«Հանրային աշխատանք» պատժատեսակի ներդրման և կիրառման միջազգային փորձը

«Հանրային աշխատանքները» դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում իրականացվող, չվարձատրվող, հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է դատապարտյալի կողմից։

Նախորդ հրապարակմամբ արդեն անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ «հանրային աշխատանք» պատժատեսակի ներդրման և կիրառման պրակտիկային:

Հանրային աշխատանքները, անկախ տարբեր երկրների օրենսդրական կարգավորումների առանձնահատկություններից, հետապնդում են հետևյալ միասնական նպատակները.

• հասնել անձի ուղղմանը՝ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ոչ թե պատժելու միջոցով,

• հասնել կրկնահանցագործությունների թվի նվազմանը՝ առանց անձին իր ընտանիքից և շրջապատից մեկուսացնելու և հետագայում հասարակություն վերաինտեգրվելու խնդիր առաջացնելու,

• վերականգնել հասարակությանը պատճառված վնասը,

• լուծել բանտերի բեռնվածության խնդիրը,

• խնայել պետության ֆինանսական և մարդկային ռեսուրսները։

Այս պատժատեսակը բավականին արդյունավետ կիրառվում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Շվեդիայում և այլ երկրներում: Ստորև կներկայացնենք մի քանի երկրների փորձն այս ոլորում:

ԱՄՆ

Հանրային աշխատանքներն առաջին անգամ սկսել է կիրառվել ԱՄՆ-ի Ալամեդա վարչական շրջանում 1966 թվականից՝ որպես ճանապարհային երթևեկության խախտումների համար նախատեսված պատժատեսակ։ Հետագայում այն տարածվել է ամբողջ ԱՄՆ-ում, և ներկայումս կիրառվում է հիմնականում որպես ոչ մեծ հանցանքների համար նշանակվող լրացուցիչ պատիժ և շատ հազվադեպ՝ որպես հիմնական պատիժ։

Ի տարբերություն ԱՄՆ–ի, Եվրոպայում հանրային աշխատանքները մեծամասամբ ունեն պատժողական նշանակություն և կիրառվում են որպես հիմնական պատիժ։

Շվեյցարիա

Շվեյցարիայում հանրային աշխատանքները, որպես պատժատեսակ, քրեական օրենսգրքով նախատեսվել են 1971թ.: Սկզբում այս պատժատեսակը կիրառվում էր միայն անչափահասների նկատմամբ` որպես հիմնական պատիժ: Հետագայում այն կիրառվեց նաև չափահասների նկատմամբ` որպես լրացուցիչ պատիժ:

Փաստորեն, Շվեյցարիայի քրեական օրենսգիրքն առաջինն է Եվրոպայում, որ հանրային աշխատանքները սկսել է կիրառել որպես հիմնական պատիժ:

Շվեդիա

Շվեդիայում հանրային աշխատանքները կիրառվում է այն դատապարտյալների նկատմամբ, ում նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում է կայացվել: Այս պետությունում հանրային աշխատանքների տևողությունը սահմանված է 40-ից 200 ժամ:

Դատարանը, հանրային աշխատանքներ նշանակելով, որոշում է դրա ժամկետը` հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունը, ինչպես նաև նշում է ազատազրկման այն ժամկետը, որը կարող է նշանակվել դատապարտյալի նկատմամբ, եթե նա չարամտորեն խախտի հանրային աշխատանքների կատարման պայմանները: Աշխատանքների բնույթն ու տեղը որոշվում են պրոբացիոն ծառայության կողմից, հսկողությունը նույնպես իրականացնում է այս ծառայությունը:

Գերմանիա

Հանրային աշխատանքները, որպես պատժատեսակ Գերմանիայի օրենսդրության մեջ ամրագրվել է 1975թ. և կիրառվել է միայն հարկերը չվճարելու համար մեղավոր ճանաչվելու դեպքում։

Ֆրանսիա

Ֆրանսիայում հանրության օգտին չվճարվող աշխատանք կատարելու մասին Ակտն ընդունվել է 1984թ.-ին։ Այն կոչվում է «աշխատանք ի շահ հասարակության» և կիրառվում է դատապարտյալի համաձայնությամբ:

Ֆրանսիայում հանրային աշխատանքների տևողությունը սահմանված է 40-ից 240 ժամ: Այն կիրառելի չէ այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում արդեն դատապարտվել են 4 և ավելի ամսվա ազատազրկման։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ֆրանսիայում հանրային աշխատանքները կիրառման որոշումների մոտ 60%-ը կայացվում են կողոպուտի և գողացված իրերը թաքցնելու դեպքերի վերաբերյալ, իսկ հանրային աշխատանք իրականացնողների 75%-ից ավելին մինչև 30 տարեկան չամուսնացած և գործազուրկ երիտասարդ տղամարդիկ են:

Հանրային աշխատանքների կիրառումից անմիջապես հետո ազատազրկման դատապարտվածների թիվը կրճատվեց` 90 հազարից հասցնելով 80 հազարի: 1994թ.-ին հանրային աշխատանքներ կատարելու վերաբերյալ 21.000 որոշում է կայացվել Ֆրանսիայում:

Ֆինլանդիա

Ֆինլանդիայում հանրային աշխատանքները սկսեցին փորձնական կիրառել 1991թ.-ից: Այն նշանակվում էր մինչև 8 ամսվա ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, հիմնականում՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։ Իսկ 1994-ից պատժատեսակն ավելի լայն կիրառում ստացավ:

Լատվիա

Լատվիայում հանրային աշխատանքների ներդրումից հետո այդ պատժատեսակի կիրառման թիվը 3 տարվա ընթացքում աճել է մի քանի անգամ՝ 1.4%-ից դառնալով 8%: Իսկ ներկայումս դատարանի կողմից կայացվող ընդհանուր դատավճիռների մոտ 10%-ում կիրառվում է հանրային աշխատանքներ պատժատեսակը:

Անգլիա

Այնուամենայնիվ, Եվրոպայում հանրային աշխատանքների ոլորտում ամենամեծ փորձով առանձնանում է Անգլիան։ Առաջին անգամ այս համակարգն Անգլիայում գործարկվել է 1972 թվականին, Քրեակատարողական համակարգի խորհրդատվական մարմնի առաջարկությամբ։

1991-ին ուժի մեջ է մտել նոր իրավական ակտ, որը կարգավորում էր հանրային աշխատանքների կիրառումը: Փաստաթղթի հիմքում ընկած էին հետևյալ սկզբունքները. 

• հանրային աշխատանքները պետք է դիտարկվեն որպես ազատազրկման իրական այլընտրանք, որը կարող է տարածվել նաև ավելի լուրջ հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, 

• աշխատանքը պետք է օգտակար լինի հասարակության համար, 

• հանրային աշխատանքներ կարող են նշանակվել 40-240 ժամ տևողությամբ, շաբաթական ժամաքանակը չպետք է գերազանցի 21 ժամը,

• հանրային աշխատանքի պայմանների խախտումների նկատմամբ տարվող քաղաքականությունը պետք է լինի խիստ, հետևողական և կանխատեսելի, կարողանա պահպանել և՛ դատարանների, և՛ հանրության վստահությունը, 

• մի քանի անգամ աշխատանքների չներկայանալու դեպքում անձը պետք է կրկին անգամ ներկայացվի դատարան, 

• այն փաստը, որ նախկինում անձի կողմից խախտվել են հանրային աշխատանքների կարգի պայմանները, հիմք չեն հանդիսանում հանրային աշխատանքների մեջ ներգրավվելու մասին նոր դիմումը քննության չառնելու համար:

Արդարադատության իրականացման ժամանակակից միտումները տանում են դեպի այլընտրանքային պատժամիջոցների կիրառման ընդլայնում և անցում վերականգնողական արդարադատությանը: Մեծ Բրիտանիան այս ոլորտի առաջատարներից է, որը նաև առաջինը առաջարկեց պրոբացիայի ծառայության մոդելը: Հետևելով Մեծ Բրիտանիայի հաջող փորձին, Նիդեռլանդներում 1981 թվականին նույնպես ներդրվեց համայնքային ծառայություն՝ փորձելով նվազեցնել ազատազրկման կիրառումը թեթև հանցագործությունների համար: Հետագայում այս երկրների դրական պրակտիկան դրվեց տարբեր երկրների օրենսդրական կարգավորումների հիմքում, կիրառման գործընթացում զարգացում ապրեց։

Ներկայումս այլընտրանքային պատժամիջոցների կիրառման վերաբերյալ մոտեցումները կարգավորվում են մի շարք միջազգային փաստաթղթերով, որոնցից է Ազատազրկման հետ կապ չունեցող միջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի չափորոշիչ կանոնները (Տոկիոյի կանոններ): Այս փաստաթուղթը սահմանում է ազատությունից զրկելու հետ չկապված, այլընտրանքային պատժամիջոցների կիրառության խթանման հիմնական և կարևորագույն սկզբունքները:

Կան նաև այլ միջազգային փաստաթղթեր՝ ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի թիվ 1998/23 հանձնարարականը՝ կից Համայնքային ծառայության վերաբերյալ Կադոմայի Հռչակագիրը, Եվրոպայի Խորհրդի Համայնքային պատիժների և միջոցների եվրոպական կանոնների վերաբերյալ Հանձնարարական R (92) 16-ը, Եվրոպայի խորհրդի թիվ (2000) 22 հանձնարարականը համայնքային պատիժների և միջոցների իրականացման զարգացման վերաբերյալ, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի՝ Պրոբացիոն կանոնների վերաբերյալ հանձնարարականը: