանց պատճառվել է գույքային վնաս և հոգեբանական տրավմա, Լեռնային Ղարաբաղում վնասվել է ավելի քան 300 տուն, մեկ եկեղեցի, 4 դպրոց, 3 մանկապարտեզ, գյուղացիական տնտեսություններ, վարչական շենք-շինություններ, էլեկտրակայաններ, գազի խողովակներ և այլն՝ http://news.am/arm/news/334484.html

[11]Տե՛ս «Առնվազն 3000 Արցախի բնակիչ է տարհանվել մարտական գործողությունների պատճառով, ասում է Կարմիր Խաչի ներկայացուցիչը» (անգլերեն), 05.04.2016թ., http://hetq.am/eng/news/67076/at-least-3000-artsakh-civilians-evacuated-... 2016թ. ապրիլի 11-ին թողարկված հաղորդագրության մեջ ՄԱԿ ՓԳՀ-ն հաղորդում է, որ Լեռնային Ղարաբաղում «հարյուրավոր տեղահանված մարդկանց մասին»: «ՄԱԿ-ի ՓԳՀ-ն պաշտպանության միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով տեղահանվածների համար», http://www.unhcr.ie/news/irish-story/unhcr-seeks-protection-for-those-di....

[12] «ԼՂ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Ղարաբաղի ավելի քան 550 բնակիչ է տուժել ադբեջանական ագեսիայից», 28.04.2016թ. http://www.panarmenian.net/rus/news/211275/

[13] Ապրիլի 6-ի դրությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է 6 քաղաքացիական անձանց մահվան մասին՝ ներառյալ մինչև 16 տարեկան 2 երեխա, և 26 վիրավորված քաղաքացիական անձի մասին, տե՛ս «Տեղեկատվություն Հայաստանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ 2016թ. ապրիլի 2-ից սկսած Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված ընդհարման ակտիվացման համատեքստում», 06.04.2016թտե՛ս http://www.mfa.gov.az/news/879/4030: Ապրիլի 13-ի դրությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է 4 քաղաքացիական անձի մահվան մասին, տե՛ս Տողատակ 2.

[14] Հայկական կողմը հաղորդել է 2 երեխայի վիրավորման մասին, տե՛ս "Հայաստանի հայտարարությունը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի՝ Քաղաքակրթությունների Ալյանսի Ֆորումի վերաբերյալ (անգլերեն), 20.06.2016թ., http://www.mfa.am/en/interviews/item/2016/04/20/stat_unaoc/ և «Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված երեխաների առողջական վիճակը գնահատվում է կայուն» (անգլերեն), 03.04.2016թ., http://www.panarmenian.net/eng/news/209503/.

[15] Տե՛ս Հայաստանում ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցչի 20.06.2016թ. հայտարարությունը, http://www.un.am/hy/news/441

[16] Տե՛ս «Ադրբեջանցի զինվորականները Արցախում սպանել են հայ տարեց ամուսինների, հետո կտրել նրանց ականջները» (անգլերեն), 03.04.2016թ., http://hetq.am/eng/news/66976/azerbaijani-soldiers-execute-elderly-armen... Տե՛ս նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե ֆակտո Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործերի ցանկը: Ցանկը ներառում է նշված տարեց ամուսինների (Խալաֆյան Վալերիկ Վարդանի և Խալաֆյան Մարուսյա Արսիի) սպանության կապակցությամբ հարուցված երկու քրեական գործերը, genprocnkr.am/2011-02-18-09-13-34/2011-02-18-09-17-55/564-2016-04-14-06-04-15

[17] Տե՛ս Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր, Հոդված 6(1) և 4(2).

[18] Տե՛ս «Արտակ Զեյնալյան, գլխատված զինվորների ընտանիքները դիմել են ՄԻԵԴ», 25.04.2016թ., http://www.panorama.am/en/news/2016/04/25/Artak-Zeynalyan/1568852.

[19] Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո Մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույց, http://www.eoi.at/d/Presse/Nagorno%20Karabakh/Interim_Public_Report_NKR%...

[20] Տե՛ս «ԼՂՀ․ ԿԽՄԿ-ն աջակցում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների հայտնաբերմանը և հանձնմանը», 10.04.2016թ․, https://www.icrc.org/en/document/nagorno-karabakh-icrc-facilitates-retri...

[21] Տե՛ս «ԼՂՀ․ ԿԽՄԿ-ն աջակցում է շփման գծում հայտնաբերված զոհվածների մարմինների հանձնմանը», 20.04.2016թ․, https://www.icrc.org/en/document/nagorno-karabakh-icrc-facilitates-trans....

[22] Տե՛ս ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը, http://www.mil.am/hy/news/3983

[23] Տե՛ս ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունը (անգլերեն), 11.04.2016թ․, http://www.nkr.am/hy/news/2016-04-11/806/

[24] Տե՛ս «Հայաստանը հրաժարվում է վերադարձնել ադրբեջանցի մահացած զինվորի մարմինը» (անգլերեն), 17․04․2016թ։, http://www.azernews.az/aggression/95385.html